Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
Քաղաքականություն
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը հոկտեմբերի լույս 19-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին։ Զոհվել է մեկ մարդ, ևս ութը՝ վիրավորվել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ զոհվածը 21-ամյա աղջիկ է, գրում է Current time-ը։
Ռուսական հարձակման հետևանքներն արձանագրվել են քաղաքի առնվազն երեք վարչական շրջաններում։ Դեսնյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, վնասվել են ավտոմեքենաներ և մետրոյի կայարան։ Կլիչկոյի հաղորդմամբ՝ մետրոյի կայարանի մոտ հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել և խզվել են երկաթուղային ընթացագիծն ու ռելսերը։ Հարձակումից հետո Կիևի մետրոպոլիտենը սահմանափակել է «Չեռնիգիվսկա» և «Լեսնայա» կայարանների աշխատանքը։
Սոլոմենսկի շրջանում հրդեհ է բռնկվել բուժհաստատության տարածքում։ Բազմահարկ շենքերից մեկի ճակատային հատվածն ու ապակեպատ մասը վնասվել են։ Դնեպրովսկի շրջանում վնասվել է ուսումնական հաստատություն։
Ազատություն ռադիոկայանի (RFE/RL) թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով ուկրաինական աղբյուրներին, X սոցիալական ցանցում գրել էր, որ գիշերը Կիևը կրկին չի ստացել հրթիռային հարվածի մասին նախազգուշացում։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նրան հայտնել է, որ չի կարող հաստատել տեղեկությունները, թե Կիևը ռուսական հարվածից առաջ նախազգուշացում չի ստացել։
«Ես հստակ չգիտեմ, թե անցած գիշեր ինչ է տեղի ունեցել»,- ասել է Ռուբիոն, որն այցով Ուզբեկստանում է։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան ռուս զինվորականները կառավարվող ավիառումբերով հարվածել են Դնեպր քաղաքին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նրա խոսքով՝ մեկ տուն ավերվել է, առնվազն ևս երեքը՝ վնասվել։ Վիրավորվել է մի կին։
Ռիվնեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կովալը նույնպես հայտնել է մարզի վրա հարձակման մասին։ Նրա խոսքով՝ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի քանի օբյեկտներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու կին վիրավորվել է։ Մարզի մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Կովալի խոսքով՝ էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ էներգետիկների աշխատանքը բարդանում է նոր հարձակումների պատճառով։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Կիևում և Կիևի մարզում հարվածել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտների, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

