Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.10.2026 | 13:11Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արայիկ Ներսիսյանը ընտրատեղամաս է ներկայացել իր թոռների հետ։ Factor TV-ի լրագրողի դիտարկմանը, թե մեքենայում երեխաներն առանց մանկական նստատեղի (քարսիթի) էին, իսկ ինքը՝ չամրակապված, Ներսիսյանն ընդունեց խախտումը՝ պարզաբանելով, որ ընդամենը մեկ կիլոմետր հեռավորությունից՝ գյուղից էին գալիս։
Արայիկ Ներսիսյանը վստահություն հայտնեց իրենց թիմի հաղթանակի հարցում՝ նշելով, որ ակնկալում է ստանալ ընտրողների ձայների 52%-ը։ Նա ընդգծեց, որ իր պատկերացրած Ստեփանավանում առաջնայինը համերաշխության մթնոլորտի ձևավորումն է և հետընտրական լարվածության բացառումը։
Անդրադառնալով ընտրակաշառքի գործով ընդդիմադիր մրցակից «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի և այլ անձանց ձերբակալություններին՝ ՔՊ թեկնածուն նշել է, որ տեղի ունեցածը ցավով է ընդունում, քանի որ ձերբակալվածների թվում կան իրեն ծանոթ մարդիկ։
Այնուամենայնիվ, նա զերծ մնաց հստակ գնահատականներ տալուց՝ հղում կատարելով անմեղության կանխավարկածին։ Ներսիսյանը նաև հավելել է, որ, իր համոզմամբ, իրենց թիմը կարող է հաղթել առանց կոալիցիա ձևավորելու, իսկ թե ինչ կանի, եթե ամեն ինչ այդ սցենարով չընթանա, այս մասին թեկնածուն չի մտածել։ Factor TV-ի լրագրողի հարցին, թե ինչ միջոցներով է գնվել իր թանկարժեք ավտոմեքենան, Ներսիսյանը պատասխանել է, որ շուրջ 37 տարի զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։

