Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Քաղաքականություն
06.10.2026 | 16:07
Օգոստոսին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագրի երեք կողմերը (Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Պակիստան) Ռիադում արտակարգ նիստ են անցկացրել և պայմանավորվել անհապաղ անցնել ռազմական ուժերի «արագ տեղակայման»՝ միավորելով ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը, իսլամական աշխարհի միակ միջուկային տերությանը և Պարսից ծոցի խոշորագույն տերությանը։
Ըստ Euronews-ի՝ երկուշաբթի երեք երկրները հայտարարել են, որ Թուրքիան և Պակիստանը նոր փոխադարձ պաշտպանության դաշինքի շրջանակում կիրականացնեն զորքերի «արագ տեղակայում» Սաուդյան Արաբիայում, քանի որ Ծոցի թագավորությունը բախվում է Եմենի հութիների կողմից իրականացվող հարձակումների սրման։
Օգոստոսին երեք երկրները ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը՝ պարտավորվելով միմյանց օգնության հասնել այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը հարձակման ենթարկվի։ Համաձայնագիրը միավորում է ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը՝ Թուրքիայի զինված ուժերը, իսլամական աշխարհի միակ միջուկային զենք ունեցող պետությանը՝ Պակիստանին, և Պարսից ծոցի խոշորագույն տերությանը՝ Սաուդյան Արաբիային։
Երկրների ներկայացուցիչները երկուշաբթի Ռիադում արտակարգ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում անդրադարձել են Սաուդյան Արաբիայի դեմ վերջին հարձակումներին, մասնավորապես, Մեքքա և Մեդինա սուրբ քաղաքների ուղղությամբ՝ անվանապես չնշելով Իրանի աջակցությունը վայելող հութիներին։
Երեք երկրները «վերահաստատել են թագավորության անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի անվերապահ մերժումը», ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Նրանք նաև պայմանավորվել են «անհապաղ անցնել հավաքական պաշտպանությանն ուղղված պարտավորությունների գործնական իրականացմանը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ համաձայնեցված ռազմական ուժերն ու կարողություններն ապահովելու և դրանց արագ տեղակայումը թագավորությունում երաշխավորելու համար»։ Հայտարարության մեջ չի հստակեցվել, թե Սաուդյան Արաբիա ժամանելուց հետո ինչպիսի դեր են իրականացնելու զորքերը։
Սաուդյան Արաբիան հուլիսին Եմենի քաղաքացիական պատերազմի վերսկսվելուց ի վեր բազմիցս բախվել է հութիների հարձակումներին, որոնց թիրախում են հայտնվել երկրի քաղաքները, նավթային ենթակառուցվածքները և նավերը։
Սեպտեմբերին խմբավորումը նոր հարձակում է սկսել և տարածքներ է գրավել Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունից։ Երկուշաբթի վերջինս Ռիադի աջակցությամբ հակահարձակման է անցել՝ նպատակ ունենալով հետ գրավել հութիների վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները, որոնց մի մասը նրանց վերահսկողության ներքո է ավելի քան մեկ տասնամյակ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

