Թրամփի՝ Nvidia-ի հետ գործարքը Հայաստանը վերածում է ամերիկյան ԱԲ ենթակառուցվածների hամաշխարհային կենտրոններից մեկը․ Bloomberg

Լուրեր

22.09.2026 | 21:59
Հայաստանն ու Իտալիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում. ՊՆ
22.09.2026 | 21:55
ԵՄ-ի դժվար փոխզիջումը․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2029 թվականը, Ուսմանովն ու Ֆրիդմանը՝ ցուցակից դուրս
22.09.2026 | 21:43
G7-ը հութիներից պահանջում է «անհապաղ» դադարեցնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները, իսկ Իրանից՝ դադարեցնել ապստամբներին աջակցությունը
22.09.2026 | 21:28
Air Fest Armenia VII․ ավիացիան կրկին միավորում է հազարավոր մասնակիցների
22.09.2026 | 21:14
Սուրեն Պապիկյանը և ռազմական ոստիկանության պետը քննարկել են առաջիկա անելիքները
22.09.2026 | 21:00
Ադրբեջանը սառեցնում է «Խաղաղության կամուրջը»․ պատրաստ էինք հանդիպել՝ խնդիրներից խոսել, իրենք նպատակահարմար չգտան․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:44
Թրամփի՝ Nvidia-ի հետ գործարքը Հայաստանը վերածում է ամերիկյան ԱԲ ենթակառուցվածների hամաշխարհային կենտրոններից մեկը․ Bloomberg
22.09.2026 | 20:32
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ից գրեթե 259 հազար զինծառայող․ ԶԼՄ-ներ
22.09.2026 | 20:19
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ը Ռուբեն Վարդանյանի ահազանգին է անդրադարձել
22.09.2026 | 20:10
Թաթայի ելույթի 1 րոպեն՝ 2 մլն 400 հազար դրամ․ որքան են գնահատվել մյուս արտիստների կատարումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:00
ՀՀ-ն աշխարհի թիվ 1 հակառուս երկրի անուն է հանել՝ ԵՄ-ին անդամակցելու ռեալ քայլ չանելով․ արնախումի հետ բանավիճում ենք․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:56
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Փաշինյանից ու Ալիևից, անդրադարձել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:50
Խոստումները կուտակվում են, ջուրը՝ ոչ․ ինչու ջրամբարները չեն կառուցվում
22.09.2026 | 19:39
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում նավերի վրա հարձակումների դադարեցման հարցը․ Կրեմլ
22.09.2026 | 19:30
Բաքուն դիմել է Ինտերպոլին․ հայերին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր ու որմնանկարներ «գողանալու մեջ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միության ամենափոքր հանրապետությունը կոմունիստական ​​գերտերության համար էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների կենտրոն էր։ Սակայն հիմա Հայաստանը կարող է դառնալ ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքների համաշխարհային առաջատար կենտրոններից մեկը։ Այս մասին ասվում է Bloomberg-ի հրապարակման մեջ՝ Հայաստանի՝ որպես արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացող կենտրոնի, Firebird-ի տվյալների կենտրոնի և NVIDIA-ի հետ Հայաստանի համագործակցության մասին։

Հայաստանը՝ AI ենթակառուցվածքների համաշխարհային կենտրոն

Լրատվամիջոցը գրում է, որ օգոստոսին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird սթարթափը Հայաստանում սկսել է տվյալների կենտրոնի աշխատանքը, որը հաջորդ տարվա վերջում նախատեսվում է հասցնել 300 մեգավատ հզորության և համալրել Nvidia ընկերության ավելի քան 70,000 առաջատար չիպերով։ Հաշվարկային հզորության մեկ հինգերորդը նախատեսված է ներքին օգտագործման համար՝ տեղական հետազոտությունները, պետական կառույցներն ու սթարթափների էկոհամակարգը զարգացնելու նպատակով, իսկ մնացած մասը կտրամադրվի արտասահմանյան ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան Perplexity AI-ին։

Երևանից շուրջ 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հրազդան քաղաքում կառուցված համալիրը, ըստ Firebird-ի, տարածաշրջանում ամենամեծ հաշվարկային կլաստերը դառնալու ճանապարհին է և կարող է դասվել Եվրոպայի խոշորագույն կլաստերների շարքին։ Firebird-ի հիմնադիրները հայկական ծագում ունեն։ Սա տնտեսական առավելություն է, որը կարող է լայնածավալ հետևանքներ ունենալ Հարավային Կովկասի և հարակից Կենտրոնական Ասիայի համար, որտեղ Firebird-ն արդեն ընդլայնում է իր գործունեությունը, իսկ խոշոր տերությունները պայքարում են ռազմավարական միջանցքում գերիշխանության համար։ Այդ միջանցքը կապում է Եվրոպան և Չինաստանը՝ շրջանցելով Ռուսաստանը։

Bloomberg-ը նշում է, որ տվյալների կենտրոնն արդեն դեր է ունեցել Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում՝ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։

Nvidia-ի չիպերի դերն այդ գործարքում, որի մասին առաջինը հայտնել էր The Wall Street Journal-ը, Թրամփի՝ արհեստական բանականության դիվանագիտության ոլորտում ոչ ավանդական մոտեցման առավել արտասովոր օրինակներից մեկն է։ Սա նաև ընդգծում է շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող փոքր երկրի հավակնությունները, որը փորձում է իր տեղը զբաղեցնել արագ փոփոխվող տարածաշրջանի կենտրոնում, ինչպես նաև ցույց է տալիս, որ տեխնոլոգիական ներդրումների համար հիմք ստեղծելու և Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները մեղմելու ուղղությամբ Երևանի տարիների աշխատանքը սկսում է արդյունք տալ արհեստական բանականության դարաշրջանում։

«Հայաստանում ինքնիշխանությունը, ընդհանուր առմամբ, իսկապես կարևոր խնդիր է եղել Խորհրդային Միությունից երկրի անկախացումից ի վեր»,- ասել է չիպերի նախագծման խոշորագույն ընկերություններից մեկի՝ Synopsys-ի հայկական ստորաբաժանման հիմնադիր Ռիչ Գոլդմանը։

Synopsys-ը Nvidia-ի կարևոր գործընկերներից է։

«Դա կապված է այն մտավախության հետ, որ պետք է սեփական արհեստական բանականությունը տնօրինես»,- ասել է նա։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Սպիտակ տունը մեկնաբանության հարցմանը չի պատասխանել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի խոսնակը հայտնել է, որ նա Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հստակ մանդատ ունի, իսկ նախորդ տարի Վաշինգտոնում ստորագրված երկկողմ համաձայնագրերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտներում, Հայաստանի համար խաղաղության կարևոր արդյունքներ են։

Հայաստանի և Nvidia-ի գործակցությունը

Հայաստանի համագործակցությունը Nvidia-ի հետ սկսվել է դեռևս 2019 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր չիպեր արտադրող ընկերության՝ Սանտա Կլարայում գտնվող գրասենյակ՝ OpenAI-ի ChatGPT-ի գործարկումից և արհեստական բանականության բումի սկսվելուց տարիներ առաջ։ Այդ հանդիպումը կազմակերպել էր Հակոբ Արշակյանը՝ նախկին պատգամավոր, որը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարարության առաջին ղեկավարն էր, իսկ այժմ ղեկավարում է հայկական նորարարությունը խթանող հիմնադրամի խորհուրդը։ Հիմնադրամում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայկական սփյուռքի տեխնոլոգիական և ՏՏ ոլորտների ղեկավարներ։

Nvidia-ն Հայաստանում իր ներկայությունը հաստատել է 2022 թվականին և նույն տարվա փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Մոսկվայից տարհանված ինժեներներին տեղափոխել է Երևանում գտնվող իր գրասենյակ։ Հաջորդ տարի ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն այցելել է Հարավային Կովկասի այս երկիր։ Firebird-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանը հայտարարել է, որ այդ այցն օգնել է հիմք ստեղծել Firebird-ի ստեղծման համար։

Լրատվամիջոցը նշում է, որ 2023 թվականին Հայաստանը սկսել է հեռանալ Ռուսաստանից՝ իր խոշորագույն առևտրային գործընկերոջից և զենքի հիմնական մատակարարից, այն բանից հետո, երբ Մոսկվային մեղադրել է պաշտպանական պայմանագիրը չկատարելու և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները կանխելու հարցում չգործելու մեջ։

Երևանը նպատակ է դրել ընդլայնել կապերն Արևմուտքի հետ, այդ թվում՝ տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Հայաստանը երկար պատմություն և բարձր որակավորում ունեցող մասնագետների մեծ ներուժ ուներ։ Սակայն այդ հավակնությունները հարված ստացան Վաշինգտոնից, որը մտահոգված էր, որ Հայաստանը կարող է դառնալ այն ուղիներից մեկը, որի միջոցով Ռուսաստանը կստանա ամերիկյան տեխնոլոգիական սարքավորումներ և դրանք կօգտագործի Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական մեքենան ապահովելու համար։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արդեն 2022 թվականի հոկտեմբերին փաստացի արգելել էր Չինաստանին և Ռուսաստանին ձեռք բերել առաջատար արհեստական բանականության չիպեր՝ ի լրումն Մոսկվայի դեմ ուղղված ավելի լայնածավալ պատժամիջոցների։

Հայաստանը Մոսկվայի գլխավորած մաքսային միության անդամ է և պաշտոնապես շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը։ Այդուհանդերձ, 2023 թվականի սկզբին Փաշինյանը, արձագանքելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի ճնշումներին, խիստ սահմանափակումներ է սահմանել Ռուսաստան էլեկտրոնիկայի արտահանման նկատմամբ։ Մի քանի ամիս անց Վաշինգտոնը մեղադրել էր ռուսական կիսահաղորդչային ընկերության ղեկավարներից մեկին՝ Թայվանի, Շվեյցարիայի և Հայաստանի մի շարք ձևական ընկերությունների միջոցով մաքսանենգ ճանապարհով միկրոչիպեր տեղափոխելու մեջ՝ դրանք ուկրաինական քաղաքներին հարվածող ռուսական զենքերի համար օգտագործելու նպատակով։

2023 թվականի վերջին Բայդենի վարչակազմը սկսել էր ԱՄՆ-ի արտահանման լիցենզիաներ պահանջել՝ արհեստական բանականության չիպերը Հայաստան և ավելի քան 40 այլ երկրներ արտահանելու համար։ Այդ երկրների թվում էին նախկին խորհրդային պետությունների մեծ մասը և Մերձավոր Արևելքի երկրների զգալի մասը։ Այդ ցանկից դուրս գալու՝ Երևանի ջանքերը արդյունք չեն տվել։

Առաջին քայլերից՝ խոշոր տվյալների կենտրոններ ու TRIPP

Հայաստանը, սակայն, շարունակել է աշխատել Բայդենի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ որոշակի քանակությամբ չիպեր ձեռք բերելու համար։ 2024 թվականին, ավելի քան վեց ամիս տևած բանակցություններից հետո, պետական համալսարանի մի նախագիծ ստացել է արտահանման լիցենզիաներ Nvidia-ի առաջատար H100 արագացուցիչներից 64 միավոր ներառող խմբաքանակի համար։ Այդ ժամանակ այն տարածաշրջանի ամենամեծ սուպերհամակարգիչն էր, հայտնել է Հակոբ Արշակյանը, որը ներգրավված էր այդ գործընթացում։

Արշակյանի խոսքով՝ նախագծի լիարժեք գործարկման համար պահանջվել է ավելի քան մեկ տարի, քանի որ Հայաստանը տվյալների կենտրոններ կառուցելու բավարար փորձ և գիտելիքներ չուներ։ Սակայն, նրա խոսքով, այդ փորձը կարևոր մասնագիտական գիտելիքներ է ապահովել՝ սկսած մասնագիտացված շինարարությունից մինչև ԱՄՆ արտահանման կարգավորումները, ինչն էլ հնարավորություն է տվել ստեղծել Firebird-ի տվյալների կենտրոնը, ինչպես նաև հայկական Eleveight AI ընկերության մեկ այլ կենտրոնը։ Eleveight AI-ն այժմ դիտարկում է նաև Ղազախստանում ընդլայնվելու հնարավորությունը, հայտնել է ընկերության ներկայացուցիչը, թեև վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Ավելի խոշոր տվյալների այդ կենտրոնները նույնպես պահանջում են ԱՄՆ-ի թույլտվությունը։ Թեև Թրամփը թուլացրել է Բայդենի՝ չիպերի արտահանման սահմանափակումների հիմնական դրույթների մի մասը, նրա վարչակազմը հիմնականում պահպանել է 2023 թվականին սահմանված կարգավորումները՝ միաժամանակ սեփական գլոբալ համակարգի մշակման ուղղությամբ աշխատանքներ տանելով։ Ավելին, Թրամփի վարչակազմը կիրառել է ավելի վաղ սահմանված կանոնները։ Հայաստանում չիպերի արտահանման թույլտվությունները դարձել էին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մաս։ Դեռևս չստորագրված պայմանագիրը ճանապարհ է բացում Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիային սահմանակից Նախիջևանի էքսկլավի միջև կարևոր տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Այն կոչվում է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» (TRIPP) և համատեղ կառավարվելու է ԱՄՆ-ի և Երևանի կողմից։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարության մեջ նշել է, որ TRIPP-ի նպատակն է «ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարեկեցությունն ու անվտանգությունը, ընդլայնել ԱՄՆ-ի առևտրային հնարավորությունները՝ տարածաշրջանային առևտրի և կապակցվածության զարգացմամբ, ինչպես նաև ստեղծել նոր տարանցիկ կապեր Կենտրոնական Ասիայից և Կասպից ծովից դեպի Եվրոպա»։ Գերատեսչությունն արտահանման լիցենզիաների վերաբերյալ հարցերը վերահասցեագրել է Առևտրի նախարարություն, որը վերահսկում է այդ թույլտվությունների տրամադրումը, սակայն նախարարությունը հարցերին չի պատասխանել։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Firebird-ը և նրա գործընկերներն առաջին անգամ Nvidia-ի չիպեր գնելու թույլտվություն ստանալու համար դիմել են 2025 թվականի սկզբին՝ ընկերության պաշտոնական գործարկումից մի քանի ամիս առաջ։ Նրա խոսքով՝ այդ տարվա օգոստոսին Սպիտակ տանը կայացած խաղաղության գագաթնաժողովից առաջ ընկերությունը ստացել էր ԱՄՆ-ի արտահանման լիցենզիաների առաջին խմբաքանակը։ Միաժամանակ, ներկայացուցիչը նշել է, որ Firebird-ը տեղյակ չի եղել այդ ժամանակ ընթացող դիվանագիտական քննարկումներից։

Հստակ հայտնի չէ, թե երբ է Թրամփի վարչակազմն առաջին անգամ կապ հաստատել Nvidia-ի հետ՝ քննարկելու այն դերը, որը տվյալների կենտրոնը կարող էր ունենալ նախնական խաղաղության համաձայնագրի կնքումը հեշտացնելու գործում։ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ համաձայնությունը կնքել են հենց այն օրը, երբ ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրել են արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

«Հայաստանն ունի բացառիկ տեխնիկական տաղանդ, կենսունակ, զարգացող նորարարական էկոհամակարգ։ Այդ պատճառով մենք վաղուց ենք սկսել ներդրումներ կատարել նրա ապագայի մեջ։ Մենք գիտենք, որ Հայաստանը կարող է ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք, իրենց հերթին, կամրապնդեն տարածաշրջանային կապերը և կարող են նպաստել երկարաժամկետ կայունության հիմքերի ձևավորմանը»,- ասել է Nvidia-ի ներկայացուցիչը։

Firebird-ն այժմ ապահովել է Nvidia-ի պրոցեսորների ավելի քան կրկնակի քանակություն, քան ԱՄՆ-ն արտահանման համար լիցենզավորել էր Սաուդյան Արաբիայի Humain ընկերության համար՝ Ռիադի հետ ամիսներ տևած բանակցություններից հետո։ Այդ երկրի ֆինանսական հնարավորությունները մեծապես գերազանցում են Երևանինը։

«Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարություններն անչափ աջակցել են Հայաստանում մեր տեսլականին և զարգացման ծրագրերին։ Խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունը ստեղծում են այն պայմանները, որոնցում կարող են զարգանալ ներդրումները, նորարարությունը, աճը և գլոբալ գործընկերությունները»,- ասել է Հովագիմյանը։

Firebird-ն իր գործունեությունը սկսել է անցած ամիս՝ Սպիտակ տան գագաթնաժողովից ուղիղ մեկ տարի անց։ Ընկերությունն օգտագործում է չիպեր, որոնք, ինչպես փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ նշել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «պարզապես գոյություն չունեն երկրների մեծ մասում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի