Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
Տնտեսություն
19.10.2026 | 14:15
Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը (PVD) հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակում հայտնաբերել է Եվրամիությունում արգելված տոլֆենպիրադ թունաքիմիկատի մնացորդներ։ Գերազանցվել են նաև երկու այլ թունաքիմիկատների՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը։
Լատվիայի ծառայության պաշտոնական տվյալներով՝ խոսքը 57,6 կգ քաշով, 8810 համարով խմբաքանակի մասին է։ Ապրանքի ներմուծումը Եվրամիություն արգելվել է։ Հայտնաբերված խախտման վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել ԵՄ սննդամթերքի և կերի արագ ահազանգման համակարգին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Factor.am-ին տեղեկացրել են, որ նախնական ուսումնասիրության արդյունքներով՝ թեյը հայկական ծագման չէ։
ՍԱՏՄ-ից պարզաբանել են, որ իրենց տրամադրության տակ եղած արտահանման փաստաթղթերի համաձայն՝ կանաչ թեյը ներկրվել է Չինաստանից, Հայաստանում փաթեթավորվել, ապա արտահանվել։ Նաև հայտնել են, որ այս փուլում ուսումնասիրություն է իրականացվում, և ամբողջական տեղեկատվությունը կհրապարկվի պաշտոնական կայքէջում։
Factor.am-ն ուսումնասիրել է նաև բաց աղբյուրները և գտել նման համընկնում։
RASFF Trends կայքում գտել ենք հոկտեմբերի 12-ին Լատվիայի ներկայացրած ծանուցումը՝ 2026.9014 համարով։ Այն վերաբերում է չինական ծագմամբ կանաչ թեյում երեք թունաքիմիկատների հայտնաբերմանը։ Ծանուցման մեջ նշված են նույն երեք թունաքիմիկատները, որոնց մասին հայտնել է Լատվիայի ծառայությունը։ Համընկնում են նաև դրանց լաբորատոր չափումների արդյունքները։
Մասնավորապես, երկու աղբյուրներում էլ լամբդա-ցիհալոտրինի պարունակությունը 0,091 ± 0,046 մգ/կգ է, իսկ թիամեթոքսամինը՝ 0,18 ± 0,09 մգ/կգ։
Նույն ծանուցման մասին հոկտեմբերի 14-ին գրել է նաև չինական Foodmate կայքը՝ նշելով, որ խոսքը Չինաստանից արտահանված կանաչ թեյի մասին է։
Այս տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ երկու աղբյուրներում խոսքը նույն թեյի մասին է։ Սակայն վերջնական պարզաբանումը Լատվայում կանաչ թեյի արտահանման վերաբերյալ կտրամադրի ՍԱՏՄ-ն։
Մարիա Խաչատրյան

