Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
Քաղաքականություն
29.09.2026 | 23:03
Ռուսաստանում բնակվող թալիշ իրավապաշտպան Հաֆիզ Իսմայիլովը ձերբակալվել է Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական անկախ Toplum TV-ին հայտնել է ակտիվիստ Ալի Աղաևը։ Նա նշել է, որ Իսմայիլովը վերջերս այցելել է Ադրբեջան՝ հոր մահվան տարելիցին մասնակցելու համար, և սեպտեմբերի 6-ին ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից: Նրա խոսքով՝ ձերբակալության մասին տեղեկատվություն հնարավոր է եղել ստանալ միայն սեպտեմբերի 27-ին:
Ակտիվիստը, ըստ տեղեկությունների, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածով (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում): Պետական անվտանգության ծառայությունը չի մեկնաբանել ձերբակալությունը։
Աղաևն ակտիվիստի ձերբակալությունը կապում է սոցիալական ցանցերում նրա քննադատական գրառումների, մասնավորապես, վերջին տարիներին Ադրբեջանում թալիշ ակտիվիստների և հետազոտողների ձերբակալությունների դեմ իր բողոքի հետ։
25 տարի Ռուսաստանում բնակվող Իսմայիլովն աշխատել է այդ երկրի ոստիկանական ուժերում և թոշակի է անցել 5 տարի առաջ։
Վերջին տարիներին Ադրբեջանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք թալիշ ակտիվիստներ և հետազոտողներ, որոնք ապրում են արտասահմանում։ Բելառուսում բնակվող Իգբալ Աբիլովը ձերբակալվել է 2024 թվականի հուլիսին Ադրբեջան այցելելիս։ Անցյալ տարվա մայիսին դատարանը նրան դատապարտել է 18 տարվա ազատազրկման մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ դավաճանության։ 2025 թվականի մարտին Ռուսաստանում բնակվող պատմաբան Զահիրեդդին Իբրահիմովը արտահանձնվել է Ադրբեջանին և ձերբակալվել դավաճանության մեղադրանքով։Այդ տարվա նոյեմբերին Ռուսաստանում բնակվող ակտիվիստ Քամալ Իսաևը Թուրքիա բժշկական ուղևորության ժամանակ արտահանձնվել էր Ադրբեջանին։ Նույն թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել պետության դեմ կոչերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված խորհրդանիշներ տարածելու, ինչպես նաև ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

