Թրամփի փեսային Ադրբեջանի բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ Vanity Fair-ի հրապարակումը Քուշների ֆինանսական գործարքների մասին
Քաղաքականություն
23.10.2026 | 13:10
Vanity Fair ամսագիրը Մեթյու Քոուլի «Արքայազներ և գողեր․ Ջարեդ Քուշների և Մոհամմեդ բին Զայեդի գաղտնի ծրագիրը՝ Մերձավոր Արևելքը վերափոխելու համար» (Princes and Thieves: Jared Kushner and Mohamed bin Zayed’s Secret Plot to Remake the Middle East) գրքից հատված է հրապարակել։ Դրանում պնդումներ են ներկայացվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների՝ մի քանի օտարերկրյա բանկային հաշիվներին հասանելիություն ունենալու մասին։ Նշվում է, որ Նիդերլանդների հետախուզական ծառայություններին, ըստ տեղեկությունների, հաջողվել է կոտրել Քուշների հեռախոսը և հետևել դրանում կատարվող գործողություններին, փոխանցում է The Huffington Post-ը։
Հետաքննության համաձայն՝ 2017 թվականի վերջին Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայությունը (MIVD) հասանելիություն է ստացել Քուշների հեռախոսի տվյալներին՝ ռուսական ռազմական հետախուզության հետ կապ ունեցող հաքերի միջոցով։
Ըստ հրապարակման՝ այդ կերպ նրանք նկատել են, որ Քուշները, որն այդ ժամանակ նաև զբաղեցնում էր նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը, մուտք է գործել Արաբական Միացյալ Էմիրությունների բանկային հաշիվ, որտեղ պահվել են Ադրբեջանում գործող բանկից փոխանցված հարյուր միլիոնավոր դոլարներ։
Նաև պնդվում է, որ ԱՄԷ-ի ղեկավար Մոհամմեդ բին Զայեդը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը առնվազն 2 միլիարդ դոլար են մուտքագրել երկու բանկային հաշիվներ, որոնց հասանելիություն ուներ Քուշները։ Այդ հաշիվները գտնվել են ԱՄԷ-ում և Իսրայելում։
Ըստ հրապարակման՝ հաշիվներում եղած միջոցները նախատեսված էին Քուշների արտաքին քաղաքական նպատակներին աջակցելու և անձնական շահն ապահովելու համար։ Այս տեղեկությունները լուրջ հարցեր են առաջացնում նրա կողմից ֆինանսական միջոցների մասին տեղեկությունները չբացահայտելու ենթադրյալ փաստի և հնարավոր իրավախախտումների վերաբերյալ, եթե Քուշները միջոցների դիմաց խոստումներ է տվել օտարերկրյա կառավարություններին։
«Ջարեդը Մոհամմեդ բին Զայեդին խոստացել էր, որ եթե նա մասնակցություն ունենա հիմնադրամում, ապա Թրամփի հետ առաջ կտանի իրենց օրակարգը։ Նա ցանկանում էր հարաբերությունների կարգավորում Իսրայելի հետ, որպեսզի բիզնեսը կարողանար զարգանալ»,- Քոուլի հետ զրույցում պնդել է անանուն աղբյուրը, որը, ըստ տեղեկությունների, գաղտնի համաձայնությունների շուրջ բանակցություններ է վարել ԱՄԷ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ընդհանուր առմամբ՝ հետաքննության մեջ խոսքը շուրջ 750 միլիոն դոլար պարունակող բանկային հաշվի, ինչպես նաև ևս մեկ միլիարդ դոլարի մասին է, որը, ենթադրաբար, Ադրբեջանի միջոցով փոխանցվել է Իսրայելին։ Հեղինակը ֆինանսական այս գործարքները կապում է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Իսրայելի միջև ոչ պաշտոնական դիվանագիտական բանակցությունների հետ։
Հետախույզների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Քուշներն օգտվել է ԱՄԷ-ում գործող բանկային հաշվից։ Հետաքննության համաձայն՝ ավելի վաղ այդ հաշվին ադրբեջանական բանկից փոխանցվել էին հարյուր միլիոնավոր դոլարներ։ Սկզբում Նիդերլանդների հետախուզությունը ենթադրել է, որ այն բանկային հաշիվը, որից փոխանցվել են միջոցները, կարող էր կապված լինել Ադրբեջանի կառավարության հետ։ Սակայն հրապարակման մեջ չեն ներկայացվել այդ կապը հաստատող բանկային փաստաթղթեր։
Հետաքննության մեջ պայմանականորեն «Ալֆա» անվանված հաշիվը բացվել է ԱՄԷ-ի խոշորագույն բանկերից մեկում՝ First Abu Dhabi Bank-ում։ Հրապարկման հեղինակի տվյալներով՝ 2017 թվականից Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարությունները շուրջ 750 միլիոն դոլար են փոխանցել այդ հաշվին։ Իրավական տեսանկյունից հաշիվը Քուշներին չէր պատկանում։ Դրա սեփականատերն էր Watani Al Emarat բարեգործական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է ԱՄԷ-ի կառավարության կողմից։ Սակայն, ըստ հետաքննության, Քուշներն այդ հաշվի ստորագրության իրավունք ուներ, ինչը նրան թույլ էր տալիս իրականացնել որոշակի բանկային գործարքներ։
Հետաքննության՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրամական փոխանցումների մեխանիզմին։ Քոուլի տվյալներով՝ Նիդերլանդների հետախուզության կողմից վերահսկվող հաշվին բոլոր միջոցները փոխանցվել են ԱՄՆ դոլարով՝ ադրբեջանական բանկից։
Հեղինակը պնդում է, որ ադրբեջանական որոշ բանկեր միջնորդի դեր են կատարել արտասահման խոշոր գումարներ փոխանցելիս։ Դրանք միջոցներն ընդունել են սաուդյան ռիալով և ԱՄԷ-ի դիրհամով, ապա արտասահման փոխանցել դոլարային համարժեքը՝ գանձելով 6-7 տոկոս միջնորդավճար։ Նկարագրված սխեմայի համաձայն՝ հաճախորդը միջոցները փոխանցել է ադրբեջանական բանկին՝ տեղական արժույթով, որից հետո բանկը մեկ այլ ներքին հաշվից համարժեք գումարը դոլարով փոխանցել է արտասահմանյան ստացողին։ Հեղինակը նշում է, որ նման գործարքները կարող էին դժվարացնել միջոցների սկզբնական աղբյուրի բացահայտումը։
Հետաքննության մեջ խոսվում է նաև երկրորդ խոշոր ֆինանսական գործարքի մասին, որը, ըստ ենթադրությունների, իրականացվել է Ադրբեջանի միջոցով։ Հեղինակի աղբյուրների տվյալներով՝ մինչև 2018 թվականի գարուն ԱՄԷ-ի ղեկավար Մոհամմեդ բին Զայեդն Ադրբեջանի միջոցով շուրջ մեկ միլիարդ դոլար է փոխանցել Իսրայելին, ենթադրաբար՝ Քուշների համար։
Հաղորդվում է, որ երկրորդ հաշիվը, որը Քոուլը պայմանականորեն անվանել է «Բետա», բացվել էր Իսրայելի կենտրոնական բանկում։
Հոդվածում պնդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է տեղեկություններ ստանար այդ հաշվից հնարավոր փոխանցումների մասին։ Հեղինակի տվյալներով՝ Քուշների և Նեթանյահուի միջև միջնորդի դեր է կատարել Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը։ Ֆրիդմանը կտրականապես հերքել է այդ պնդումները։ Քուշների փաստաբանը նույնպես հայտարարել է, որ իր պաշտպանյալը տեղյակ չի եղել հիշատակված հաշիվների գոյության մասին, որևէ առնչություն չի ունեցել դրանց հետ և չի խախտել օրենքը։
Իր հերթին, Քուշները կտրականապես հերքել է գրքի հրապարակված հատվածում ներկայացված մեղադրանքները։
«Vanity Fair-ը հրապարակել է մի գրքից հատված, որը պարունակում է աղաղակող և կատեգորիկ կեղծ մեղադրանքներ։ Այս հեղինակի ներկայացրած մեղադրանքները բացարձակապես անհեթեթ են և երբեք տեղի չեն ունեցել։ Մենք պաշտոնապես հերքել ենք այդ պնդումներից յուրաքանչյուրը, սակայն հեղինակը չի ներկայացրել որևէ ապացույց՝ դրանցից գոնե մեկը հիմնավորելու համար»,- սոցիալական ցանցերում գրել է Քուշները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

