Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
Քաղաքականություն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն, որը հայտնի է նաև Ռոմանով-Պարցխալաձե անունով, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում գլխավորել է կամավորական ստորաբաժանում։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանում այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» սկսվելուց հետո չէր կարող մի կողմ քաշվել և որոշել էր օգնել ռուս զինծառայողներին, ինչպես նաև Դոնբասի և Ուկրաինային սահմանակից շրջանների բնակիչներին, գրում է Sova news-ը։։
Այս մասին նա պատմել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, որտեղ գործակալությունը նրան ներկայացրել է որպես «Գեորգիևսկի» միջազգային կամավորական ստորաբաժանման հրամանատար և «հատուկ ռազմական գործողության վետերան»։
«Իմ գլխավոր սկզբունքը միշտ մեկն է եղել՝ արդարություն, կարգուկանոն և կարգապահություն։ Հենց ճշմարտության հանդեպ իմ սիրո, իմ ուժեղ հայրենասիրական դիրքորոշման և Արևմուտքի կանոններով խաղալուց հրաժարվելու պատճառով է, որ ես ենթարկվել եմ աննախադեպ ճնշման։ Ես երկու անգամ ընդգրկվել եմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում։ Բայց ինձ համար այս պատժամիջոցները ճշմարտության մեդալ են»,- ասել է նա։
Ռոմանով-Պարցխալաձեն հայտարարել է, որ «Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինից հրավեր ստանալուց հետո»՝ 2025 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու համար, վճռական որոշում է կայացրել ծառայել «Արբատ» կամավորական կորպուսի կազմում, որտեղ ծառայել է ինը ամիս։
«Արբատում» ծառայությունս ավարտելուց հետո ես և իմ համախոհները որոշեցինք ստեղծել «Գեորգիևսկի» միջազգային կամավորական ստորաբաժանումը»,- ասել է նա։
Նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ «Գեորգիևսկի» ստորաբաժանմանը միանում են կամավորներ, որոնք արժևորում են Ռուսաստանի և Վրաստանի ընդհանուր պատմությունը՝ «դարավոր եղբայրությունը»։
«Նրանց գլխավոր շարժառիթը քրիստոնեական հավատքի, ավանդական ընտանիքի, սեփական մշակույթի և ինքնության պաշտպանությունն է այն խելագարությունից ու ճնշումից, որը Արևմուտքն այսօր փորձում է պարտադրել։ Նրանց համար Ռուսաստանը մարդկային նորմալ, առողջ արժեքների հենարանն է, և նրանք հաստատուն որոշում են կայացրել զենքը ձեռքին պաշտպանել այդ հենարանը»,- հավելել է նա։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռոմանով-Պարցխալաձեն նշել էր, որ ստորաբաժանման անվանումը կապված է 1783 թվականի Գեորգիևյան դաշնագրի հետ, որը մեծ դեր է խաղացել վրաց ժողովրդի պատմության մեջ։
Վրաստանում Ռոմանով-Պարցխալաձեի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նախատեսում է վարձու և շահադիտական դրդումներով կանխամտածված սպանության կազմակերպում։ Նախկին գլխավոր դատախազը մեղադրվում է գործարար Լևան Ջանգվելաձեի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։
Նշենք նաև, որ Օտար Ռոմանով-Պարցխալաձեն կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը՝ ՌԴ անձնագիր ստանալուց հետո։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ դա բարդացնում է նրա հայրենիք արտահանձնման գործընթացը։
Օտար Պարցխալաձեն Վրաստանի գլխավոր դատախազ է դարձել 2013 թվականի նոյեմբերին՝ ներկայում իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո։ Սակայն այդ պաշտոնում նա մնացել է ընդամենը 47 օր և հրաժարական է տվել դեկտեմբերի 30-ին։
2023 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պարցխալաձեի նկատմամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը աշխատել է նրա հետ՝ Ռուսաստանին օգտին Վրաստանի հասարակության և քաղաքականության վրա ազդեցություն գործադրելու նպատակով։
Հավելենք, որ «Արբատ» (Армянский батальон) կամավորական կորպուսը ստեղծվել է 2022 թվականին՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և քրեական շրջանակների հետ կապեր ունեցող գործարար Արմեն Սարգսյանի (նաև հայտնի է «Գորլովսկի» մականունով) նախաձեռնությամբ։ 2023 թվականից ստորաբաժանումը Ռուսաստանի պաշտպանության նախարարության մաս է կազմում։ 2025 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում՝ էլիտար բնակելի համալիրի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, Արմեն Սարգսյանը զոհվել է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել էր Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ։ Ըստ տեղեկությունների՝ հանցավոր խմբի անդամները հեղաշրջման նախապատրաստման համար հավաքագրված անձանց տեղակայել էին «Արբատ» կոչվող ռազմաբազայում, որը կապված է «Արբատ» գումարտակի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

