ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
Քաղաքականություն
05.10.2026 | 14:10
Այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը, որպես ծառայության տնօրենի տեղակալ, անմիջական պատասխանատու է եղել ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության ու համակարգման համար։
Սանամյանի պաշտոնական գործունեության վերաբերյալ բաց աղբյուրներից հասանելի տեղեկությունները բացառապես առնչվում են սահմաների պահպանության գործընթացներին։
Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերի 18-ին նա մասնակցել է ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը։
Դավիթ Սանամյանը դեռևս ԱԱԾ դեպարտամենտի պետ եղած ժամանակից ներգրավված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում՝ հանդես գալով որպես ԱԱԾ-ի կողմից աշխատանքների կազմակերպման գլխավոր համակարգող։
Սանամյանը 1998 թվականից ծառայության է անցել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի պաշտոններ։ 2025թ. օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Մինչ այդ զբաղեցրել է նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի պաշտոնը։ Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ուշագրավ է, որ Սանամյանի աշխատանքից ազատումը հաջորդում է Սյունիքի մարզ զինված ադրբեջանցու ներթափանցմանը։ Արդյոք պաշտոնանկությունը կապ ունի այս միջադեպի հետ՝ պաշտոնական պարզաբանումներ չկան։
Նարեկ Կիրակոսյան

