ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.10.2026 | 13:07Իջևանի 38/22 ընտրատեղամասում ժամը 12:37-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին քվեարկել է 189 ընտրող։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Լիլիթ Սարիբեկյանը։ Այս ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունի 1493 քաղաքացի։
Factor TV-ի նկարահանող խումբն այցելել է Իջևանի 38/22 ընտրատեղամաս՝ հետևելու քվեարկության ընթացքին։ Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Իջևանում ընտրողների ցուցակում ընդգրկված է 29 760 քաղաքացի։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նրանց թիվը նվազել է 5342-ով կամ 15.2%-ով։ Ընտրողների թվի նվազման պատճառներից մեկը Ընտրական օրենսգրքի նոր պահանջն է․ ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ ԿԸՀ-ից հայտնել են, որ բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Ընտրողների գրանցման համար օգտագործվում է 972 տեխնիկական սարքավորում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու համար՝ 28 զանգվածային լրատվության միջոց։
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Թամրազյան

