«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Հասարակություն
27.10.2026 | 09:54
«Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի և «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանի մասնակցությամբ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին հիվանդանոցում երեխային տեսակցելու շուրջ ծագած ընտանեկան վեճի լուծմանը, ըստ նախաքննական մարմնի, ներգրավվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձինք։ Դեպքի առթիվ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողութունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Զապ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ա․Ս․-ն, 2026 թվականի սեպտեմբերի 21-ին անձի կողմից իրեն դիմելու արդյունքում տեղեկանալով, որ իր նախկին փեսան՝ Է․Մ․-ն թոռան առողջական խնդիրներով պայմանավորված՝ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է դստեր և բժշկական անձնակազմի հետ, ձեռնամուխ է եղել պետական իրավական մեխանիզմներից դուրս՝ հեղինակության, ազդեցության, ինչպես նաև ապօրինի ներգործության միջոցների օգտագործմամբ մասնավոր վեճի լուծմանը, որին ներգրավվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի Գ․Մ․-ն։
Վերջինս ստանձնելով Ա․Ս․-ին դիմած և վերջինիս կողմից իրեն պատվիրակված անձի մասնավոր հարցերին առնչվող վեճը հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով լուծելու դերակատարումը՝ անձամբ խմբավորման անդամների հետ նույն օրը այցելել է բժշկական կենտրոն, որտեղ պարտադիր կատարման ենթակա հրահանգների համաձայն և անձամբ տալով այդպիսի հրահանգներ՝ վիճաբանել են Է․Մ․-ի ու նրա հետ գտնվող անձանց հետ:
Է․Մ․-ն, իր հերթին, երեխային տեսակցելու նպատակով 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գնացել է բժշկական կենտրոն։ Ընդունարանում բժշկական անձնակազմից մերժում ստանալով՝ վերջինս վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ, որի ընթացքում ցուցաբերելով ընդգծված անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք՝ տևական ժամանակ դրսևորել է հակաիրավական վարքագիծ, կիրառել է ֆիզիկական ուժ՝ հրելով բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին, հնչեցրել անպարկեշտ ու հայհոյախառն արտահայտություններ՝ այդպիսով բացահայտորեն խախտելով հասարակական կարգը, խաթարելով բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող անձանց ու բուժառուների անդորրը և խոչընդոտել բժշկական հաստատության բնականոն աշխատանքը:
Այնուհետև Է․Մ․ն, մի խումբ անձանց հետ գտնվելով հիշյալ հիվանդանոցի դիմաց, հանդիպել է Ա․Ս․-ի ընկեր Գ․Մ․-ին և նրան ուղեկցող մի խումբ անձանց և վիճաբանել նրանց հետ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), Գ․Մ․-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը), Է․Մ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նշված 3 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերին կալանավորվել էին «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը և «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանը։
Սողոյանը նախկինում ևս հայտնվել է քրեական գործերի շրջանակում․ 2013 թվականին Պրահայի դատարանը նրան սպանության և շորթման մեղադրանքներով հեռակա դատապարտել էր 22 տարվա ազատազրկման։ Նա 2014 թվականին ձերբակալվել էր Երևանում։ Մելիքյանն էլ 2020 թվականին բերման էր ենթարկվել Օշականում, ապա, ըստ լրատվամիջոցների, ազատ արձակվել։

