Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
Հասարակություն
27.10.2026 | 09:38
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով վերաբացված քրեական վարույթի շրջանակում վերջին մեկ տարում կատարվել են շուրջ 10 հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ, առգրավվել ու ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ իրականացվել են նաև փաստաթղթերի զննումներ, տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու երեք հանձնարարություններ, ինչպես նաև իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։
Մասնավորապես՝
– Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։
– Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։
– Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։
– Կատարվել են փաստաթղթերի զննումներ։
– Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։
– Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։
– Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։
Նախաքննությունն ընթացքի մեջ է»։

