Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
Մոսկվան կհյուրընկալի ծանրամարտի աշխարհի 2030 թվականի առաջնությունը։ Սա 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր առաջին դեպքն է, երբ օլիմպիական մարզաձևի միջազգային ֆեդերացիան որոշում է Ռուսաստանում անցկացնել համաշխարհային մակարդակի մրցաշար, գրում է BBC-ն:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) այս որոշման մասին հայտարարել է հոկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի մարզիկներին իր հովանու ներքո անցկացվող մրցումներին կրկին մասնակցելու թույլտվություն տալու մասին հայտարարությունից չորս ամիս անց։
Ռուսաստանի վերաբերյալ որոշումն ընդունվել է պատանեկան, երիտասարդական և մեծահասակների տարիքային խմբերում աշխարհի առաջիկա չորս առաջնություններն ընդունելու հայտերի քննարկման շրջանակում։
«Մեր ստացած բոլոր հայտերը գերազանց էին, և մենք վստահ ենք, որ ձեր երկրներում անցկացվելիք առաջնությունները մեծ հաջողություն կունենան»,- մրցաշարերն ընդունելու իրավունք ստացած երկրների պատվիրակություններին դիմելով՝ հայտարարել է IWF-ի գլխավոր քարտուղար Խոսե Կինյոնեսը։
Մոսկվան ծանրամարտի աշխարհի առաջնությունը նախորդ անգամ հյուրընկալել է 1983 թվականին։
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում օլիմպիական մարզաձևերից ոչ մեկի աշխարհի առաջնություն չի անցկացվել՝ ո՛չ ամառային, ո՛չ ձմեռային։
Ջրային մարզաձևերի աշխարհի 2025 թվականի առաջնությունը, որն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Կազանում, տեղափոխվել էր Սինգապուր։
Կրեմլը ողջունել է IWF-ի որոշումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն անվանել է սպորտը քաղաքականությունից տարանջատելու ճանապարհին կարևոր քայլ։
Դավիթ Եղիազարյան

