ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց․ The Economist
Քաղաքականություն
23.10.2026 | 13:39
Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմն ավարտելու՝ ԱՄՆ-ի ծրագիրը, ի թիվս այլ դրույթների, նախատեսում է ներդրումային ծրագիր ու ԵՄ-ին Կիևի անդամակցություն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու դիմաց։ Այս մասին գրում է The Economist-ը, որին վկայակոչում է Meduza-ն։
Ռուսաստանի համար ծրագիրը նախատեսում է պատժամիջոցների մեղմացում, ինչպես նաև Արևմուտքի հետ տնտեսական և քաղաքական կապերի մասնակի վերականգնում։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նախատեսվում է նաև ապառազմականացված գոտու ստեղծում Ուկրաինայի Դոնեցկի մարզի այն հատվածում, որը չի գրավվել ռուսական զորքերի կողմից։
Ի թիվս այլ հարցերի՝ խոսքը կարող է լինել նաև դեպի Եվրամիություն ռուսական գազի մատակարարումների հնարավոր վերսկսման մասին։ The New York Times-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Եվրամիությունն արդեն մերժել է այդ առաջարկը։
The Economist-ն ընդգծում է, որ խոսքը խաղաղության ծրագրի ընդհանուր ուրվագծերի մասին է, որոնց ծանոթ են ուկրաինացի պաշտոնյաները։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկի մանրամասները դեռևս հայտնի չեն։
ԱՄՆ-ը հերթական անգամ փորձում է վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին, երկար ամիսների ընթացքում առաջին անգամ, այցելել էր Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Պուտինի հետ։
Մինչ այդ, նա եղել էր Օսլոյում, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հաղորդվում էր, որ Մոսկվա մեկնելիս Ուիթքոֆն իր հետ տարել է խաղաղության նոր ծրագիր, սակայն դրա մանրամասները չէին հաղորդվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

