Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.09.2026 | 20:30Քաղաքագետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանի համոզմամբ՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Գանձասար և դրա շուրջ ստեղծված իրավիճակը սադրանք էր, որի նպատակը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա ազդելն էր։ Factor TV-ի հետ զրույցում Առաքելայնն ասում է, որ սա հայկական ընդդիմության համար պահանջված օրակարգ է, որը նրանք շահարկում են։
Անդրադառնալով օտաերկրյա դիվանագետների՝ Արցախ այցին և Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը աղվանական ներկայացնելու փորձերին՝ Առաքելյանը նշեց. «Ակնհայտ է, որ նման քայլերը, նախ և առաջ, Հայաստանում պահանջված օրակարգ են, որպեսզի այդ ձեր նշած ընդդիմությունը վերցնի և շահարկի։ Սա ակնհայտ փաստ է, և մենք նախկինում էլ տեսել ենք, որ նման ցանկացած առիթի դեպքում հայաստանյան, այսպես կոչված, ընդդիմությունը դա փորձում է օգտագործել իր թեզերը հիմնավորելու համար»։
Քաղաքագետը չի կարծում, թե ընդդիմությունն այս առումով հաջողություններ կունենա, սակայն ընդգծում է, որ նման իրադարձությունները չեն նպաստում խաղաղության գործընթացին։ Նա այցը որակում է որպես «շոու»։
«Այս սադրանքի հետքերը միգուցե կտանեն-կհասցնեն էլի Ռուսաստան, կամ այս սադրանքը էլի միգուցե Ադրբեջանի կողմից էր, քանի որ չեմ կարծում, որ Ադրբեջանը այդքան հիացած է, որ Հայաստանն ունի լուրջ հնարավորություններ կամ հաջողություններ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Եվ այս տեսանկյունից միգուցե Ադրբեջանի և Ռուսաստանի շահերն ընդհանրական են»,- կարծիք հայտնեց նա։
Առաքելյանի խոսքով՝ հայկական մշակութային ժառանգությունն աղվանական ներկայացնելու թեման նոր չէ, և Ադրբեջանը դա վաղուց է տարածում։ Նա քննադատում է նախկին իշխանություններին՝ այս քաղաքականությանը դիվանագիտական և գիտական մակարդակներում պատշաճ հակազդեցություն ցույց չտալու համար։
«Ադրբեջանում նաև, չակերտավոր, գիտական աշխատություններ և գրքեր են հրատարակվել, և այդ նույն ընդդիմությունը, ով նախկինում իշխանություն էր, համենայն դեպս ես չեմ տեսել, որ ամենաբարձր մակարդակներով լուրջ դիվանագիտական և գիտական քայլեր նախաձեռնեին Ադրբեջանին հակազդելու համար»,- նշեց նա։
Խոսելով ՌԴ նախագահի կողմից ռուսական ռազմաբազայի թեման շրջանառության մեջ դնելու մասին՝ Առաքելյանը ենթադրեց, որ դա կարող է ուղղված լինել Հայաստանի քաղաքացիների վրա ազդելուն և վախեցնելուն։ Սակայն, նրա համոզմամբ, տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, և ռազմաբազան այլևս չի տեղավորվում զարգացումների նոր տրամաբանության մեջ։
«Ըստ նրանց՝ տարածաշրջանը չպետք է լինի կոնֆլիկտազերծ, որպեսզի դրա շրջանակներում տեղավորվի երրորդ երկրի ռազմաբազան։ Դրա համար է, որ այս շրջանակները նաև փորձում են որոշակի կոնֆլիկտային իրավիճակ կամ սադրանքները ստեղծել ու պահպանել այս տարածաշրջանում, որպեսզի նաև արդարացվի ռուսական բազայի ներկայությունը մեր երկրում»,- պարզաբանեց քաղաքագետը։
Նա շեշտեց, որ վերջին վեց տարիների ընթացքում Ռուսաստանը ցույց է տվել, որ չի կարողանում ապահովել անվտանգային երաշխավորություն, և Հայաստանը պետք է լրացնի այդ բացն իր ներքին պոտենցիալով։ «Դա չի նշանակում, որ պետք է լրացնի երրորդ երկրի բազայով փոխարինելով։ Հայաստանի Հանրապետությունը, նախ և առաջ, պետք է այդ բացը լրացնի իր ներքին պոտենցիալով։ Այստեղ խոսքը միայն ռազմական պոտենցիալի մասին չի, խոսքը դիվանագիտական պոտենցիալի, խոսքը տնտեսական պոտենցիալի և խոսքը, բնականաբար, ռազմական պոտենցիալի մասին է»,- եզրափակեց Էդգար Առաքելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

