«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
Հաղորդաշարեր
15.09.2026 | 22:12
Microsoft ընկերությունը հրապարակել է «Humanist AI Code of Conduct» վարքագծի կանոնագրքի նախագիծը, որը սահմանում է՝ ընկերության մշակած ԱԲ մոդելները պետք է մնան մարդկային վերահսկողության տակ, նույնիսկ կարողությունների կամ մշակումների արագության կրճատման գնով։
Փաստաթուղթն ամփոփում է ԱԲ մոդելների ուսուցման և շահագործման ընկերության մոտեցումը՝ հիմնված նախագծման սկզբունքների շարքի վրա, որին տրվել է Humanist AI անվանումը։ Այս վարքականոնը ներկայացնում է MAI-ի մոդելների նախատեսվող վարքագիծն ու արժեքները և ապագայում կծառայի որպես դրանց կառավարման հիմնական փաստաթուղթ։
Ընկերությունը նշում է՝ վարքականոնի հիմքում մեկ հիմնական նպատակ է՝ մարդիկ պետք է պահպանեն արհեստական բանականության նկատմամբ իմաստալից վերահսկողությունը, որպեսզի այն կարողանա օգնել մարդկանց ապրել ավելի առողջ, երջանիկ և արդյունավետ կյանքով։
Այս վարքականոնը նախատեսված է լայն լսարանի համար՝ օգտատերերի և օպերատորների, ինչպես նաև հետազոտողների, կառավարությունների, հանրության և Microsoft AI-ի այն թիմի համար, որը զբաղվում է ներկայիս և ապագա մոդելների ուսուցմամբ։
Microsoft AI-ում ելնում են մի պարզ սկզբունքից՝ մարդիկ ավելի կարևոր են, քան արհեստական բանականությունը։ Տեխնոլոգիայի նպատակը մարդկային քաղաքակրթության զարգացումն ու մարդկային բարեկեցության առաջընթացի արագացումն է։ Գիտությունն ու տեխնոլոգիաները հազարամյակներ շարունակ եղել են մարդկային առաջընթացի շարժիչ ուժը՝ հսկայական օգուտներ բերելով միլիարդավոր մարդկանց։ Դա էլ ակնկալվում է արհեստական բանականությունից։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է համակարգերը նախագծել զգուշությամբ՝ նախապես հստակ սահմանելով նպատակներն ու խնդիրները։
Ընկերությունն ընդգծում է, որ սուպերբանականությունը՝ արհեստական բանականության համակարգերը, որոնք ավելի խելացի և ավելի ընդունակ են, քան բոլոր մարդիկ միասին վերցրած, պատմության մեջ ամենահզոր տեխնոլոգիան է։
«Առաջիկա տասնամյակի ընթացքում մենք ակնկալում ենք, որ այն առաջադրանքների մեծ մասում կգերազանցի մարդու կարողությունները։ Նման հզոր ուժը սահմանափակելը, վերահսկելը և մարդկային արժեքներին համապատասխանեցնելը մարդկության երբևէ բախված ամենամեծ մարտահրավերներից մեկն է։ Հետևաբար, մենք պետք է լիովին հստակ լինենք, թե ինչու ենք ստեղծում այդ համակարգերը և ինչպես ենք նախատեսում վերահսկել դրանք։ Սահմանելը, թե ինչ չպետք է անեն դրանք, նույնքան կարևոր է, որքան դրանց բերելիք հսկայական օգուտների նկատմամբ մեր ոգևորությունն ու լավատեսությունը»,-նշում է ընկերությունը՝ հավելելով, որ արհեստական բանականությունը պետք է նախագծվի այնպես, որ մնա մարդկության վերահսկողության ներքո գտնվող ստորադաս, օժանդակ տեխնոլոգիա։
Ըստ Microsoft-ի՝ իր առաքելությունն է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր կազմակերպության հնարավորություն տալ ավելիին հասնելու։ Դա Humanist AI-ի և, ի վերջո, սուպերբանականության զարգացմանն ուղղված ջանքերի հիմնական շարժառիթն է։ Humanist AI-ը ստեղծված է մարդկանց աջակցելու, ոչ թե նրանց փոխարինելու համար։
Ընկերությունը հայտարարել է, որ այս վարքականոնը ներկայացնում են հանրային քննարկման նպատակով։ Հաշվի կառնեն ստացված արձագանքները, կկատարեն անհրաժեշտ փոփոխությունները և տարեվերջին կհրապարակեն վերանայված տարբերակը, որն օգտագործելու են 2027 թվականին և դրանից հետո մոդելների մշակման ուղղությունը սահմանելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

