Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
Տնտեսություն
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը և հարյուր հազարավոր ավիատոմսերի հնարավոր չեղարկման մասին տեղեկությունները հարցեր են առաջացրել նաև հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության գործունեության վերաբերյալ։ Factor․am-ն դիմել է հայկական ավիափոխադրողին՝ պարզելու՝ արդյո՞ք Մոլդովայում տեղի ունեցող զարգացումները կարող են որևէ կերպ ազդել Հայաստանից իրականացվող չվերթերի, արդեն վաճառված ավիատոմսերի և ուղևորների իրավունքների վրա։ Ընկերությունից միայն հայտնել են, որ փոփոխություններ են տեղի ունեցել, և այն այլևս չի հանդիսանում մոլդովական FlyOne-ի մասնաճյուղ։
Մոլդովական NewsMaker պարբերականը գրել էր, որ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է FlyOne-ի կողմից վաճառված ավելի քան 300 հազար ավիատոմսերի հնարավոր չեղարկման մասին։
Սակայն Մոլդովայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Բոլյան հայտնել էր, որ ավիաընկերությունն առաջիկա շաբաթվա կամ ամսվա չվերթերը չեղարկելու որևէ հայտ չի ներկայացրել։ Նախարարը նշել էր, որ այդ տեղեկությունը ճշտել է Քիշնևի օդանավակայանի տնօրենի և Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի մարմնի ղեկավարի հետ։
Մոլդովական FlyOne-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը ևս չէր հաստատել հարյուր հազարավոր տոմսերի հնարավոր չեղարկման մասին հայտարարությունը։ Միևնույն ժամանակ, նա ընդունել էր, որ ընկերությունը որոշ ուղղություններով կրճատում է չվերթների հաճախականությունը։
Չեբոտարը կրճատումները պայմանավորել էր ընկերության շուրջ ստեղծված անորոշությամբ, այդ թվում՝ Մոլդովայի իշխանությունների կողմից ընկերության և դրա բաժնետերերի նկատմամբ ենթադրյալ ճնշումներով։
Այս զարգացումների ֆոնին Factor TV-ն հոկտեմբերի 12-ին գրավոր հարցում է ուղարկել հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությանը։ Փորձել ենք պարզել՝ արդյո՞ք մոլդովական ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ազդել հայկական ավիափոխադրողի գործունեության վրա, նախատեսվո՞ւմ են չվերթների կրճատումներ կամ չեղարկումներ, և քանի՞ չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում։
Ստացված պատասխանում «Ֆլայուան Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը հայտնել է․ «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ սույն թվականի օգոստոսի 14-ից տեղի է ունեցել «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերության (Ավիաընկերություն) մասնակիցների կազմի փոփոխություն, որի արդյունքում մոլդովական FlyOne ընկերությունը (SRL «FLY ONE») այլևս չի հանդիսանում Ավիաընկերության մասնակից»։
Կարևոր է ընդգծել, որ մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ընկերության անմիջական բաժնետերերի կազմից, բայց դրա հետ կապված անձինք պահպանել են հայկական ընկերության 46%-ի անուղղակի սեփականությունը։
Ավելի վաղ «Հետք»-ը և մոլդովական Ziarul de Gardă-ն գրել են, որ 2026 թվականի օգոստոսի 14-ին մոլդովական FlyOne-ը «Ֆլայուան Արմենիա»-ում ունեցած իր 46% բաժնեմասը փոխանցել է Հայաստանում հիմնադրված «Ֆլայ Սոլուշն» ՍՊԸ-ին։ Վերջինիս բաժնեմասերը հավասարապես՝ 50-ական տոկոսով, պատկանում են Միրչա Մալեկային և Վլադիմիր Չեբոտարին։ Վերջիններս նաև մոլդովական FlyOne-ի հիմնադիրների թվում են։
«Ֆլայ Սոլուշն»-ը ստեղծվել է 2026 թվականի մարտի 6-ին։
Եվգենյա Համբարձումյան

