Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
Քաղաքականություն
29.09.2026 | 12:41
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից կազմակերպված «Վերադարձի իրավունք և ապագաղութացում․ ուշացած պատմական արդարության վերականգնում» թեմայով հակահայկական համաժողովը։ Բաքվի նախաձեռնությունների խմբի կազմակերպած միջոցառման ընթացքում քննարկվել են վերադարձի իրավունքի, ապագաղութացման, ինքնորոշման, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանման հարցերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաժողովի բացման ժամանակ Բաքվի նախաձեռնությունների խմբի հաղորդակցության և տվյալների վերլուծության բաժնի ղեկավար Էլգյուն Հաջիևը հայտարարել է, որ «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և միջազգային մեխանիզմների շրջանակում»։
«Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է։ Հայրենի վայրեր վերադարձը միայն ֆիզիկական վերադարձ չէ։ Դա նշանակում է ինքնության, արժանապատվության, պատմական հիշողության և մշակութային շարունակականության վերականգնում»,- հայտարարել է Հաջիևը։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է կարճամետրած վավերագրական ֆիլմ, որը պատմում է, իբր, «Հայաստանի տարածքում էթնիկ զտումների ենթարկված և իրենց բնակավայրերից վտարված ադրբեջանցիների մասին»։ Քննարկումների ընթացքում էլ Անվտանգության քաղաքականության հետազոտությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Ալի Մամեդովը առանձին անդրադարձել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցին»։ Նա նշել է, թե ավելի քան երեք տասնամյակ անց վերադարձի և մշակութային ժառանգության պահպանման հարցերը շարունակում են արդիական մնալ։ Մամեդովը նաև խոսել է Հայաստանի տարբեր շրջաններում, իբր, «ադրբեջանական համայնքների պատմական ներկայության մասին՝ դրա հետ կապելով պահպանված կամ փաստաթղթերով հայտնի մզկիթները, գերեզմանատները, բնակավայրերն ու տեղանունները»։
Համաժողովին մասնակցել են Նոր Կալեդոնիայի, Կորսիկայի, Սեն-Մարտենի, Կարիբյան ավազանի և Աֆրիկայի երկրների ներկայացուցիչներ, սիկհական համայնքի ներկայացուցիչներ, նախկին պետական պաշտոնյաներ, փորձագետներ, ինչպես նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման արդյունքներով Բաքվի նախաձեռնող խումբը և համաժողովի մասնակիցներն ընդունել են դիմում՝ ուղղված ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին։ Փաստաթղթում կոչ է արվում նպաստել «Արևմտյան Ադրբեջանի հետ կապ ունեցող մարդկանց անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ապահովել Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությունը»։
2023 թվականի հուլիսին Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Ֆրանսիայի, ինչպես նաև Բելգիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի, հիմա էլ՝ Հայաստանի դեմ տարբեր միջոցառումներ է կազմակերպում։ Այն պաշտոնապես հանդես է գալիս որպես միջազգային հարթակ՝ ուղղված, իբր, ֆրանսիական գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ պայքարին, կազմակերպվող միջոցառումներին ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչներին։ Ադրբեջանը նաև ֆինանսավորում է վերջիններիս։ Վերջին շրջանում խումբն իր թիրախում ներառել է նաև այլ երկրներ: Անցկացվել են քննարկումներ Նիդերլանդների անդրծովյան տարածքների վերաբերյալ, ինչպես նաև համաժողովներ՝ ուղղված Հնդկաստանում սիկխերի և այլ փոքրամասնությունների խնդիրներին:
Հավելենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։
Էմմա Չոբանյան

