Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Քաղաքականություն
06.10.2026 | 14:05
Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բուլղարիայում Սև ծովի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) թուրքական սեփականություն հանդիսացող երկու առևտրային նավի, որոնցից մեկը խորտակվել է։ Այս մասին հայտնել են Բուլղարիայի իշխանությունները, գրում է Turkiye today-ը;
Խորտակված նավի անձնակազմն անհետ կորել է, մինչդեռ երկրորդ նավի վրա գտնվող բոլոր 18 նավաստիները փրկվել են։
Maritime.bg-ն հայտնել է, որ սա Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող նավերի վրա առաջին հարձակումն էր։ Վարչապետ Ռումեն Ռադև արտակարգ խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության ոլորտի պաշտոնյաների մասնակցությամբ։
Reuters-ի տվյալներով՝ նախագահ Իլիանա Իոտովայի գրասենյակը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա իրականացված հարձակումը, սակայն մանրամասներ չի հաղորդել։
Հարվածները տեղի են ունեցել թուրքական սեփականություն հանդիսացող «Royad Mammadov» բեռնատար նավի՝ Ռումինիայի ափերի մոտ խորտակվելուց մեկ օր անց, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է զոհվել․ միջադեպը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման մասին հաղորդումների ֆոնին։ Նշվում է, որ Սև ծովը նավագնացության համար գնալով ավելի վտանգավոր է դարձել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ պատերազմի պայմաններում։
Տոգոյի դրոշի ներքո նավարկող «Alfa Watan» բեռնատար նավը Բուլղարիայի ափերից արևելք լուրջ կառուցվածքային վնասներ է ստացել և խորտակվել։ Նավի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան։
«Մի նավի անձնակազմն անհետ կորել է, իսկ երկրորդի նավաստիները փրկվել են»,- հայտնել է Վառնայի ծովային փրկարարական համակարգման կենտրոնի տնօրեն Ռումեն Նիկոլովը։
Երկու նավերն էլ տեղական ժամանակով 04։00-ին աղետի ազդանշաններ են ուղարկել Բուլղարիայի ափից մոտ 80 ծովային մղոն հեռավորության վրա՝ Սուրբ Աթանաս հրվանդանից և Բյալա քաղաքից արևելք։ Առավոտյան ժամը 09։00-ին նավերից մեկն անհետացել է Սահմանային ոստիկանության ռադարներից։
Միաժամանակ, հարձակման հետևանքով Պալաուի դրոշի ներքո նավարկող «Able» բեռնատար նավում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր 18 անդամները ստիպված են եղել լքել նավը։ Նրանց փրկել է Բուլղարիայի դրոշի ներքո նավարկող «Dioscuria» լաստանավը։ Փրկված նավաստիներից ոմանք վիրավորվել են և հիվանդանոցներ տեղափոխվել։
Անօդաչու թռչող սարքերի ծագումը դեռևս հայտնի չէ։
3 160 տոննա մեռյալ քաշով «Alfa Watan» նավը պատկանում է Մերսինում գործող Baraka Shipping ընկերության նավատորմին, իսկ 7 416 տոննա մեռյալ քաշով «Able» նավը՝ Ստամբուլում գործող Ocean Eagle ընկերության նավատորմին։ 1976 թվականին կառուցված «Alfa Watan»-ը վերջին անգամ գրանցվել է որպես Ռումինիայի Սուլինա նավահանգստի ուղղությամբ ընթացող նավ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

