Թել Ավիվից Վիեննա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ ռումբի մասին սպառնալիքի պատճառով
Քաղաքականություն
19.10.2026 | 11:56
Բուլղարիայի իշխանությունները հայտնել են, որ Թել Ավիվից Վիեննա թռչող Austrian Airlines ավիաընկերության ինքնաթիռը կիրակի արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ ռումբի մասին սպառնալիքից հետո, գրում է DW-ն։
Airbus A320 ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել։ Ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Հաղորդվում է, որ ռումբի մասին ահազանգը ստացվել է Բուլղարիայի և Ռումինիայի օդային սահմանին մոտ գտնվելու ժամանակ։
«Թռիչքի ընթացքում՝ Ռումինիայի հետ սահմանին, անձնակազմը հայտնել է ռումբի ահազանգի ազդանշանի ստացման մասին և որոշել արտահերթ վայրէջք կատարել Սոֆիայում»,- ասվում է Բուլղարիայի Տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։
Airbus A320 ինքնաթիռը Թել Ավիվից ուղևորվում էր դեպի Վիեննա, սակայն տեղական ժամանակով 21:25-ին ուղղությունը փոխել և վայրէջք է կատարել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այս մասին վկայում են թռիչքներին հետևող Flightradar24 հարթակի տվյալները։
Թռիչքներին հետևող մեկ այլ հարթակի՝ ADS-B Exchange-ի տվյալներով՝ ուղղությունը փոխելու ժամանակ ինքնաթիռը հաղորդել է 7700 կոդը, որը կիրառվում է ընդհանուր արտակարգ իրավիճակների ազդարարման համար։
Ինքնաթիռին ուղեկցելու համար օդ է բարձրացվել բուլղարական ՄիԳ-29 կործանիչ։
Ուղևորներին տարհանելուց հետո ինքնաթիռում ստուգում է սկսվել, հայտնել է Austrian Airlines ավիաընկերությունը։
«Ինքնաթիռի զննման ավարտից հետո ուղևորները հնարավորինս արագ կվերագրանցվեն այլընտրանքային չվերթների համար»,- հայտարարել է ավիաընկերությունը։
Անցյալ ամիս Flydubai ավիաընկերության չվերթներից մեկի երկրորդ օդաչուն մեղադրվել է օդաչուների խցիկում հրամանատարի վրա հարձակվելու, ինքնաթիռը առևանգելու փորձ կատարելու և այն Իսրայելի տարածքում միտումնավոր կործանելու մտադրության համար։
Միաժամանակ, անցյալ շաբաթ Հունաստանի Կորֆու կղզուց դեպի գերմանական Նյուրնբերգ քաղաք ուղևորվող առևտրային ինքնաթիռից սխալմամբ առևանգման մասին տագնապի ազդանշան էր ստացվել։ Դրա հետևանքով Խորվաթիան և Գերմանիան օդ էին բարձրացրել իրենց կործանիչները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

