Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 5:1 հաշվով հաղթեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանը ներկայացնող Հայկ Խլոյանին։
Եզրափակիչում Արթուր Սարգսյանի մրցակիցը կլինի բելառուս Կիրիլ Մակսևիչը։
Հիշեցնենք, որ ԱԱ-ի երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որոնք պարտություն էին կրել ու ավարտել ելույթները։
Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշներին չի հաջողվել հասնել եզրափակիչ:
Նախօրեին պարտություն էին կրել նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):
Հոկտեմբերի 26-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։
Դավիթ Եղիազարյան

