Ամաչում եմ, որ վարչապետի աշխատավարձը 2․6 մլն է լինելու, կանեմ ամենը՝ շատ ավելի բարձր վարձատրվեն պետաշխատողները․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.09.2026 | 19:15Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է պետական կառավարման համակարգում աշխատավարձերի սպասվող բարձրացումներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը։
Անդրադառնալով 2027 թվականից բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձերի նախատեսվող բարձրացմանը՝ պատգամավորը նախ հստակեցրել է հնչող թվերը. «Կուզենայի սկսել ձեր հնչեցրած թվերից ուղղակի զուտ քաղաքացիներին տեղյակ պահելու համար, որ դա չհարկված թվերն են»:
Ըստ Ծովինար Վարդանյանի՝ նախագիծը վերաբերում է ոչ միայն Ազգային ժողովին, այլև ողջ համակարգին: Նա ընդգծել է, որ այս փոփոխությունը նպատակ ունի պետական համակարգ ներգրավել որակյալ կադրերի և պայքարել կոռուպցիայի դեմ. «Պետք է ապահովվի այնպիսի աշխատավարձ, որը որակյալ մասնագետների թույլ կտա ներգրավել պետական կառավարման համակարգ, նաև կարելի է ասել, կոռուպցիայի դեմ պայքարի որոշակի էլեմենտ է պարունակում»:
Հարցին, թե արդյոք արդարացված է վարչապետի կամ նախարարների աշխատավարձերի նման կտրուկ աճը, պատգամավորը համեմատություն է անցկացրել մասնավոր հատվածի հետ. «Բանկում վարչության պետը ինչքա՞ն է ստանում… մոտավորապես եթե ոչ ավելի շատ։ Եվ դուք ուզում եք, որ երկրի վարչապետը, որը ամբողջ երկրի կառավարման համակարգն իր վրա է, նստի կենցաղային հարցեր հոգա իր համա՞ր»:
Խոսելով թոշակների և պաշտոնյաների աշխատավարձերի տարբերության մասին՝ նա նշել է. «Մենք առողջության ապահովագրության մասով այնտեղ գումար էինք հատկացնում և ասում էինք… որ դուք ունենաք առողջության ապահովագրություն, որը քեզ թույլ կտա ոչ միայն 10000-ի, այլ նաև, չգիտեմ, միլիոն դրամի ծախսեր հոգալ»: Իսկ աշխատավարձերի բարձրացման ֆինանսավորման աղբյուրի մասին հավելել է. «Մենք չենք խոսում ինչի հաշվին, բնականաբար հարկերի հաշվին է պետական բյուջեի»:
Անդրադառնալով նախկին պաշտոնյաների (Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան և այլք) ապօրինի գույքի բռնագանձման դատական գործընթացների ձգձգումներին՝ Վարդանյանը պարզաբանել է. «Եթե որևէ բան ձեռք է բերվել ապօրինի, և պետության հաշվին, և զուտ պետական իր ունեցած դիրքը և լծակները օգտագործելով, դա եղել է պետական լծակները օգտագործելով, հանրային գումարներն են դա… եթե դա կոշիկ է, ապա այդ կոշիկն էլ պետք է վերադառնա պետությանը»:
Նա ընդգծել է, որ գործընթացի դանդաղությունը միայն Հայաստանին չէ բնորոշ. «Ես պետք է նշեմ, որ այս դանդաղությունը մենակ Հայաստանի Հանրապետությանը չի բնորոշ, որովհետև սովորաբար նման դեպքերում մարդիկ շատ են աշխատում հետքերը կորցնելու և հնարավորինս բարդ իրավական պրոցես սարքելու համար… դա պահանջում է քննություն, դա պահանջում է երկարատև աշխատանք»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, պատգամավորը հստակ արձագանքել է. «Այս պահին մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չենք ներկայացրել»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Ծովինար Վարդանյանը նշել է. «Ռուսաստանի հետ մենք չենք կռվում։ Բազմիցս նշում ենք, որ բարեկամ երկիր է Ռուսաստանը մեզ համար, և մենք ընդհանուր առմամբ մեր բալանսավորված քաղաքականության շրջանակում դիտարկում ենք երկարաժամկետ և կարգավորված բարեկամական հարաբերությունների շարունակում»:
Նա նաև շեշտել է, որ Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահով և պայմանավորվածություններով. «Մենք ունենք օրակարգ, մենք սպասարկում ենք այդ օրակարգը, և հետևաբար այդ օրակարգով էլ շարժվում ենք արտաքին հարցերում, մենք ունենք պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են փաստաթղթերում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

