Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է «բարեկարգման աշխատանքներով պայմանավորված»․ քաղաքապետարանի մամուլի խոսնակ
44-օրյա պատերազմի մասնակից, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը Հաղթանակ զբոսայգու պատից հեռացրել է Երևանի քաղաքապետարանը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ մանրամասնելով, որ նկարը հեռացվել է բարեկարգման աշխատանքներով պայմանավորված։
«Ազատության պողոտայից մինչև Բաբայան փողոց տանող հատվածն ամբողջությամբ բարեկարգվում է։ Պատի այն հատվածը, որտեղ մեր զինվորի նկարն է, լուրջ խնդիր ունի, քարերը պոկվում, ընկնում են։ Պետք է պատն ամրացնեն, այգու գոյություն ունենալու պահից այդ պատը չի հիմնանորոգվել։ Բոլորիս համար զգայուն է թեման, բայց տգեղ և անհասկանալի կլիներ, որ նկարն առկա է ու զուգահետ այդ պատի վրա շինարարներն աշխատում են։ Պատերի գրվածքները մաքրվել են։ Զինվորի նկարը հեռացնելու որոշումը բխել է հիմնանորոգման որոշումից, որպեսզի կարողանան աշխատանքերը կատարեն»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ նրա հայտնի լուսանկարը՝ հրետանային կրակ վարելու պահին, դարձավ 44-օրյա պատերազմի ամենաճանաչված պատկերներից մեկը։
Ալբերտը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին։ Նա ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ որպես հրետանավոր։
Ըստ նրա հրամանատարի ներկայացրած տեղեկությունների՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ հրետանային ստորաբաժանմանը տրվել էր թաքստոց մտնելու հրաման, Ալբերտը որոշել է կատարել կրակոց՝ հաշվի առնելով առաջնագիծը ճեղքելու վտանգը։ Այդ գործողությունից հետո նա հակառակորդի «Սմերչ» համակարգի կասետային զինամթերքի հարվածից մահացու վիրավորում է ստացել։
Նրան հետմահու շնորհվել են «Արիության համար» մեդալը և Արցախի բարձրագույն՝ «Արցախի հերոս» կոչումը՝ «Ոսկե արծիվ» շքանշանով։
«Հաղթանակ» զբոսայգու պատը վերանորոգելուց հետո արդյո՞ք քաղաքապետարանը պատրաստվում է վերականգնել Ալբերտի լուսանկարը։ Մամուլի խոսնակը բացասական պատասխան տվեց։
«Քանի որ այդ նախաձեռնությունը քաղաքապետարանինը չի եղել՝ նկարներն անելու, մենք այս պահին չունենք քննարկում նկարը վերականգնելու։ Պաշտոնապես ասում եմ, որ չկա որոշում զինվորների նկարները Երևան քաղաքի պատերից հեռացնելու, զուտ սա X գործողությունից բխող որոշում է եղել»,-նշեց Ավինյանի խոսնակը։
Այս տարվա հունիսին էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ գտնվող ստորգետնյա անցումի պատից հեռացվեց պատերազմի մասնակից Հայկազ Մկրտչյանի դիմանկարը։ Քաղաքապետարանը դա հիմնավորել էր բարեկարգման աշխատանքերով։ Նկատենք, սակայն, որ Երևանի տարբեր հատվածներում այլ գրություններ ու նկարներ կան, որոնք որևէ արժեք չեն ներկայացնում, որոշ դեպքերում պարունակում են հայհոյախոսություն, սակայն, չեն հեռացվում։
Նարեկ Կիրակոսյան

