Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
Քաղաքականություն
23.10.2026 | 11:23
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում հինգշաբթի գիշերն ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս 65-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են չինական պետական լրատվամիջոցները, փոխանցում է DW-ն։
«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ Հիմալայների հեռավոր այս շրջանում 7,0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով հարյուրավոր տներ փլուզվել են։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրահանգել է իրականացնել «լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ»՝ անհետ կորածներին գտնելու, տուժածներին «անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու» և «զոհերի թիվը հնարավորինս նվազեցնելու» նպատակով։ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության (CCTV) հաղորդմամբ՝ սա վերջին հինգ տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է, ինչպես նաև 2024 թվականի հունվարից ի վեր Չինաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ փլուզվել է առնվազն 339 բնակելի շենք և անասնապահական 20 շինություն։ Վիրավորներից 11-ի վիճակը ծանր է, հայտնել է տեղական լրատվական ծառայությունը։ Երկրաշարժի հետևանքով խափանվել են տվյալ տարածքի էլեկտրամատակարարումն ու կապը։
Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին աջակցելու համար տեղական շրջանից ներգրավվել է ավելի քան 1600 մարդ։ Հաղորդվում է, որ ավելի քան 12 հազար մարդ տարհանվել է։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նագչու քաղաքից մոտ 190 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Նագչուն Տիբեթի մայրաքաղաք Լհասայից մոտ 300 կիլոմետր դեպի հյուսիս է տեղակայված։ Լեռնային այս շրջանը սակավաբնակ է։
Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

