Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 

Լուրեր

05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վերջին շաբաթներին մամուլում և շինարարական ոլորտում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի շուկայում ցեմենտի պակասի խնդիրը։ Օգոստոսի վերջին տեղեկություններ սկսեցին տարածվել, որ շուկայում ցեմենտի առաջարկը նվազել է, իսկ որոշ վաճառքի կետերում անհրաժեշտ ծավալներով ապրանք ձեռք բերելն ավելի է դժվարացել։

Պակասի պատճառների վերաբերյալ տարբեր բացատրություններ են շրջանառվում։ Մի կողմից՝ նշվում է ցեմենտի ներմուծման ծավալների կրճատումը և արտաքին մատակարարումների խափանումները, մյուս կողմից ուշադրություն է հրավիրվում տեղական արտադրության վիճակին, «Արարատցեմենտ ՓԲ ընկերության նկատմամբ գործընթացը, գործող և չգործող ցեմենտի արտադրամասերին ու գործարաններին։

Factor.am-ը ուսումնասիրել է ցեմենտի ներմուծման, տեղական արտադրության և շինարարության ցուցանիշները՝ հասկանալու համար շուկայում ստեղծված իրավիճակի պատճառներն ու ծավալը։

Ցեմենտի արտադրությունն աճել է, բայց շուկան կենտրոնացած է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 502.1 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրությունն աճել է 2.4%-ով։

Սեպտեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ պետական կառավարման անցնելուց հետո «Արարատցեմենտ»-ը աշխատում է առավելագույն հզորությամբ։ Շուկայում առաջացած ցեմենտի պակասը Պապոյանը կապել է հարևան երկրներից մատակարարումների խաթարումների հետ։

Քանի որ Վիճակագրական կոմիտեի հրապարակային տվյալներում ցեմենտի արտադրությունը ներկայացվում է ամբողջ երկրի համար և առանձին ընկերությունների արտադրության ծավալները բացված չեն, Factor․am-ը դիտարկել է նաև Պապոյանի հրապարակմանը կից ներկայացված՝ «Արարատցեմենտ»-ի արտադրության ամսական տվյալները։

Այդ տվյալների հանրագումարից ստացվում է, որ 2026 թվականի հունվար-հուլիսին «Արարատցեմենտ»-ն արտադրել է 386,873 տոննա ցեմենտ։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում ընդհանուր առմամբ արտադրվել է 502.1 հազար տոննա ցեմենտ, այսինքն՝ «Արարատցեմենտ»-ին բաժին է ընկել երկրի արտադրության շուրջ 77%-ը։

Պապոյանի հրապարակած ամսական տվյալները նաև ցույց են տալիս, որ տարվա ընթացքում գործարանի արտադրության ծավալները աճել են, իսկ օգոստոսին հասել են 95.3 հազար տոննայի։ Միաժամանակ հրապարակված տվյալները չեն պարունակում «Արարատցեմենտ»-ի՝ 2025 թվականի նույն ամիսների արտադրության ցուցանիշները, հետևաբար միայն դրանց հիման վրա հնարավոր չէ գնահատել ընկերության արտադրության տարեկան աճը։

Հուլիսի 21-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ պետության անունից «Արարատցեմենտ»-ի կառավարումն իրականացնելու է Էկոնոմիկայի նախարարությունը։ Հուլիսի վերջին ընկերության կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը, ով մինչ այդ ՀՀ վարչապետի օգնականն էր։

Դրան նախորդել էր Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Դեռ 2023 թվականին Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց էր ներկայացրել, որով պահանջվում էր, ի թիվս այլ գույքի, բռնագանձել նաև «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերը։ 2026 թվականի հուլիսի 13-ին Դատախազությունը միջնորդել էր որպես հայցի ապահովման միջոց ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել պետությանը։ Հուլիսի 15-ին դատարանը բավարարել է միջնորդությունը, իսկ հուլիսի 16-ին Դատախազությունը հրապարակել է որոշման մասին տեղեկությունը։

Այս իրադարձություններից ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Ծառուկյանը մեղադրանքները չի ընդունում։

«Շինցեմենտը»՝ արտադրության շուրջ 15%-ը

Տեղական արտադրության մեծությամբ երկրորդը Արարատ քաղաքում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ-ն է։

2025 թվականի մարտին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ ընկերություն կատարած այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Շինցեմենտ»-ին  բաժին էր ընկնում Հայաստանում արտադրվող ցեմենտի շուրջ 15%-ը։ Ընկերությունն աշխատում է երեք աղացով և տարեկան արտադրում շուրջ 140 հազար տոննա ցեմենտ։

Ըստ ՀՀ ռեգիստրի տվյլաների՝ «Շինցեմենտ»-ի բաժնետոմսերը հավասար՝ 50-ական տոկոսով պատկանում են Գուրգեն Սարգսյանին և Համազասպ Պողոսյանին։ Գուրգեն Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի որդին է։

Այս ընկերության գույքի վրա 2024թ․ կիրառվել է սահմանափակում 8 մլն 959 հազար դրամի չափով, որը հանվել է 2026թ․ հունվարին։ Թե ինչու է հանվել գույքի վրա կիրառված սահամանփակումը՝ առկա տվյալներից պարզ չէ։

2024 թ․ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ «Շինցեմենտ» ՍՊԸ-ից գումար բռնագանձելու պահանջով, քանի որ ընկերությունները կնքել էին համաձայնագիր, որով «Շինցեմենտը» պարտավորվել էր երկաթուղով փոխադրել առնվազն 100,000 տոննա ցեմենտի կլինկեր՝ 0.9 զեղչային գործակցի կիրառմամբ, սակայն մատակարարման խափանումների պատճառով չի ապահովել այդ ծավալը։ Ծավալը չապահովելու հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղին» իրականացրել է փոխադրումների վերահաշվարկ՝ առանց զեղչի կիրառման, ինչի վճարումից պատասխանող կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ Վրաստանից մատակարարման դադարեցումը եղել է անհաղթահարելի ուժ (ֆորս-մաժոր)։ 2025 թվականի ապրիլի 18-ին Առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀԿԵ-ի հայցը՝ արձանագրելով, որ մատակարարումների բացակայությունը ֆորս-մաժոր չի համարվում, սակայն «Շինցեմենտը» բողոքարկել է այդ վճիռը, իսկ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի վճիռը թողել է անփոփոխ։

Այսպիսով, հրապարակային տվյալներից ստացվում է, որ Հայաստանի տեղական ցեմենտի արտադրության գերակշիռ մասը կենտրոնացած է երկու ընկերությունների ձեռքում, ընդ որում՝ միայն «Արարատցեմենտ»-ին 2026 թվականի առաջին յոթ ամիսներին բաժին է ընկել արտադրության շուրջ երեք քառորդը։

Երկու արտադրողները տարբեր հումքային բազա ունեն

«Արարատցեմենտ»-ի և «Շինցեմենտ»-ի արտադրական մոդելները տարբեր են նաև հումքի տեսանկյունից։

«Արարատցեմենտ»-ն ունի սեփական հանքային հումքի բազա։ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընկերության հանքարդյունահանման գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Արարատցեմենտ»-ը դեռևս 2008 թվականից տրավերտինի և կավի արդյունահանման թույլտվություն է ունեցել Արարատի մարզում։

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ փաստաթղթերում նշվում է նաև, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին մինչև 2042 թվականը տրամադրված է Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների հանքավայրը շահագործելու իրավունք։

«Շինցեմենտի» դեպքում արտադրական շղթան այլ է։ 2018 թվականի բնապահպանական փաստաթղթում ընկերության հիմնական հումք է նշված պատրաստի կլինկերը։

Հետագա տարիներին «Շինցեմենտ»-ը դարձել է նաև կլինկերի խոշոր ներմուծող։ Սա նշանակում է, որ ի տարբերություն սեփական հանքային հումքի բազա ունեցող «Արարատցեմենտ»-ի, «Շինցեմենտ»-ի արտադրությունն ավելի անմիջականորեն կապված է պատրաստի կլինկերի մատակարարումներից։

Հրազդանի գործարանը՝ սնանկ

Հրազդանի ցեմենտի գործարանը, որը ժամանակին Հայաստանի երկու հիմնական ցեմենտ արտադրողներից էր, այսօր չի գործում։ 2000-ականների սկզբին գործարանը գործում էր «Միկա-Ցեմենտ» անվամբ՝ գործարար Միխայիլ Բաղդասարովի կառավարման ներքո։ 2008 թվականին այն արտադրել է շուրջ 375 հազար տոննա ցեմենտ՝ ապահովելով այդ տարվա Հայաստանի ցեմենտի արտադրության մոտ 49%-ը։ Սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած շինարարության անկման, արտադրության նվազման և կուտակված պարտքերի պայմաններում ընկերության ֆինանսական վիճակը վատացել է։

2017 թ. նոյեմբերի 30-ին դատարանի վճռով սնանկ է ճանաչվել «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ն՝ նախկին «Միկա-Ցեմենտ»-ը։ Դրանից հետո գործարանի ակտիվները վաճառքի են հանվել, իսկ 2017-ի դեկտեմբերի 19-ին արդեն գրանցվել է նոր իրավաբանական անձ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որը դարձել է գործարանի նոր սեփականատերը։ 2022թ․ նոյեմբերին ընկերությունը ճանաչվել է սնանկ։ 

2026 թվականին սնանկ ընկերությանը պատկանող գույքը մի քանի անգամ հանվել է աճուրդի։ Սեպտեմբերի 2-ի աճուրդի ժամանակ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության և վարձակալության իրավունքով պատկանող 44 անշարժ և շարժական գույք մեկ միասնական լոտով հանվել էր հրապարակային աճուրդի։ «Ազդարար»-ում հրապարակված պաշտոնական հայտարարության համաձայն՝ լոտի արժեքը կազմել է 11 մլրդ 101 մլն 578 հազար դրամ։

Աճուրդին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն, որը գործարանի գույքը ձեռք է բերել շուրջ 11.1 մլրդ դրամով։ Ընկերության սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է։

Գործարքի մասին հայտարարությունից հետո Նալբանդյանին պատկանող «Eighty Eight» համալիրի էջից հայտնել են, որ նախատեսվում է գործարանում իրականացնել լայնածավալ ներդրումային ծրագիր՝ վերազինել սարքավորումները, վերականգնել արտադրական ներուժը և ստեղծել նոր աշխատատեղեր։

2019-ից սահմանափակվող ներմուծումը հոկտեմբերի 1-ին ազատականացվեց

Ցեմենտի ներմուծման նկատմամբ լրացուցիչ պետական տուրք Հայաստանում սահմանվել է դեռ 2019 թվականին։ Երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար այդ ժամանակ սահմանվել էր 14 հազար դրամ պետական տուրք։ Կարգավորումը հիմնավորվում էր տեղական արտադրողներին ցածր գնով ներմուծվող, հիմնականում իրանական ցեմենտի մրցակցությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Այս որոշման ընդունման ընթացքում ԱԺ-ում բուռն բանավեճ էր ծավալվել իշխող «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների միջև։ Վեճի հիմնական առարկան ցեմենտի հումքի՝ կլինկերի ներմուծումն էր։ ԲՀԿ-ի անդամները պնդում էին, որ եթե տուրք սահմանվի միայն պատրաստի ցեմենտի, բայց ոչ կլինկերի համար, տեղական արտադրողներին ավելի շահավետ կլինի կլինկեր ներմուծել և Հայաստանում միայն աղալ այն, ինչի հետևանքով կարող է կրճատվել տեղական արտադրությունը։ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ էլ հակադարձում էին, որ կլինկերի ներմուծումը սահմանափակելու տնտեսական անհրաժեշտությունը բավարար չափով հիմնավորված չէ, իսկ էժան ներմուծումը կարող է խթանել մրցակցությունն ու շինարարությունը։ 

Սկզբնական կարգավորումը գործել է մինչև 2020 թվականի վերջը, իսկ 2021 թվականի հուլիսի 8-ից ցեմենտի ներմուծման համար ներդրվել է  լիցենզավորման նոր մեխանիզմ։ Յուրաքանչյուր մինչև 100 տոննա ցեմենտի ներմուծման լիցենզիայի համար պետական տուրքը սահմանվել էր 1.4 մլն դրամ՝ բազային տուրքի 1400-ապատիկի չափով։

2022 թվականի հոկտեմբերին տուրքի չափը նվազեցվել է․ յուրաքանչյուր մինչև 100 տոննայի ներմուծման լիցենզիայի համար այն դարձել է 200 հազար դրամ՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով։

2025 թվականին, սակայն, կառավարությունը կրկին խստացրել է կարգավորումը։ 2025 թվականի հունիսի 14-ից լիցենզիայի պետական տուրքը քառապատկվել է՝ 200-ապատիկից դառնալով բազային տուրքի 800-ապատիկ՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննայի ներմուծման համար։ Դա կազմում է 800 հազար դրամ մեկ լիցենզիայի համար կամ 100 տոննա ամբողջական խմբաքանակի դեպքում՝ 8 հազար դրամ մեկ տոննայի հաշվով։ Կառավարությունն այս փոփոխությունը ևս հիմնավորում էր տեղական արտադրողի մրցունակությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Factor.am-ի հետ զրույցում շինարարներն ասացին, որ այս պահին շուկայում 1 տոննա ցեմենտի արժեքը կազմում է մոտ 80 հազար դրամ (50 կգ-ի արժեքը՝ 4000 դրամ), իսկ մինչև շուկայում ցեմենտի պակասի հետ կապված խնդիրները 1 տոննա ցեմենտի արժեքը կազմել է մոտ 52 հազար դրամ (50 կգ-ի արժեքը՝ 2600 դրամ)։ 

Այսինքն ցեմենտի շուկայական արժեքը թանկացել է մոտ 53,8%-ով։

Այս կարգավորումը պահպանվել էր նաև 2026 թվականին։ Ընդամենը հունիսին կառավարությունը կրկին որոշել էր շարունակել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման լիցենզավորումը մինչև 2027 թ․ հունվարի 23-ը։

Սակայն  հոկտեմբերի 1-ին, կառավարությունը որոշել է հրաժարվել ժամանակավոր սահմանափակումից։ Էկոնոմիկայի նախարարության պարզաբանմամբ՝ ցեմենտի ներմուծման համար այլևս լիցենզիա չի պահանջվի։ Հետևաբար չի գանձվի նաև այդ լիցենզիայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքը։

Նախարարությունը մոտեցման փոփոխությունը հիմնավորում է ներմուծման լոգիստիկ բարդություններով, բեռնափոխադրման արժեքների և ժամկետների ավելացմամբ, ինչպես նաև ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությամբ։ Ըստ նախարարության՝ նոր կարգավորումը պետք է նպաստի շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորմանը։

Ցեմենտի ներմուծումն աճել է

Տեղական արտադրությունից բացի, Հայաստանի շուկան զգալիորեն կախված է ներմուծվող պատրաստի ցեմենտից և կլինկերից։

Factor.am-ը Պետական եկամուտների կոմիտեից գրավոր հարցմամբ ստացել է 2523 ապրանքախմբի՝ ցեմենտի կլինկերի (252310) և պորտլանդցեմենտի (252329) ներմուծման ծավալների ու մաքսային արժեքի վերաբերյալ տվյալները։

Այս երկու ենթախմբերին բաժին է ընկնում ցեմենտի (դրա հումքի) ներմուծման հիմնական մասը, ուստի դրանց ցուցանիշները հնարավորություն են տալիս գնահատելու ներմուծման ընդհանուր դինամիկան։ Համեմատության համար դիտարկել ենք նաև ՄԱԿ-ի UN Comtrade տվյալների բազայի ցուցանիշները։

ՊԵԿ-ի՝ 2026 թվականի հուլիս-օգոստոսի տվյալները UN Comtrade-ում հրապարակված 2025 թվականի նույն ամիսների ցուցանիշների հետ համեմատելը ցույց է տալիս, որ կլինկերի և պորտլանդցեմենտի ներմուծման ֆիզիկական ծավալն աճել է 16.3%-ով։

Եթե դիտարկենք առանձին, կլինկերի ներմուծման ծավալը այս երկու ամիսներին միասին աճել է 34 %-ով, իսկ պորտլանդցեմենտի ներմուծման ծավալները՝ 7.9%-ով։

Ըստ առանձին երկրների հուլիսին Վրաստանից պորտլանդցեմենտի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 30.6 %-ով , իսկ Իրանից ներմուծումը աճել է՝ 17%-ով։

Օգոստոսին էլ ունենք հակառակ պատկերը։ Պորտլանդցեմենտի ներմուծումը Իրանից նվազել է 0.9%-ով, իսկ Վրաստանից ներմուծումը ավելացել է ՝ 132.4%-ով։

 

Փաստացի ստացվում է, որ ցեմենտի համար՝ ամենաշատ ծավալներով ներմուծող ապրանքախմբերից ոչ մեկը չի նվազել, ընդհակառակը դրանք աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Առանց երկրների, դիտարկել ենք նաև ՀՀ վիճակագրական կոմիտեում ցեմենտ (2523)  ապրանքախմբի ցուցանիշները։

Ըստ այդ ցուցանիշների՝ ցեմենտի ներմուծումը հունվար-հուլիս ամսիներին կազմել է 420 հազար 810.78 տոննա, նախորդ տարվա համեմատ այն ավելացել է 10.4%-ով։ 

Միայն հուլիսին ցեմենտի ներմուծման ծավալները կազմել է 75 հազար  623.79 տոննա, որի 99.5% կազմել է կլիկերի և պորտլանդցեմենտի ներմուծումը։

Հուլիսին ընդհանուր ցեմենտի ներմուծումը, 2025 թ․ հուլիսի համեմատ աճել է 22.4%-ով։

Շինարարությունն աճել է շատ ավելի արագ

Միաժամանակ, ցեմենտի շուկայի մյուս կողմում՝ շինարարության ոլորտում, 2026 թվականին արձանագրվել է զգալի աճ:

Վիճակագրական կոմիտեի ամփոփ օպերատիվ տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.7%-ով։

Միայն օգոստոսին, 2025 թվականի օգոստոսի համեմատ, շինարարության ծավալն աճել է 23.8%-ով։ 

Վերջին հրապարակման մեջ շինարարության ծավալը դրամական արտահայտությամբ ներկայացված չէ, նշված է միայն նախորդ տարվա համեմատ տոկոսային փոփոխությունը, հետևաբար՝ առավել ամբողջական պատկեր ստանալու համար դիտարկել ենք նաև նախորդ տարիների համապատասխան ժամանակահատվածների ցուցանիշները։

2017-2026 թվականների հունվար-հուլիս ժամանակահատվածների համեմատությունը ցույց է տալիս, որ շինարարության ծավալն աճել է 156.6%-ով։

2026 թվականի հունվար-հուլիսին շինարարության ծավալը 25%-ով աճել է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ։

Բետոնի արտադրությունը, հակառակը, նվազել է

Շինարարության ընդհանուր աճի պայմաններում ապրանքային բետոնի արտադրությունը նվազել է։

2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 963,415.6 խմ ապրանքային բետոն՝ 8.6%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Սակայն այս նվազումը միայն 2026 թվականին չի սկսվել։ 2025 թվականի հունվար-հուլիսին ևս ապրանքային բետոնի արտադրությունը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր՝ 12.4%-ով։

Ցեմենտը ապրանքային բետոնի հիմնական բաղադրիչներից է, սակայն միայն այս ցուցանիշի նվազումից հնարավոր չէ եզրակացնել, որ ցեմենտի ընդհանուր պահանջարկը նույնպես նվազել է։ Ցեմենտը օգտագործվում է նաև շինարարական այլ աշխատանքներում և արտադրատեսակներում, իսկ հասանելի տվյալները չեն տալիս դրա վերջնական սպառման ամբողջական կառուցվածքը։

Այսպիսով՝ ինչո՞վ կարելի է բացատրել ցեմենտի պակասը

Հրապարակային վիճակագրությունը ցույց չի տալիս, որ 2026 թվականին Հայաստանի ցեմենտի շուկայում առաջարկի ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է։ Հունվար-հուլիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 2.4%-ով, իսկ 2523 ապրանքախմբի՝ ցեմենտի և ցեմենտային արտադրանքի ներմուծումը՝ 10.4%-ով։ Միայն հուլիսին ներմուծման ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 22.4%-ով։

Միաժամանակ, այս թվերը չեն բացառում սեպտեմբերին շուկայում ցեմենտի պակասի առաջացումը։ Տարեկան կամ մի քանի ամիսների հանրագումարային տվյալները չեն ցույց տալիս, թե ներմուծումն ու արտադրանքը ինչպես են բաշխվել առանձին շաբաթների ընթացքում, ինչ պաշարներ են եղել պահեստներում, կամ արդյոք մատակարարման խնդիրներ են առաջացել ցեմենտի առանձին տեսակների կամ առանձին շուկաների համար։

Շինարարության ոլորտում, մյուս կողմից, արձանագրվել է բարձր ակտիվություն․ 2026 թվականի հունվար-օգոստոսին շինարարության դրամական ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.7%-ով։ Սակայն այս ցուցանիշն ինքնին չի նշանակում, որ ցեմենտի պահանջարկն աճել է նույն չափով։ 

Շուկայում առաջացած խնդրի մասին վկայում է նաև կառավարության հոկտեմբերի 1-ի որոշման հիմնավորումը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ կառավարությունը նպատակահարմար էր համարել մինչև 2027 թվականի հունվարի 23-ը պահպանել ցեմենտի ներմուծման լիցենզավորումը, մինչդեռ այժմ որոշել է վերացնել այդ սահմանափակումը և լիցենզիայի պահանջը։

Էկոնոմիկայի նախարարությունը որոշման փոփոխությունը հիմնավորում է ցեմենտի ներկրման լոգիստիկ բարդություններով, բեռնափոխադրման արժեքների ու ժամկետների ավելացմամբ և ներքին շուկայում առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության փոփոխությամբ։ Նպատակ է նշվում նաև շուկայում ցեմենտի բավարար առաջարկի ապահովումը։

Այսպիսով, առկա տվյալներով ցեմենտի պակասը հիմնավորված չէ բացատրել տարվա կտրվածքով տեղական արտադրության կամ ներմուծման ընդհանուր անկմամբ։ Ավելի հավանական է, որ օգոստոս-սեպտեմբերին շուկայում ձևավորվել է կարճաժամկետ առաջարկի և պահանջարկի անհավասարակշռություն, որին կարող էին նպաստել արտաքին մատակարարումների և լոգիստիկայի խափանումները, ինչպես նաև շինարարական անսպասելի ակտիվությունը:

Մարիա Խաչատրյան