FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
Քաղաքականություն
30.09.2026 | 23:29
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ողջ օրվա ընթացքում հակասական տեղեկություններ էին շրջանառվում միջազգային լրատվամիջոցներում։ Ինքնաթիռից «առևանգման» ազդանշան էր ստացվել, հետո պարզ դարձավ, որ միջադեպ է տեղի ունեցել օդաչուների խցիկում, ինչից հետո ինքնաթիռի կառավարումը ստանձնել են օդանավում գտնվող երկու այլ օդաչուներ։
Այդ երկու օդաչուները եղել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ և Flydubai-ի ինքնաթիռում գտնվել են որպես ուղևորներ։ Նրանք միջամտել են իրավիճակին և կարողացել են ինքնաթիռը անվտանգ վայրէջքի տանել Սաուդյան Արաբիայում՝ կանխելով հնարավոր աղետը։ Ըստ DW-ի՝ այս մասին հայտնել է իսրայելական Israel Hayom պարբերականը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ օդաչուներից մեկը դանակով հարձակվել է մյուսի վրա և փորձել է ստանձնել ինքնաթիռի կառավարումը։ Ըստ այդ հաղորդումների՝ ինքնաթիռի հիմնական անձնակազմում եղել են Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներ, իսկ ենթադրյալ հարձակվողը Օմանի քաղաքացի է։
Իսրայելի իշխանությունները այժմ ստուգում են նաև այն վարկածը, որ միջադեպի հեղինակի նպատակը կարող էր լինել ինքնաթիռի կործանումը կամ ահաբեկչական գործողության իրականացումը։ Իսրայելական լրատվամիջոցները մեջբերել են կառավարության ներկայացուցչի խոսքերը, ըստ որոնց՝ «հաջողվել է կանխել խոշոր աղետը»։
Միջադեպից հետո Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել է դադարեցնել Flydubai-ի բոլոր չվերթները դեպի Իսրայել։ Նա նաև կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի վարչությանը պարզել, թե արդյոք ԱՄԷ-ն խախտել է Իսրայելի հետ կնքված ավիացիոն համաձայնագիրը։
Ռեգևի խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Իսրայելի ուղղությամբ չվերթներ իրականացնող ինքնաթիռներում կարող են լինել միայն այն երկրների անձնագրեր ունեցող օդաչուներ, որոնք դիվանագիտական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ։ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի Օմանի հետ։
Միաժամանակ, միջադեպի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հաղորդումները տարբերվում են, և պաշտոնական հետաքննության արդյունքները դեռևս չեն հրապարակվել։
Թարգմանությունը՝ Ա.Ժամհարյանի

