Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
Հասարակություն
01.10.2026 | 10:50
Ժամանակավորապես փակվել են Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ գազալցակայանները փակվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշեցին ՔԿ-ից։
Հարություն Մանուչարյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավարն է, ով պաշտոնավարել է 2017-2022 թվականներին։ Մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է Բերդ քաղաքի քաղաքապետը։
2022 թվականի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը հաղթանակ տարավ։ Սակայն, նույն թվականի հոկտեմբերին նա հայտարարեց ավագանու մանդատից հրաժարվելու մասին։
2021-2022 թվականներից սկսած հայտնվել է իրավապահների թիրախում։ Մեղադրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և որդու կողմից կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու հետ կապված չարաշահումների մեջ։
Այս ընթացքում նա մի քանի անգամ ձերբակալվել ու կալանավորվել է։ 2026 թվականի օգոստոսին դատարանը մերժել է նրա կալանքը երկարացնելու միջնորդությունը։
Անի Թամրազյան

