Հարց Փաշինյանին՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս չեք գալիս, եթե ԵՄ ընդունվելու դիմում եք տալիս․ չունի ստրատեգիա․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.09.2026 | 20:00Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ռուսական ռազմաբազայի հարցին, Արևմուտքի և ՌԴ-ի օրակարգերին և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Ռուսաստանը կարող է հանել իր ռազմաբազան Հայաստանից՝ Զուրաբյանը հարցադրում արեց, թե ինչու իշխանությունը կոնկրետ քայլերի չի դիմում. «Ինչի՞ չի ինքը էդ իր արտահայտած դիրքորոշումներից հետո ուղղակի դուրս գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և այլն, և այլն: Եվրոպական Միություն ընդունվելուն դիմում ենք տալիս… Եթե դա հաշվարկված ստրատեգիա է և ճանապարհ է, որը իրենք մտածում են էսօրվա իշխանությունները, որ դա ճիշտ ուղի է Հայաստանի համար, ինչի՞ էդ ուղիով առաջ չեն գնում»։
Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ իշխանությունն այս հարցին չի կարող պատասխանել, քանի որ ռազմավարություն չունի. «Իրենք ոչ մի ստրատեգիա չեն ներկայացրել բացի Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի հրամաններին ենթարկվելուց։ Այդտեղ ուրիշ ստրատեգիա չկա»։
Լևոն Զուրաբյանը պնդում է, որ Արևմուտքը պարտադրել է գործող կուրսը Հայաստանին՝ ելնելով իր սեփական շահերից։ «Արևմուտքը հարկադրել է Փաշինյանին տեղավորվել Ադրբեջանի վասալիտետի պայմաններում, որովհետև դա ըստ էության Արևմուտքի համար կարևոր ստրատեգիական նպատակներ է լուծում: Առաջինը՝ Թրամփն ասեց, որ Փաշինյանին ինքը աջակցում է, որովհետև Փաշինյանը կօգնի իրեն իրագործել Թրամփի ուղին, որը կկապի ամերիկյան նավթային կամպանիաները միջին ասիական նավթի հետ։ Երկրորդը, բնականաբար, էդ պրոյեկտի իրագործումը նաև դուրս կմղի Հարավային Կովկասից երկու հակառակորդներին կամ թշնամիներին՝ Ռուսաստանին և Իրանին»,- նշեց նա։
Խոսելով տարանցիկ ճանապարհների՝ մասնավորապես TRIPP համաձայնագրի մասին, Զուրաբյանը մանրամասնեց, թե ինչ է դա ենթադրում Հայաստանի ինքնիշխանության համար. «Ստեղծվում է հատուկ տարածք, որը կոչվում է TRIPP… Հայաստանի ներսում սահմանվելու է տարածք: Երկրորդը, էդ տարածքում բացառիկ իրավունքներ կառուցելու, չգիտեմ ինչ-որ լիցենզավորելու… Այսինքն էքսկլյուզիվ իրավունքներ են տրվում TRIPP զարգացման ընկերությանը կոնկրետ տարածքում, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ: Մի ամբողջ գոտի պետության, պետության մեջ ա ստեղծվում»։
Ըստ նրա, այս նախագծով «ստեղծվում է միակողմանի կախվածություն Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը մեզանից ոչ մի կախվածություն չի ունենալու։ Սա պրոբլեմատիկ ա»։
Որպես այլընտրանք, Զուրաբյանը նշեց, որ Հայաստանը պետք է առաջարկեր զուգահեռ նախագիծ Իրանի միջոցով. «Մենք պետք է դնեինք պայման, որպեսզի էդ ճանապարհը կառուցվի, որպեսզի մենք չընկնենք միակողմանի կախվածության մեջ… մենք պահանջում ենք, որ նաև զուգահեռ պրոյեկտ լինի Իրանի միջոցով»։
Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին՝ բանախոսը շեշտեց, որ միջազգային իրավունք գոյություն չունի. «Աշխարհում միջազգային իրավունք չի գործում ու երբեք չի էլ գործել։ Աշխարհում միջազգային իրավունքը ընդամենը եղել է իրավաբանական հռետորաբանությունը, որը արտահայտել է էդ պահին եղած ուժերի բալանսը»։
Զուրաբյանի խոսքով՝ խաղաղությունը պետք է կառուցվի հենց այդ բալանսի վրա. «Խաղաղությունը պետք է հենվի ուժերի բալանսի վրա: Ինքը չի կարող հենվի ուժերի բալանսի խախտման վրա, էն ինչ որ փորձում է անել Նիկոլը։ Ինքը չի կարող հենվի ուժերի բալանսի խախտման վրա, էն ինչ որ փորձում է անել Նիկոլը… Դա չի կարող լինել»։
Նա զգուշացրեց նաև Ադրբեջանի անվերջանալի պահանջների մասին՝ հիշատակելով Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները. «Հաջիևը ամենաառանցքային ֆիգուրներից ա էսօրվա ադրբեջանական քաղաքականության։ Բա երբ որ ինքը գնում ա, ասում ա, որ ալբանական ա Գանձասարը, ի՞նչ եք ստեր փչում։ Դե հիմա հարց, իսկ միգուցե որ պատերազմ չսկսի Ադրբեջանի հետ, մենք էդ էլ պտի ընդունե՞նք»։ Ըստ Զուրաբյանի՝ իշխանության տրամաբանությունն այն է, որ «ինչ էլ մեզնից պահանջեն, կտանք», ինչը նա համարում է հիվանդ տրամաբանություն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

