Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
Քաղաքականություն
20.10.2026 | 10:37
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը երեքշաբթի Օսլոյում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով երեք աղբյուրների, գրել էր, որ Թրամփի բանագնացները կմեկնեն Նորվեգիա։
Նորվեգիայի մայրաքաղաքում Զելենսկին կմասնակցի հանդիպումների երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Նպատակն է մշակել ծրագիր, որը կարող է հիմք դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման համար։
Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օսլո կատարած այցից հետո Սթիվ Ուիթկոֆը ծրագրում է մեկնել Ռուսաստան, որտեղ հույս ունի հանդիպել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան ներկայացնել Օսլոյում քննարկված առաջարկները։
Reuters-ի երկու աղբյուրների տվյալներով՝ Ուիթկոֆը հույս ունի ՌԴ ներկայացուցիչների հետ քննարկել նաև ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման հարցը։ Վերջինը վարձկանության հոդվածով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Reuters-ի զրուցակիցը նշել է, որ Ուիթկոֆի այցի ծրագրերը նախնական են և դեռ կարող են փոփոխվել։
Axios-ի զրուցակցի խոսքով՝ Թրամփի մեկ այլ բանակցող Ջարեդ Քուշները գրիպով է հիվանդացել և չի մեկնել Օսլո, սակայն հանդիպումներին կմասնակցի առցանց։ Ըստ աղբյուրի՝ անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու Եվրոպայի ներկայացուցիչները տեխնիկական մակարդակով մշակել են առաջարկներ, որոնք կարող են հիմք դառնալ երկարաժամկետ խաղաղության համար։
Օսլոյում հանդիպումը տեղի է ունենում Թրամփի կողմից Զելենսկիի հասցեին հնչող կտրուկ քննադատության ֆոնին։ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ։
«Ռուսաստանն Ուկրաինայի հարցում իրեն նորմալ է պահում»,- պնդել է Թրամփը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

