Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
Քաղաքականություն
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել բոլոր չվերթները դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Boeing 737 MAX 8 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի քննության ընթացքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Ժամանակավոր դադարեցումը հնարավորություն կտա համապատասխան մարմիններին շարունակել իրենց աշխատանքը և պարզել միջադեպի բոլոր հանգամանքները»,- հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ավիաընկերությունը «սերտորեն համակարգում է իր գործողությունները» Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության և մյուս «շահագրգիռ կողմերի» հետ։ Թռիչքները վերսկսելու որոշումը կկայացվի «լրացուցիչ տեղեկությունների ստացմանը զուգընթաց»։
Նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել էր չեղարկել Flydubai-ի բոլոր չվերթները դեպի Իսրայել։ Նա կոչ էր արել Քաղաքացիական ավիացիայի վարչությանը հետաքննել՝ արդյո՞ք ԱՄԷ-ն չի խախտել Իսրայելի հետ կնքված ավիացիոն համաձայնագիրը, որի համաձայն՝ երկրում կարող են վայրէջք կատարել միայն այն օդաչուները, որոնք ունեն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների անձնագրեր։ Օմանի հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի։
Հավելենք, որ Flydubai ավիաընկերության Դուբայից Թել Ավիվ թռչող FZ1073 չվերթը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 9:00-ին արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ օդանավակայանում՝ ինքնաթիռի առևանգման փորձի մասին հաղորդումից հետո: Միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել խցիկում տեղի ունեցած կռվի պատճառով: Ըստ հիմնական վարկածի՝ երկրորդ օդաչուն դանակով հարձակվել է կապիտանի վրա և փորձել իր ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը։ Պայքարի ընթացքում ինքնաթիռն ընդամենը 29 վայրկյանում կտրուկ անկում է ապրել՝ 9410 մետր բարձրությունից հասնելով 5105 մետրի Սաուդյան Արաբիայի տարածքում։
Boeing 737 MAX 8-ում 174 մարդ է եղել, այդ թվում՝ 27 երեխա, որոնց մեծ մասը՝ Իսրայելի քաղաքացիներ։ Որոշ ուղևորների խոսքով՝ նրանք նախ օդաչուի խցիկից ճիչեր են լսել, ապա խցիկի դուռը բացվել է, և տեսել են, որ օդաչուներից մեկը վիրավոր է, նրա հագուստն արյան մեջ է եղել։ Նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, ուղևորներից մեկը բժիշկ է եղել։ Անձնակազմին և ուղևորներին նույնպես հաջողվել է վնասազերծել հարձակվողին։
Սաուդյան Արաբիայում վայրէջքը կատարել են երկու այլ օդաչուներ, որոնք ինքնաթիռում էին որպես ուղևորներ: CNN-ի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջքի են տարել երկու «պահեստային օդաչուները», որոնք պետք է կատարեին հաջորդ չվերթը: Israel Hayom թերթը հայտնել էր, թե նրանք ուկրաինացի և ռուս են: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:
Հաղորդվել էր նաև, որ ինքնաթիռի վայրէջքը կարող էին կատարել Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիները։
Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են օդաչուին, որը դանակով վիրավորել էր գործընկերոջը։ Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը Օմանի քաղաքացու մասին է։ Բրիտանական The Telegraph-ի հաղորդմամբ՝ իսրայելական հատուկ ծառայությունների աղբյուրները չեն բացառում, որ նա մտադիր է եղել զավթել ինքնաթիռի կառավարումը՝ այն Թել Ավիվի երկնաքերերից մեկին ուղղելու համար։
«Ենթադրվում է, որ սա սեպտեմբերի 11-ի նման սցենար էր, երբ երկրորդ օդաչուն սպանում է օդաչուին և ինքնաթիռը՝ բոլոր ուղևորների հետ միասին, կործանում Իսրայելի տարածքում։ Ուղևորների մեծ մասը իսրայելցիներ էին»,- հայտնել է աղբյուրներից մեկը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չվերթի հետ կապված միջադեպն անվանել է «ջիհադիստական ահաբեկչության փորձ»։
Դանակահարված օդաչուն եղել է անձնակազմի հրամանատարը՝ Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարը։
«Չնայած ծանր վնասվածքներին՝ նա դիմադրել է, բացել օդաչուների խցիկի դուռը և հնարավորություն տվել ուղևորներին ու անձնակազմի անդամներին վնասազերծել հարձակվողին՝ կանխելով օդում տեղի ունենալիք աղետը»,- գրել է Նեթանյահուն X սոցիալական ցանցում։
Օդաչուի վիճակը գնահատվում է կայուն։
FZ1073 չվերթի՝ Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջքից հետո Flydubai ավիաընկերությունը երկրորդ ինքնաթիռն էր ուղարկել՝ ուղևորներին Իսրայել տեղափոխելու համար։ Այն վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

