Մերցի կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում․ Բեռլինը կարող է ազգությամբ թուրք քաղաքապետ ունենալ

Լուրեր

21.09.2026 | 13:41
Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար
21.09.2026 | 13:33
Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ չի պատկերացրել երբեք․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 13:24
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն
21.09.2026 | 13:15
ՀԱԿ-ի Հանրապետական խորհրդի նիստի արդյունքներով ասուլիս. ՈՒՂԻՂ
21.09.2026 | 13:13
Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կրկին խնդրել է չհարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին․ Axios
21.09.2026 | 13:09
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 13:03
Պուտինը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առիթով
21.09.2026 | 12:58
Սահման ունե՞նք մենք պետական, պետք ա կարենանք պահենք՝ մինչև սահմանազատում լինի․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 12:49
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ
21.09.2026 | 12:45
Նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից․ դայակը «պոլի փայտով» հարվածել է հաշմանդամություն ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին, կողերին
21.09.2026 | 12:31
Մերցի կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում․ Բեռլինը կարող է ազգությամբ թուրք քաղաքապետ ունենալ
21.09.2026 | 12:22
Կադիրովը ռեկորդային՝ 99,85% արդյունքով հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
21.09.2026 | 12:10
Ռուբիոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը // Պուտինի կուսակցությունը հաղթում է Պետդումայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
21.09.2026 | 12:04
Մեսին խփել է կարիերայի 930-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

«Աղետ»․ Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցն այս բառն է օգտագործել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում և Բեռլինում սեպտեմբերի 20-ին կայացած երկրամասային ընտրությունների արդյունքները բնութագրելու համար։ Ընդ որում, նա այդ հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ դեռևս հայտնի չէր, որ պահպանողականներն առաջին անգամ պատմության մեջ չեն ներկայացվի երկրամասային խորհրդարաններից մեկում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ՔԴՄ-ն ստացել է ընդամենը 4,9 տոկոս ձայն։ Լանդթագ անցնելու համար անհրաժեշտ է առնվազն 5 տոկոս։ Ինչպես երկու շաբաթ առաջ Սաքսոնիա-Անհալթում, այստեղ ևս առաջին տեղը զբաղեցրել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունը։ Բեռլինում հաղթել է Ձախերի կուսակցությունը։ Քրիստոնեա-դեմոկրատները զբաղեցրել են երկրորդ տեղը, սակայն ԱԳՀ-ն նրանցից ստացել է ընդամենը փոքր-ինչ պակաս ձայներ։

Նույնիսկ եթե ՔԴՄ-ին հաջողվեր անցնել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի լանդթագ, կանցլերի կուսակցության համար արդյունքը, միևնույն է, ծանր կլիներ։ ՔԴՄ-ն երբեք այսքան վատ արդյունք չի գրանցել։ Այնուամենայնիվ, ընտրությունների ավարտից հետո Մերցը հայտարարել է բարեփոխումները շարունակելու մտադրության մասին և հերքել կանցլերի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը, որոնք ակտիվորեն սկսել էին շրջանառվել Սաքսոնիա-Անհալթում ԱԳՀ-ի հաղթանակից հետո։

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասային խորհրդարանի ընտրությունների արդյունքները

«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունը Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում հաղթել է՝ ստանալով ձայների 38,2 տոկոսը։ Նախորդ՝ 2021 թվականի ընտրություններում այն ստացել էր 16,7 տոկոսը։ Երկրորդ տեղում սոցիալ-դեմոկրատներն են (ՍԴԿ)՝ 35,5 տոկոս արդյունքով՝ 2021 թվականի 39,6 տոկոսի փոխարեն։

Այնուհետև հաջորդում են Ձախերի կուսակցությունը՝ 6,5 տոկոսով (-3,4 տոկոսային կետ), և «90/Կանաչներ» դաշինքը՝ 5,7 տոկոսով (-0,6 տոկոսային կետ)։ Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը։

Այսպիսով, ԱԳՀ-ն դարձել է 2021 թվականի ընտրություններին մասնակցած միակ կուսակցությունը, որին հաջողվել է  բարելավել իր արդյունքը։ Սակայն այս հաղթանակն ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունի։ Եթե Սաքսոնիա-Անհալթում, որտեղ ԱԳՀ-ն ստացել է ձայների 43,8 տոկոսը, ծայրահեղ աջ ուժերն իրական հնարավորություն ունեն իշխանության գալու, ապա Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում նման հնարավորություն չկա։

Վերջնական 35,5 տոկոս արդյունքը սոցիալ-դեմոկրատներին հնարավորություն  է տալիս կոալիցիա ձևավորել Ձախերի կուսակցության և «Կանաչների» հետ։

Սեպտեմբերի 20-ին Բեռլինի պատգամավորների պալատի ընտրությունների արդյունքները

Բեռլինում կայացած ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել Ձախերի կուսակցությունը՝ ստանալով ձայների 25,7 տոկոսը։ Սա շուրջ երկու անգամ ավելի է, քան 2023 թվականի նախորդ ընտրություններում գրանցված արդյունքը։ Թեև ՔԴՄ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը, սակայն զգալիորեն վատացրել է իր արդյունքը՝ ստանալով 18,8 տոկոս ձայն՝ 2023 թվականի 28,2 տոկոսի փոխարեն։

Երրորդ տեղը՝ 16,3 տոկոս արդյունքով (+7,2 տոկոսային կետ), զբաղեցրել է ԱԳՀ-ն։ Խորհրդարան են անցել նաև «90/Կանաչներ» դաշինքը՝ 14,3 տոկոսով (-4,1 տոկոսային կետ), և ՍԴԿ-ն՝ 12,1 տոկոսով (-6,3 տոկոսային կետ)։ Մյուս կուսակցությունները ստացել են 5 տոկոսից պակաս ձայներ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 74,2 տոկոս։

Ձախերի կուսակցության գլխավոր պահանջը շուրջ 200 հազար բնակարանների հանրայնացումն է (Vergesellschaftung), որոնք պատկանում են այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Deutsche Wohnen-ը, Heimstaden-ը և Vonovia-ն։ Ձախերն այս ընկերություններին մեղադրում են բնակարանների պակասից շահույթ ստանալու մեջ՝ բարձրացնելով վարձավճարները, և առաջարկում են նրանց ակտիվները փոխանցել պետությանը՝ գների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու նպատակով։ Բնակարանների սեփականատերերին նախատեսվում է փոխհատուցում վճարել, սակայն այն կկազմի շուկայական արժեքի 40-60 տոկոսը և կտրամադրվի բավականին բարդ մեխանիզմով։ 2021 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ այս նախաձեռնությանն արդեն աջակցել էր բեռլինցիների 59,1 տոկոսը։

«Մենք պնդում ենք, որ բնակարանում ապրելու հնարավորությունը մարդու հիմնարար իրավունքն է, և ցանկանում ենք այդ իրավունքը պաշտպանել սպեկուլյացիաներից»,- Genau պարբերականին տված հարցազրույցում ասել էր Ձախերի կուսակցությունից Բեռլինի քաղաքապետի թեկնածու Էլիֆ Էրալփը։

Սեպտեմբերի 20-ի երեկոյան, երբ արդեն պարզ էր, որ իր կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տանում, Էրալփը հայտարարել է․ «Եթե ձախերը գան իշխանության, հանրայնացումը տեղի կունենա»։

Էրալփը Գերմանիայի մայրաքաղաքի հաջորդ քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։ Ազգությամբ թուրք Էլիֆ Էրալփն իրավաբան է, որի քաղաքական հայացքները ձևավորվել են ծնողների ազդեցությամբ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ վերջինները Թուրքիայից Գերմանիա են տեղափոխվել՝ քաղաքական ապաստան հայցելով՝ երկրում 1980 թվականի ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց։

Նրա մայրը Ադանայից է, հայրը՝ Կայսերիից։ Էրալփը ծնվել է Մյունխենում 1981 թվականին՝ ծնողների՝ երկիր ժամանելուց հետո։ Ներկայում 45 տարեկան Էրալփը Բեռլինի բնակիչ է արդեն 16 տարի։ 2021 թվականից նա Բեռլինի պատգամավորների պալատի անդամ է, 2024 թվականին դարձել է Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ, իսկ 2025 թվականին՝ կուսակցության երկրամասային կառույցի փոխնախագահն է։

DW-ն նշում է, որ կառավարություն ձևավորելու համար Ձախերի կուսակցությանն անհրաժեշտ են գործընկերներ։ Ձախերի, ՍԴԿ-ի և «Կանաչների» կոալիցիան մաթեմատիկորեն հնարավոր է, սակայն բանակցությունները, ամենայն հավանականությամբ, բարդ են լինելու։

Արդեն սեպտեմբերի 20-ին «90/Կանաչներ» դաշինքի համանախագահ Ֆելիքս Բանաշակը հայտարարել էր, որ երկխոսության առանցքային պայմանը կլինի «հստակ հայտարարությունը հակասեմականության դեմ»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ձախերի կուսակցության արմատական թևի մասնակցությամբ սկանդալները։ Սոցիալ-դեմոկրատներն իրենց հերթին խիստ քննադատաբար են վերաբերվում Բեռլինի ընտրություններում հաղթած ուժի՝ բնակարանների ծրագրի գաղափարին։

Ինչ են նշանակում սեպտեմբերյան երկրամասային ընտրությունների արդյունքները Գերմանիայի կառավարության համար

Die Zeit-ի և Table.Briefings-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ուղերձի տեքստը, որն ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընթերցել է Ֆրիդրիխ Մերցը, պատրաստվել էր դրանից մի քանի օր առաջ։ Սա կարող է վկայել այն մասին, որ քաղաքական գործիչը որոշել էր պահպանել կանցլերի և ՔԴՄ-ի նախագահի պաշտոնները՝ անկախ ընտրությունների արդյունքներից։

Այնուամենայնիվ, միայն Մերցի որոշումը բավարար չէ․ նրան անհրաժեշտ է նաև առնվազն սեփական կուսակցության աջակցությունը։

Սեպտեմբերի 16-ին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից ութ դաշնային երկրամասերի կառավարությունների ղեկավարները հրապարակել էին նամակ, որում հայտարարել էին, որ «Գերմանիային անհրաժեշտ են վստահելիություն և վճռական գործողություններ», այլ ոչ թե «կադրերի շուրջ քննարկումներ»։ Նրանք ընդգծել են, որ «կայուն և ուժեղ Գերմանիան» անհրաժեշտ է նաև ԵՄ-ին՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի միանգամից մի քանի երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Հունաստանում, ընտրություններ են անցկացվելու։

Սակայն այս նամակը չի թվում անվերապահ աջակցության դրսևորում․ կանցլերի անունը դրանում անգամ նշված չէ, ասվում է հրապարակման մեջ։ Ներկուսակցական քննարկումներն ակնհայտորեն կշարունակվեն։ Սեպտեմբերի 21-ին Մերցը կհանդիպի ՔԴՄ-ի ղեկավար մարմինների, իսկ երեքշաբթի՝ Բունդեսթագում կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի