ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը, ղեկավարվելով ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետով և 35-րդ հոդվածով, Արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել։
Վերջիններս դիմել են ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով։
Առաջարկվում է կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։
Նախագծով առաջարկվում է հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
Առաջարկվում է նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։
Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։
ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու ընթացակարգի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ:

