Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Հասարակություն
06.10.2026 | 23:28
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ նոյեմբերի 1-ից քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը մասնավոր գործընկերոջը չի փոխանցվելու․ պետությունը պահպանելու է տվյալների բազաների նկատմամբ լիարժեք վերահսկողությունն ու պատասխանատվությունը, իսկ մասնավոր գործընկերը կիրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ։
«Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։
Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։
Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը։
Մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջավայր ստեղծելու և տեխնիկական գործառույթներն իրականացնելու խնդիր։
Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից։
Բոլոր տվյալների բազաների նկատմամբ սուվերեն վերահսկողությունը շարունակելու է մնալ պետության ներքո` ի դեմս Ներքին գործերի նախարարության։
Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում պետք է հաստատվի պետության կողմից, ինչից հետո մասնավոր գործընկերն իրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթի տպագրություն և այն քաղաքացուն տրամադրում։
Միևնույն ժամանակ, քաղաքացիների տվյալներին մասնավոր գործընկերը ուղիղ հասանելիություն չի ունենալու։ Փաստաթղթի տրամադրման և տպագրման թույլտվությունը տրվում է բացառապես պետության կողմից։
Պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։
Պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է։ Պետությունն ու մասնավոր գործընկերը իրականացնում են իրենց գործառույթները՝ գործընթացում փոխլրացնելով միմյանց»,-նշվում է պարզաբանման մեջ։

