Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
Քաղաքականություն
23.10.2026 | 10:04
Հայաստանն արդեն դե ֆակտո դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Մենք փաստաթղթերն ուղարկում ենք ներպետական համաձայնեցման։ Ուղարկում ենք բոլորին, այդ թվում՝ Հայաստանին։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մենք ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում տվյալ հարցի քննարկմանն ու որոշումների ընդունմանը, սակայն դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը։ Այսինքն՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին․ աշխատանքը շարունակվում է, մենք որոշումներ ենք ընդունում։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, սակայն չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին՝ զորավարժություններին և նմանատիպ այլ միջոցառումների։ Ուստի, կարծում եմ, այստեղ կիրառելի է հենց ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը։ Ըստ էության, նրանք արդեն դե ֆակտո ինքնուրույն դուրս են եկել կազմակերպությունից»,- նշել է նա։
Բացի այդ, Մասադիկովն ասել է, որ նոյեմբերի 11-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ։
Խոսելով Երևանի՝ կազմակերպությունից դուրս գալու հնարավորության մասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «եթե այդ հարցը ներառվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, դա կարող է տեղի ունենալ»։
«Առաջարկը սովորաբար ներկայացնում է կա՛մ նախագահող երկիրը, կա՛մ մեկ այլ երկիր։ Այսինքն՝ պետության ղեկավարը՝ Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկը։ Այն, ինչ փաստացի տեղի է ունենում, կարելի է դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համատեքստում։ Այն նախատեսում է, որ անդամավճարները չվճարելու և քվոտային պաշտոնները չհամալրելու դեպքում ձայնի իրավունք չկա»,- ասել է նա։
Մասադիկովը նշել է՝ Հայաստանի ներկայացուցիչը շաբաթական մասնակցում է Մշտական խորհրդի նիստերին, որտեղ ներկա են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները։
«Հայաստանի ներկայացուցիչը լսում է և, հավանաբար, զեկուցում իր մայրաքաղաքին, թե ինչ ենք քննարկում, ինչ որոշումներ են ընդունվում, ավելին՝ նաև այն հարցերի և հնարավոր որոշումների մասին, որոնք քննարկվում են»,- նշել է Մասադիկովը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկա հինգ տարիներին ՀԱՊԿ վերադառնալու կամ կազմակերպությունում իր աշխատանքներն ակտիվացնելու որևէ ծրագիր չունի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

