Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը

Լուրեր

01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:30
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և վերացրել Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնեմասի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը փոխելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։

Դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշմամբ մերժվել են ինչպես Լևոն Քոչարյանի և Սիրանուշ Քոչարյանի, այնպես էլ «Նաիրի Ինշուրանս»-ի միջնորդությունները։ Որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։

Գործը քննվում է Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Բելա Քոչարյանի, Սեդրակ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի, Սիրանուշ Քոչարյանի և մյուս պատասխանողների դեմ, իսկ գործը վարույթ է ընդունվել դեռևս 2023 թվականի հուլիսին։

2023 թվականի հուլիսի 13-ին դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, սահմանափակել էր Լևոն Քոչարյանի անվամբ «Նաիրի Ինշուրանս»-ում գրանցված բաժնեմասի մի մասի տնօրինումը։ 2024 թվականի ապրիլին ևս 3.327 մլրդ դրամի չափով արգելանք էր դրվել Լևոն և Սիրանուշ Քոչարյաններին պատկանող գույքի վրա՝ որոշ բացառություններով։

Ամուսինների ներկայացուցիչը 2025 թվականի դեկտեմբերին միջնորդել էր փոխել կիրառված ապահովման միջոցը։ Ըստ առաջարկի՝ պետք էր վերացնել «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի նկատմամբ արգելանքը, թույլ տալ բաժնեմասի մի մասը վաճառել ընկերության մյուս մասնակցին և հենց ընկերությանը, իսկ վաճառքից ստացվելիք գումարի վրա նոր արգելանք դնել։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 27-ին բավարարել էր այդ միջնորդությունը, սակայն Գլխավոր դատախազությունը որոշումը բողոքարկել էր։ Դատախազությունը պնդել էր, որ բաժնեմասը հայցում ներառված է որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք, և դրա օտարումը կարող է անհնար դարձնել այն հետագայում հենց բնեղենով՝ որպես կոնկրետ գույք, բռնագանձելը։

Վերաքննիչ դատարանը համաձայնել է, որ բաժնեմասի վաճառքի ցանկությունը կամ այն գնելու՝ մյուս մասնակցի և ընկերության պատրաստակամությունը բավարար հիմք չեն նախկինում կիրառված արգելանքը փոխելու համար։ Դատարանը նշել է, որ այդ իրավունքներն առկա էին նաև այն ժամանակ, երբ արգելանքը սկզբնապես կիրառվել էր, հետևաբար դրանք նոր հանգամանք չեն։

Դատարանը նաև արձանագրել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով առաջնայինը կոնկրետ գույքի՝ բնեղենով բռնագանձումն է, իսկ դրա դրամական համարժեքի բռնագանձումը նախատեսվում է այն դեպքում, երբ բնեղենով բռնագանձումն անհնար է։ Ըստ Վերաքննիչի՝ գործի քննության ընթացքում բաժնեմասը գումարի վերածելը կարող էր խաթարել հենց այդ առաջնահերթությունը։

«Նաիրի Ինշուրանս»-ը, իր հերթին, պնդել էր, որ արգելանքը խոչընդոտում է ընկերության գործունեությանը, մասնավորապես՝ մրցույթներին մասնակցությանը և վնասում է գործարար համբավին։ Սակայն Վերաքննիչ դատարանը համարել է, որ այդ կապը ապացուցված չէ։ Դատարանը նշել է, որ արգելանքը կիրառվել է ոչ թե ընկերության գույքի, այլ Լևոն Քոչարյանի՝ ընկերությունում ունեցած բաժնեմասի նկատմամբ, և ներկայացված մրցութային փաստաթղթերում սահմանափակումները վերաբերում էին հենց ընկերության գույքի վրա առկա կալանքներին։

Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ՝ կողմերը չեն հիմնավորել, որ սկզբնական արգելանքը կիրառելուց հետո առաջացել է որևէ նոր փաստ կամ ապացույց, որի պատճառով այլևս անհրաժեշտ չէ պահպանել նախկին ապահովման միջոցը։ Այդ պատճառով դատարանը վերացրել է Հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 27-ի որոշումը և ամբողջությամբ մերժել հայցի ապահովման միջոցը փոխելու միջնորդությունները։

 

Եվգենյա Համբարձումյան