«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
Քաղաքականություն
29.09.2026 | 13:09
Մեծ Բրիտանիայի Գլոսթերշիր կոմսությունում գտնվող RAF Fairford ավիաբազայի մոտ սեպտեմբերի 27-ին մի քանի տղամարդու ձերբակալության միջադեպը, որոնց կասկածում են պայթուցիկ նյութերի հետ կապված իրավախախտումների մեջ, «շատ լուրջ դեպք է»։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Այս իրավիճակն այն դեպքերից է, երբ ակնհայտորեն օտարերկրյա դերակատարի ձեռքն է նկատվում»,- ասել է նա։
Լոնդոնն ԱՄՆ զինված ուժերին թույլ է տալիս RAF Fairford ավիաբազան օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողության համար։ Ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելիս Ռուբիոն շնորհակալություն է հայտնել բրիտանական իշխանություններին օգնության և համագործակցելու պատրաստակամության համար՝ նշելով, որ միջադեպին համապատասխան արձագանք է տրվել։
Միաժամանակ, Մարկո Ռուբիոն հրաժարվել է մանրամասներ հայտնել հետաքննության վերաբերյալ՝ նշելով միայն, որ աշխարհում կան որոշակի ուժեր, «օրինակ՝ Իրանը», որոնք սպառնալիք են ներկայացնում ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի շահերի համար։
«Մենք միշտ շատ լուրջ ենք վերաբերվելու դրան և նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկելու՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, նույնիսկ եթե խոսքը ԱՄՆ-ի շահերին վնաս հասցնելու փորձերի մասին է»,- հայտարարել է Ռուբիոն։
Սեպտեմբերի լույս 27-ի գիշերը բրիտանական ոստիկանությունը ժամանել էր Անգլիայի հարավում գտնվող RAF Fairford ավիաբազա, երբ ականատեսներն ահազանգել էին, որ այնտեղ «կասկածելի մեքենաներ» են նկատել։ Տեղի բնակիչներից մեկը BBC-ին պատմել է, որ «դիմակներով տղամարդկանց խումբ» է տեսել։
Սակայն սեպտեմբերի 28-ին միջադեպի կապակցությամբ ձերբակալված Մեծ Բրիտանիայի հինգ քաղաքացիները, ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից անցկացված հարցաքննությունից հետո, ազատ էին արձակվել, նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումներ էին կիրառվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «զարմանք» էր հայտնել բրիտանական իշխանությունների նման որոշման կապակցությամբ։
«Ես այդպես չէի վարվի»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում, միաժամանակ հավելելով, որ բրիտանական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպը, «հնարավոր է», կապված է Իրանի հետ։
Նա, սակայն, մանրամասներ չի հայտնել։
Բրիտանական լրատվամիջոցները սեպտեմբերի 28-ին հայտնել էին, որ ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը ստուգում է միջադեպի հնարավոր կապն Իրանի հետ։ Իր հերթին, Իսլամական Հանրապետության դեսպանատունը «ամենավճռական կերպով» հերքել էր նման բոլոր կասկածները՝ դրանք անվանելով «չարամիտ շահարկումներ»։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը միջադեպի կապակցությամբ հայտարարել է կառավարության ճգնաժամային նիստ անցկացնելու մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

