Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Քաղաքականություն
05.10.2026 | 16:03
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ լսել պաշտոնական հայտարարությունները և չվստահել այլ աղբյուրների։ Այսպես է նա մեկնաբանել Իրկուտսկի մարզում ժանտախտի մասին լուրերը, որոնք տարածվել են հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու վարակվելու մասին տեղեկությունների ֆոնին։
«Այս դեպքում տվյալ ոլորտում իրավասու գլխավոր գերատեսչությունը Ռոսպոտրեբնադզորն է։ Եվ հենց Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարություններին պետք է հետևել՝ ուշադրություն չդարձնելով տարբեր լուրերի, ենթադրությունների և նմանատիպ քննարկումների»,- նշել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ռոսպոտրեբնադզորում աշխատում են բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալներ։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ գերատեսչության մասնագետները Սիբիրի և Հեռավոր Արևելքի հակաժանտախտային ինստիտուտում պաթոգեն միկրոօրգանիզմների հետ աշխատանքի ընթացքում որևէ վթար չեն արձանագրել։ Նշվել էր, որ ինստիտուտի աշխատակցուհու հիվանդանալուց հետո մասնագետները հատուկ միջոցառումների համալիր են իրականացրել։ Լրացուցիչ հետազոտությունները հիվանդից ստացված նմուշներում չեն հայտնաբերել նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ։
Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Իրկուտսկի մարզի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհին վարակվել է թոքային ժանտախտով և մահացել։ Նախնական տվյալներով՝ հիվանդանալուց առաջ կինը գործուղման է եղել Բուրյաթիայում։ Իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել, որ ինստիտուտի աշխատակցուհու մոտ ժանտախտ է ախտորոշվել։ Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ հիվանդի մոտ հայտնաբերվել է չճշտված ծագման թոքաբորբ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ավելի վաղ նա կոտրել էր թոքային ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, ինչից հետո հոսպիտալացվել Շելեխովի հիվանդանոցում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

