Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
Քաղաքականություն
15.10.2026 | 14:13Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու պայմանագրի կնքմանը, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։
Կասիսը բարձր է գնահատել երկկողմ բանակցություններում արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հարատև կայունության հասնելն արդեն լիովին իրատեսական է:
«Շվեյցարիան ողջունում է այն դրական դինամիկան, որ ստեղծվել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ, և որ տեղում փաստացի խաղաղություն է։ Գրանցված հաջողությունները, կայուն խաղաղությունը կարելի է ասել արդեն հնարավոր է։ Ես խրախուսում եմ ձեր երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու դրա իրագործմանը։ Շվեյցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե երկու կողմերը դա ցանկանան»,- ասաց Կասիսը։
ԵԱՀԿ գործող նախագահը նշել է նաև, որ չնայած պահպանվող հումանիտար մարտահրավերներին՝ դիվանագիտությունն այլընտրանք չունի։
«Դժվարին իրավիճակներում երկխոսությունը թուլության նշան չէ, այլ ընդհակառակը՝ խիստ անհրաժեշտություն է։ ԵԱՀԿ-ի առաքելությունն է նստեցնել բոլոր կողմերին նույն սեղանի շուրջ նույնիսկ ամենահակադիր մոտեցումների դեպքում»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։
Անդրադառնալով հայ-շվեյցարական երկկողմ օրակարգին՝ Իգնասիո Կասիսը կարևորեց Բեռնում Հայաստանի դեսպանության բացումը, ինչպես նաև տնտեսական, առևտրային, նորարարական և կապակցվածության ոլորտներում համագործակցությունը։ Նա հիշեցրեց, որ հաջորդ տարվա ապրիլին Շվեյցարիան կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 10-րդ գագաթնաժողովը, իսկ Լուգանոյում տեղի կունենա նախարարական համաժողով, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի հետ բարձր մակարդակի շփումները շարունակելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

