Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 20:53
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները պայմանավորվել են խթանել հայկական ապրանքների արտահանումը Իրաք
24.09.2026 | 20:47
OpenAI-ի ԱԲ գործակալները կոտրել են Ավստրալիայի կառավարական կայքը․ սա նման առաջին դեպքն է
24.09.2026 | 20:30
Լեհաստանը ՌԴ-ին կասկածում է Starlink-ի կայանում բռնկված հրդեհին ներգրավվածության մեջ
Բոլորը

Բարենորոգման օրակարգի վերահստակեցում և հանրահռչակում, ՀԱՍԵ փաստացի պետի հեռացում, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ՀԱՍԵ միասնական Կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն․ այսպիսի  ճանապարհային քարտեզ է նկարագրված վարչապետի հանձնարարությամբ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից պատրաստված զեկույցում։ Ըստ դրա՝ Առաքելական եկեղեցում առկա է ճգնաժամ։ 

«Հիմա՝ առանց որևէ մեկնաբանության»,- Մայր Աթոռից այսպես արձագանքեցին զեկույցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու՝ Factor TV-ի փորձին։

Զեկույցում ներկայացված են պնդումներ Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու և դուստր ունենալու վերաբերյալ։ Նմանօրինակ խնդիր է վերագրվում նաև այլ բարձրաստիճան հոգևորականների՝ Եզրաս արք․ Ներսիսյանի, Խաժակ արք․ Պարսամյանի, Արշակ արք․ Խաչատրյանի, Ռուբեն եպս․ Զարգարյանի հասցեին։ Ուշագրավ է, որ զեկույցում հիմնականում հղում է արվում մամուլի հրապարակումներին։

«Արդյո՞ք այլ փաստեր կան այն մասին, որ ԿտրիՃ Ներսիսյանը դուստր ունի: Մենք այլ փաստերի չենք տիրապետում, արդեն իսկ բազմաթիվ հրապարակված փաստերին ենք տիրապետում՝ նրա փաստացի կնոջ, իր դստեր մոր մասին տեղեկություններ տարբեր աղբյուրներից, դստեր մասին տեղեկություններ տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ այսօր մեզ քննադատող ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից հրապարակումներ այդ մասին, որը փաստացի չի հերքվել նույն փաստացի Կաթողիկոսի կողմից»,- ասում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Զեկույցում հիշատակվում է թեմային Կաթողիկոսի անդրադարձը, որտեղ նա նշում է, որ եկեղեցականին վերագրվող մեղադրանքները պետք է քննվեն եկեղեցական ատյանում։ Զեկույցում տեղ են գտել նաև հոդվածներ ու բաց նամակներ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք․ Ներսիսյանին և Երուսաղեմի միաբաններին վերագրվող մանկապղծության և միասեռականության վերաբերյալ։ Այս պնդումները հիմնված են կարգալույծ արված կամ նախկին հոգևորականների բաց նամակների, ինչպես նաև պարբերականների հրապարակումների վրա։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը կոշտ է արձագանքում զեկույցին։

«Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ եկեղեցու մասին պիտի զեկուցում ներկայացնի, եկեղեցին ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում քաղաքացիներին, հասարակությանը, այդ թվում՝ բարերարներին: Եվ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու մասին զեկույց ներկայացնելը խոսում է այն մասին, որ ինքը պետական բոլոր ոլորտները ձախողել է այս տարիների ընթացքում»,- նշում է  քահանա Բաղալյանը։

Զեկույցում նշվում են ազգակցական կապերով ձեռնադրություններն ու բարձր պաշտոնների նշանակումները։ Չնայած եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում ընդգծվում է, որ եկեղեցու ֆինանսական հոսքերն ու նվիրատվությունները գործում են առանց հանրային հաշվետվողականության, իսկ պետության առաջարկած հարկային հաշվառման համակարգերը մերժվել են։ Զեկույցում պնդում կա նաև, որ եկեղեցական կառույցներն ու Սուրբ Խորանն օգտագործվել են քաղաքական քարոզչության և ընդդիմադիր փողոցային պայքարի մոբիլիզացման համար։ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սա անլրջություն է որակում։

«Ո՞վ է ասում՝ մենք քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չե՞նք»,- նշում է հոգևորականը։

Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հակադարձում է հոգևորականին։

«Իհարկե՝ ո՛չ: Նրանք նաև իրենց կանոնագրքերով, իրենց կանոններով իրավունք չունեն քաղաքականության մեջ մտնելու, էլ չեմ ասում՝ օտար երկրների գործիք դառնալու Հայաստանի համար»,- ասում է Հակոբյանը։

Ի՞նչ հիմքեր կան դա ասելու համար․ զեկույցում այս մասին միայն նշվում է, որ  արձանագրվել է ՌԴ-ի թեմական կառույցների ներգրավվածությունը ներհայաստանյան քաղաքականության մեջ, ինչպես նաև կանոնադրական պարտադրանքների պատճառով Սփյուռքի թեմերում առաջացած պառակտումներն ու հավատացյալների օտարումը։ Ընդգծվում է նաև, որ հոգևորականների ներգրավմամբ ստեղծվել են սոցիալական ցանցերի, մասնավորապես, տելեգրամյան փակ խմբեր՝ քաղաքական հակաքարոզչություն տարածելու համար։

Կրոնի կամ համոզմունքի ազատության հարեցրով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանն այս զեկույցն անընդունելի է համարում՝ ընդգծելով, որ կառավարությունը եկեղեցու ներքին հարցերին միջամտելու կամ նմանատիպ զեկույցներ պատրաստելու որևէ լիազորություն չունի։ 

«Այստեղ միայն կրոնի կամ համոզմունքի ազատության հարց չէ, կառավարության լիազորությունների չարաշահման հարց չէ. այստեղ կա անձնական տվյալների հարց, անուններ հրապարակելու հարց, այդ թվում՝ ենթադրյալ սեռական բռնության ենթարկված անչափահասի անուն-ազգանուն։ Սա անձնական կյանքի գաղտնիության, մարդու իրավունքների ամենատարբեր խախտումներով լի փաստաթուղթ է, որն ավելի շատ դեղին մամուլի էջեր է հիշեցնում, քան կառավարության հրապարակած պաշտոնական փաստաթուղթ»,- ընդգծում է Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն օրերս չէր բացառել, որ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով կստեղծվի, որը զեկույցից բխող օրենսդրական փոփոխությունների առաջարկներով հանդես կգա։ Խորհրդարանական ընդդիմության մի քանի պատգամավորներ այսօր ասացին, որ դեռ չեն կարդացել զեկույցը, սակայն ավելի վաղ հայտարարել են, որ այդ օրակարգով ցանկացած նախաձեռնություն հակասահմանադրական է։ Իշխանական Հասմիկ Հակոբյանն այսօր ասաց, որ հանձնաժողովի ստեղծման ժամկետներ դեռ չկան։ Նա չի բացառում, որ զեկույցի որոշ կետեր՝ օրինակ՝ եկեղեցու թափանցիկությունը, կարող է օրենսդարական նախագծի վերածվել։

Ընդդիմադիր նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը մասնակցում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած փողոցային պայքարին, ընդգծում է՝ եկեղեցին ու պետությունն անջատ են, և իշխանությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ 

«Մենք հիմա ինչո՞վ ենք առաջնորդվում՝ օրենքներո՞վ, թե՞ ինչ-որ մի հիվանդ մարդու երևակայությամբ։ Մեկը որոշել է, որ ինքն այս երկրի օրենքն էլ է, կարգն էլ է, կանոնն էլ է, ինքը ոնց ուզի, այնպես էլ լինելու է»,- ասում է Դանիելյանը։

Նիկոլ Փաշինյանն ավելի քան մեկ տարի հայտարարում է, որ եկեղեցին բռնազավթված է Գարեգին Եկրորդի կողմից, իսկ Գերագույն հոգևոր խորհդուրդը բազմիցս է վարչապետի քայլերը համարել ուղիղ բռնաճնշում եկեղեցու նկատմամբ: 

Ի դեպ, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր անդրադառնալով զեկույցին՝ նշեց, որ իրենք ընտրություններում մանդատ են ստացել Կաթողիկոսի հեռացման հարցն առաջ տանելու համար: 

Լրագրողի հակադարձմանը, որ քարոզարշավի ընթացքում հարթակներից կամ բուկլետներում հստակ չի նշվել Կաթողիկոսին հեռացնելու մանդատ խնդրելու մասին, Սիմոնյանը հակադարձում է, որ իրենք իրենց խոսույթն ու դիրքորոշումը երբեք չեն թաքցրել և ավելի քան մեկ տարի հանրությունը քաջատեղյակ է եղել իրենց մոտեցումներից։

Օրվա ավարտին Մայր Աթոռը հայտարարությամբ արձագանքեց հրապարակված զեկույցին՝ այն որակելով հակասահմանադրական, հակականոնական և անօրինական՝ նշելով, որ այն հիմնված է սոցցանցերի ու լրատվամիջոցների հիման վրա։

«Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռը իշխանություններից պահանջում է դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հալածանքներն ու միջամտությունը և խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան