Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
20.10.2026 | 11:30Վճարովի բովանդակություն
Հայաստանում նոր հանքավայրեր հայտնաբերելու և հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու հնարավորություններ կան, սակայն դրանց իրագործման համար դեռ պետք է լուծվեն մի շարք խնդիրներ՝ երկրաբանական տվյալների հավաստիությունից մինչև թույլտվությունների տրամադրման ընթացակարգեր։ Ծաղկաձորում անցկացված Mining Armenia Forum 2026-ի երկու օրերի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, միջազգային ներդրողների ակնկալիքներն ու պետության անելիքները։
«Շատ երկար ժամանակ Հայաստանում հանքարդյունաբերության նկատմամբ գրեթե ուշադրություն չի եղել։ Միայն վերջին 5-8 տարիներին ենք սկսել զգալ, որ կառավարությունն ու պետությունը բոլորովին այլ կերպ են սկսել վերաբերվել ոլորտին։ Մեզ սկսել են լսել։ Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն արդեն իսկ հանքարդյունաբերությունն է, իսկ հետագայում այն ավելի մեծ դեր կունենա»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Տեխնոլոգիաների զարգացումը, էներգետիկ անցումը և նոր արտադրական ենթակառուցվածքների ստեղծումը նոր հնարավորություններ են բացում նաև հանքարդյունաբերության համար։ Հայաստանում հենց այդ հնարավորություններն օգտագործելու հեռանկարներն ու խոչընդոտներն են քննարկվել արդեն երրորդ տարին անցկացվող ֆորումի ընթացքում։ Դրան մասնակցել են հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակներ՝ միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ներդրողներ, միջազգային փորձագետներ և այլք։
«Առանց հանքարդյունաբերության արտադրանքի՝ պարարտանյութերի և գյուղատնտեսության մեքենայացման համար անհրաժեշտ միջոցների, մենք կկարողանայինք սնունդ ապահովել աշխարհի բնակչության միայն 50 տոկոսի համար։ Գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումը թույլ է տալիս կրճատել գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը՝ ավելի շատ տարածք ազատելով բնության և կենսաբազմազանության համար»,- նշեց հանքարդյունաբերության ոլորտի գործադիր խորհրդատու, բիզնես առաջնորդ Մարկ Կուտիֆանին։
Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման համար կարևոր է ոչ միայն ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, այլև երկրի երկրաբանական ներուժի ուսումնասիրությունն ու նոր հանքավայրերի հայտնաբերումը։ «Լիդիան Արմենիա»-ի հիմնադիր Հայկ Ալոյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է ներգրավել ներդրողներ և իրականացնել համապատասխան հետախուզական աշխատանքներ։
«Հանքային առումով Հայաստանն ունի ներուժ զարգանալու, ունի և՛ ոսկու հանքավայրեր հայտնաբերելու, և՛ պղնձի հանքավայրեր հայտնաբերելու, նաև ունի ներուժ կրիտիկական միներալներ ուսումնասիրելու համար։ Պետք է ներգրավել ներդրողներ ու իրականացնել աշխատանք»,- ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
Ոլորտի զարգացման հնարավորությունների մասին քննարկումներին զուգահեռ, ֆորումում հնչեցին նաև կոնկրետ ներդրումային ծրագրերի վերաբերյալ հայտարարություններ։
«Առաջիկա տարիներին մենք նախատեսում ենք Հայաստանում ներդնել 10-20 միլիոն ԱՄՆ դոլար՝ պղնձի նոր հանքավայրեր հայտնաբերելու նպատակով»,- հայտարարեց Hayasa Metals ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սաթերլենդը։
Սակայն ներդրողներ ներգրավելը կախված է ոչ միայն երկրաբանական ներուժից։ Ֆորումի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև այն խնդիրներին, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես, թույլտվությունների ստացման երկար և անկանխատեսելի գործընթացները, երկրաբանական տվյալների հավաստիության խնդիրներն ու համայնքային լսումների կարգավորման անորոշությունները։ Միաժամանակ, կարևորվել են միջազգային համագործակցությունները։
«Կուզեի կրկին առանձնացնել Հայաստանի Հանրապետության ավելի սերտ համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և դրա կարևորագույն փաստաթուղթը, որ այս համատեքստում ստորագրվեց՝ Մարկո Ռուբիոյի այցի ժամանակ ստորագրված կրիտիկական մետաղների հուշագիրն էր»,- ընդգծեց «Թեղուտ»-ի կորպորատիվ տնօրեն Արտյոմ Գեղամյանը։
Հանքարդյունաբերությունը մետաղների և այլ հումքի մատակարարման հիմքն է բազմաթիվ արտադրական ոլորտների համար։ Միաժամանակ, ոլորտի զարգացումը պահանջում է պատասխանատու մոտեցում՝ հաշվի առնելով բնապահպանական և սոցիալական ազդեցությունները։
Ոլորտի զարգացման համար կարևոր է նաև պետության և հանքարդյունաբերական ընկերությունների միջև համագործակցությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆորումում դրական գնահատեց նման ձևաչափով քննարկումները և առաջարկեց երկխոսության մշտական հարթակ ստեղծել։
Հանքարդյունաբերության զարգացման համար կարևոր է ոչ միայն ներդրողների հետաքրքրությունը, այլև ֆինանսավորման հասանելիությունը։ Այս հարցում առանցքային դեր ունի նաև բանկային համակարգը։ Mining Armenia Forum 2026-ի գլխավոր հովանավորներից Ամերիաբանկի ներկայացրած տվյալներով՝ հանքարդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերի ծավալը գերազանցում է 400 միլիոն դոլարը։
Այսպիսով՝ հանքարդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ շղթան՝ երկրաբանական հետախուզումից ու ներդրումներից մինչև արտադրություն, տրանսպորտ և արտահանում։ Ոլորտի խնդիրների քննարկմանը զուգահեռ՝ Mining Armenia Forum 2026-ի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն ստեղծելու ուղղությամբ համագործակցության հուշագիր ստորագրվեց։
«Ռեսուրսներից հնարավորություններ» խորագիրը կրող Mining Armenia ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ու Հանքարդյունաբերական ֆորում զարգացման հիմնադրամը։ Ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ «Ամերիաբանկ»-ն ու «Թեղուտը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

