Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
Քաղաքականություն
06.10.2026 | 17:45
Եվրահանձնաժողովն այսօր կներկայացնի ԵՄ կանոնակարգերի վերանայման փաթեթը՝ սահմանելով Միությունն ապագա ընդլայնմանը նախապատրաստելու հիմնական ուղղություններն ու անհրաժեշտ քայլերը։ Փաթեթը կներկայացնի ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Այն նախատեսում է ԵՄ կառավարման համակարգի, բյուջեի և քաղաքականությունների հարմարեցում՝ նոր անդամների ընդունման համար։
2026 թվականի ընդլայնման փաթեթի շրջանակում Եվրահանձնաժողովը նախատեսում է նաև ներկայացնել Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի համար նախնական ճանապարհային քարտեզներ՝ պայմանով, որ այդ երկրները պահպանեն բարեփոխումների տեմպը։
Եվրախորհրդարանի «Վերականգնել Եվրոպան» (Renew Europe) խմբի նախագահ Վալերի Հայերն ասում է՝ մեծ ակնկալիքով սպասում է ընդլայնման նոր մոտեցումների հրապարակմանը․ «Ավելի մեծ ճկունությունը՝ զուգորդված արժանիքների վրա հիմնված անդամակցությամբ, առանցքային նշանակություն ունի մեր ապագայի համար»։

Խմբի անունից նա նաև ողջունում է հնարավորությունը, որ Հունգարիան այս շաբաթ կարող է վերացնել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունների հաջորդ քայլերի նկատմամբ իր արգելափակումը։
«Դա առաջ շարժվելու համար դրական քայլ կլինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վալերի Հայերը։
Բուդապեշտն արգելափակում է անդամակցության բանակցությունների հաջորդ փուլերը՝ պահանջելով, որ Կիևն օրենսդրությամբ երաշխավորի Ուկրաինայում բնակվող հունգարական փոքրամասնության իրավունքները, մասնավորապես՝ մայրենի լեզվով կրթության իրավունքը։ Այս արգելափակումը դանդաղեցնում է նաև Մոլդովայի առաջընթացը։ Բուդապեշտը պատրաստակամություն է հայտնել թույլ տալ Մոլդովայի առանձին առաջխաղացումը, բայց մյուս անդամ պետությունները դեմ են եղել գործընթացներն իրարից տարանջատելուն։
«Բուդապեշտը ցանկանում է առաջընթաց տեսնել փոքրամասնությունների վերաբերյալ Ուկրաինայի օրենսդրության հարցում։ Եվ քանի որ անդամակցության բոլոր փուլերը պետք է հիմնված լինեն արժանիքների վրա, այդ հարցերն իսկապես պետք է լուծվեն»,- ասում է Վալերի Հայերը։
ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի ինը երկիր՝ Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։ Սակայն ոչ բոլորի անդամակցության գործընթացն է ակտիվորեն առաջ ընթանում․ Թուրքիայի և Վրաստանի գործընթացները կանգ են առել, թեև երկու երկրներն էլ պահպանում են թեկնածուի կարգավիճակը։
«Դուք կարող եք կարծել, թե անդամակցության գործընթացը դանդաղել է։ Ես այդպես չէի ձևակերպի։ Ընդհակառակը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում այս հարցին։ Նրանք ավելի հստակ են գիտակցում ընդլայնումն առաջ տանելու անհրաժեշտությունը»,- նշում է Վալերի Հայերը։
Նա ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա․ «Եթե չկարողանանք այս թեկնածու երկրներին ներգրավել մեր Միության մեջ, նրանք կդառնան մեր մրցակիցները։ Դրանք կլինեն մեզ թշնամաբար տրամադրված ուժեր և կարող են դաշնակցել այնպիսի մրցակից տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Հիլդա Վոտմանսի խոսքով՝ եթե թեկնածու երկրներն իրականացնում են անհրաժեշտ բարեփոխումները և պատրաստ են առաջ շարժվել, ԵՄ-ն պետք է ունենա քաղաքական ճկունություն՝ նրանց առաջընթացը հնարավոր դարձնելու համար։

«Սա նաև պահանջում է, որ անդամ պետությունները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնություն ձևավորեն հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ արդեն լավ առաջընթաց գրանցող երկրների, օրինակ՝ Չեռնոգորիայի համար։ Բայց մեր հավակնությունները պետք է ավելի հեռուն գնան։ Առանց ԵՄ բարեփոխումների՝ հաջող ընդլայնում լինել չի կարող։ Սա միշտ եղել է մեր դիրքորոշումը»,- շեշտում է նա։
Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի՝ ԵՄ ինստիտուտներն ու որոշումների կայացման համակարգը պետք է նախապատրաստել ավելի մեծ Միության համար՝ անհրաժեշտության դեպքում նաև փոփոխելով ԵՄ հիմնադիր պայմանագրերը։
«Մենք չենք կարող երկրներից պահանջել ընտրել Եվրոպան, իրականացնել այդ դժվար բարեփոխումները, իսկ հետո նրանց թողնել դռան առաջ սպասելիս։ Եվրոպական խորհուրդը պետք է օգտագործի այս պահը՝ ընդլայնման գործընթացին իրական քաղաքական ուղղություն և առաջ շարժվելու վստահելի ուղի տալու համար»,- ասում է Հիլդա Վոտմանսը։
Եթե Լոնդոնը պատրաստ է, Բրյուսելն էլ պետք է պատրաստ լինի
Եվրախորհրդարանի «Վերականգնել Եվրոպան» (Renew Europe) խմբի նախագահ Վալերի Հայերը ասում է, որ Եվրոպան պետք է լրջորեն վերաբերվի Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնած՝ ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկմանը։
Նրա խոսքով՝ Brexit-ի հանրաքվեից տասը տարի անց դրա ազդեցությունը հստակ է․ քաղաքացիներն ու բիզնեսները շարունակում են բախվել բազմաթիվ խոչընդոտների, իսկ նախկին կարմիր գծերը չպետք է սահմանափակեն այսօրվա հնարավորությունները։
Հայերն ընդգծում է, որ ավելի սերտ հարաբերությունները ենթադրում են հստակ պայմաններ։ ԵՄ միասնական շուկային ավելի լայն հասանելիությունը պահանջում է ընդունել դրա չորս ազատությունները, ընդհանուր կանոններն ու ապահովել դրանց պատշաճ կիրարկումը։ Ցանկացած նոր պայմանավորվածություն, նրա խոսքով, պետք է համապատասխանի ԵՄ հիմնարար կանոններին։
«Եթե Լոնդոնը պատրաստ է ավելի հավակնոտ լինել, Բրյուսելը նույնպես պետք է պատրաստ լինի», — ասել է Հայերը։
Նա նաև շեշտել է, որ Եվրախորհրդարանը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մինչև ԵՄ–Մեծ Բրիտանիա հաջորդ գագաթնաժողովը, որն ակնկալվում է այս տարվա վերջին, այլ ոչ թե դրանից հետո։
Կարինե Ասատրյան
Բրյուսել-Ստրասբուրգ

