ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
Քաղաքականություն
29.09.2026 | 18:30
Մոսկվայի Բասմանի դատարանը լրագրող Յուրի Դուդին ահաբեկչության կոչերի գործով հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։
Դրան նախորդել էր Դուդին «Ռոսֆինմոնիթորինգի» ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում ընդգրկելը, ինչը նշանակում էր, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Սակայն գործի մասին պաշտոնական տեղեկություն մինչ այժմ չէր հրապարակվել։
Արտերկրում բնակվող Դուդը նախորդ տարվա աշնանը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել էր 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ «օտարերկրյա գործակալի» պարտականությունների կատարումից խուսափելու մասին հոդվածով։ Սա այդ հոդվածով իրական ազատազրկման առաջին դատավճիռն էր (թեև հեռակա կարգով)։ Հոդվածը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում։
Դուդը հայտնի է հանրահայտ մարդկանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների և հասարակական գործիչների, ինչպես նաև Կրեմլի քննադատների հետ հարցազրույցներով։ 2026 թվականի ապրիլին Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր Դուդի գործողություններին «իրավական գնահատական տալ»՝ Ուկրաինայի կողմից կռվող «Ռուսական կամավորական կորպուսի» հիմնադիր Դենիս Կապուստինի հետ նրա հարցազրույցի հրապարակումից հետո։ Ռուսաստանում կորպուսը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ստուգման արդյունքների մասին հրապարակայնորեն չի հաղորդվել։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք քրեական գործը կապված է հենց Կապուստինի հարցազրույցի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

