Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
Քաղաքականություն
02.10.2026 | 11:37
Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։
Այսօր նախաձեռնված քրեական վարույթը միացվել է արդեն իսկ առկա վարույթին։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ օրվա երկրորդ կեսին հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին:
Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:
Վիրավորում ստացած քաղաքացին երեք անչափահաս երեխաների մայր է և ինչպես Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը պատմել է Azatutyun TV-ին միջադեպը տեղի է ունեցել հենց երեխաների աչքի առաջ:
«Մտել էր այդ կնոջ տուն: Երեխաները նոր էին դպրոցից եկել, տանն էին ու իրենք էին պատմում, որ մորը վնասել է ու փախել: Կինը կարողացել էր տնից դուրս գալ, փախչել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրունկի հատվածում ստացել է թեթև հրազենային վիրավորում, կյանքին վտանգ չի սպառնում»,- պատմել է Մանուչարյանը:
Վարչական ղեկավարը հայտնել է, որ ներխուժողը ևս վնասվածք էի ունեցել՝ կրծքավանդակի ձախ հատվածում դանակի հարվածի հետք:
«Արյան հետքերով ընկանք, փնտրեցինք իրավապահների հետ: Զրահաբաճկոններով զինված համապատասխան ստորաբաժանումները շատ արագ և օպերատիվ վնասազերծեցին նրան՝ առանց որևէ միջադեպի: Երբ բռնեցինք, արդեն ուժասպառ էր եղել արյունահոսությունից: Մեկ-երկու բառ ադրբեջաներեն հարցրի, ասաց՝ «օլդում» (թարգ.- մեռնում եմ): Ասացի՝ չես մեռնի: Նրա մոտ եղած ավտոմատը իրավապահները վերցրին, իրեն էլ շտապօգնության մեքենայով, զորքի ուղեկցությամբ տարան»,- պատմել է նա:
Արփի Հակոբյան

