Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Քաղաքականություն
05.11.2026 | 21:59
Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը հեռակա կարգով չորս տարվա ազատազրկման է դատապարտել Ժաննա Նեմցովային, հայտնում է «Մեդիազոնան»։ Դատարանը նաև ութ տարով արգելել է նրան զբաղվել համացանցային ռեսուրսների կառավարմամբ, գրում է Meduza-ն։
Ժաննա Նեմցովային մեղադրում են հոր՝ Բորիս Նեմցովի անվան հիմնադրամը ղեկավարելու համար։ Ռուսաստանում այդ հիմնադրամը ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»։
Դատական գործընթացքում մեղադրող կողմը պահանջել էր Ժաննա Նեմցովային դատապարտել հինգ տարվա ազատազրկման և ինը տարով արգելել կայքերի կառավարումը։ Պետության կողմից նշանակված փաստաբանը խնդրել էր արդարացնել Նեմցովային։
Ժաննա Նեմցովան լքել է Ռուսաստանը 2015 թվականի փետրվարի 27-ին՝ հոր՝ Բորիս Նեմցովի՝ Մոսկվայի կենտրոնում սպանությունից հետո։
Բորիս Նեմցովի անվան հիմնադրամը հիմնադրվել է 2015 թվականին՝ քաղաքական գործչի սպանությունից կարճ ժամանակ անց։ Կազմակերպությունը տեղակայված է Գերմանիայում։ 2024 թվականին Ռուսաստանում հիմնադրամը ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»։ 2026 թվականին Ռուսաստանում Ժաննա Նեմցովայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «անցանկալի կազմակերպության գործունեության կազմակերպում» հոդվածով (ՌԴ քրեական օրենսգրքի 284.1-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Նրան հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացվել, նրա նկատմամբ հայտարարվել է նաև միջազգային հետախուզում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

