Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները և կրկին քննադատել Զելենսկիին
Քաղաքականություն
19.10.2026 | 10:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» կիրառումը՝ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ պահելու և նպաստելու համար, որ Մոսկվան չօգնի Իրանին։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսաստանի վերաբերյալ իմ որոշումը շատ պարզ է։ Այժմ ես խաղաղ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի շուրջ և չեմ ցանկանում որևէ քայլ ձեռնարկել, որը հիմարության պատճառով կարող է Ռուսաստանին հեռացնել բանակցությունների սեղանից»,- գրել է Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ բանակցություններում մինչ այժմ «զգալի առաջընթաց» է գրանցվել, մասնավորապես, բանտարկյալների ազատ արձակման հարցում։
«Այս փաստաթղթի ստորագրումն այս պահին կհանգեցներ հենց այդ անցանկալի արդյունքին։ Ես կարող եմ այն ստորագրել ավելի ուշ՝ ցանկացած պահի, երբ անհրաժեշտ համարեմ։ Թերևս ավելի կարևոր է այն, որ Ռուսաստանը գործնականում գրեթե ոչ մի օգնություն չի ցուցաբերում Իրանին, համենայն դեպս՝ համեմատած այն օգնության հետ, որը կարող էր ցուցաբերել։ Ես ցանկանում եմ, որ այդպես շարունակվի նաև հետագայում, և այդպես էլ կլինի, եթե հիմար մարդիկ չխանգարեն դրան»,- ասել է Թրամփը։
Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ այն բանի համար, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում ռուսական նավթավերամշակման գործարաններին, որտեղ դիզելային վառելիք են արտադրում։ Թրամփի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահը «հիանալի հասկանում է, որ դա լուրջ վնաս է հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկային, այդ թվում՝ ԱՄՆ-ի շուկային»։
«Դրանից մեծապես տուժում են ֆերմերները, անասնապահական տնտեսությունների սեփականատերերն ու ամենատարբեր ոլորտների գործարարները։ Սակայն Ռուսաստանը, չնայած ամեն ինչին, շարունակում է համաշխարհային շուկա մատակարարել միլիոնավոր բարել դիզելային վառելիք՝ ցածր գներով։ Զելենսկիին դա չի հետաքրքրում»,- դժգոհել է նա։
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերջ դնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, մինչդեռ Զելենսկին, նրա պնդմամբ, «ամենևին էլ չի ձգտում ավարտել այդ պատերազմը և, հավանաբար, երբեք էլ չի ձգտել դրան»։
«Երկու տարի առաջ նա կարող էր շատ ավելի շահավետ գործարք կնքել, քան այժմ։ Նրա երկիրն ավերակների մեջ է, տարածքների զգալի մասը կորցվել է, այլևս ելք չկա դեպի ծովեր և օվկիանոսներ, իսկ տղամարդ բնակչության թիվը նվազել է․ շատերը վիրավորվել են կամ զոհվել»,- պնդել է ԱՄՆ նախագահը։
Սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագիծը նախատեսում է լրացուցիչ՝ 500% մաքսատուրքերի սահմանում ռուսական ապրանքների և 100% մաքսատուրքերի սահմանում այն երկրների արտադրանքի նկատմամբ, որոնք Ռուսաստանի նավթի և գազի հիմնական գնորդների հնգյակում են, ինչպես նաև առավել ակտիվորեն օգնում են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները։
Օրենքը Թրամփին պարտավորեցնում էր սահմանափակող միջոցներ կիրառել մինչև հոկտեմբերի 18-ը, սակայն, միաժամանակ, նրան թույլ էր տալիս կասեցնել այդ գործընթացը, եթե դա բխում էր ԱՄՆ-ի ազգային շահերից։ Հենց այդպես էլ նա վարվել է հոկտեմբերի 17-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

