ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
Քաղաքականություն
09.09.2026 | 12:59
Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Էլմեդին Կոնակովիչը հայտարարել է Սերբիայում երկրի դեսպանատան աշխատակիցներին հետ կանչելու մասին, հայտնում է Televizija K3-ը։ Նա նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունում կմնան միայն դեսպանը և հյուպատոսը, և միայն այն պատճառով, որ ինքը չունի նրանց հետ կանչելու լիազորություններ, փոխանցում է The Insider-ը։
Այս որոշումը պայմանավորված է Բելգրադում կայացած Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի հուղարկավորությամբ, որը դատապարտվել է միջազգային քրեական տրիբունալի կողմից և մահացել Հաագայի բանտային հիվանդանոցում։
Կոնակովիչը հայտարարել է, որ հանձնարարել է Սերբիայից դուրս բերել գրեթե բոլոր դիվանագետներին՝ բացառությամբ դեսպանի և հյուպատոսի, քանի որ Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի լիազորությունների շրջանակում չէ նրանց հետ կանչելը։
Նա իր որոշումը բացատրել է Սերբիայի և Սերբական Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինայի մաս) բազմաթիվ պաշտոնական ներկայացուցիչների՝ Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ Բելգրադում Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանության աշխատանքը կապահովեն Չեռնոգորիայում և Խորվաթիայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։
Ինչպես նշում է տեղական Vijesti պորտալը, Կոնակովիչը խոստացել է նամակներ ուղարկել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Եվրամիության ղեկավարությանը՝ խնդրելով «կոշտ» արձագանքել Բելգրադում Մլադիչի հուղարկավորությանը։ Նա հավելել է․ «Եթե ես կարողանայի, այսօր իսկ կխզեի Սերբիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները։ Եթե նման լիազորություններ ունենայի»։
Բոսնիական խորհրդարանի՝ Սերբական Հանրապետությունը ներկայացնող պատգամավոր Ռադովան Կովաչևիչը հայտարարել է, որ Կոնակովիչը կարող է խզել միայն Դաշնության հարաբերությունները (Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը բաղկացած է երկու կազմավորումներից՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից և Սերբական Հանրապետությունից, ինչպես նաև Բրչկո շրջանի հատուկ վարչական միավորից, որը գտնվում է միջազգային կառավարման ներքո) Սերբիայի հետ, մինչդեռ Սերբական Հանրապետության հարաբերությունները Բելգրադի հետ կմնան ամենաբարձր մակարդակի վրա։
Հավելենք, որ Ռատկո Մլադիչը մահացել է օգոստոսի 27-ին՝ Հաագայում, 84 տարեկան հասակում։ 2017 թվականին նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը նրան ցմահ ազատազրկման է դատապարտել Սրեբրենիցայում ցեղասպանության, ինչպես նաև 1992–1995 թվականների Բոսնիայի պատերազմի ընթացքում մարդկության դեմ իրականացված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար։ 2021 թվականին վերաքննիչ պալատը ուժի մեջ է թողել դատավճիռը։
Գեներալի հուղարկավորությանը ներկա են եղել Սերբիայի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը, արդարադատության նախարար Նենադ Վույիչը, մշակույթի նախարար Նիկոլա Սելակովիչը, պետական ներդրումների նախարար Դարկո Գլիշիչը, առանց պորտֆելի նախարար Նենադ Պոպովիչը և աշխատանքի նախարար Միլիցա Ջուրջևիչ-Ստամենկովսկին։
Արարողությանը ներկա են եղել նաև նախագահի որդին՝ Դանիլո Վուչիչը (Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչն ինքը չի մասնակցել հուղարկավորությանը` վկայակոչելով Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի այցը), իշխող կուսակցության առաջնորդ Միլորադ Դոդիկը, Բոսնիա և Հերցոգովինայի նախագահության անդամ Ժելկա Ցվիյանովիչը, Բանյա Լուկայի քաղաքապետ Դրաշկո Ստանիվուկովիչը, ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն, նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը և քրեական ոստիկանության վարչության պետ Մարկո Կրիչակը։
Հուղարկավորության օրը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարություն է տարածել, որում Մլադիչին անվանել է ցեղասպանություն իրականացրած՝ դատապարտված ռազմական հանցագործ և հիշեցրել, որ նախկին Հարավսլավիայի հարցերով տրիբունալը նրա հանցագործությունները բնութագրել է որպես մարդկությանը հայտնի ամենասարսափելի հանցագործություններից մի քանիսը։
Դրանից առաջ՝ սեպտեմբերի 4-ին, Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը չեղարկել էր սեպտեմբերի 9-10-ը նախատեսված այցը Սերբիա՝ նշելով, որ «Մլադիչի մահվանն ուղեկցող փառաբանումը» անհամատեղելի է այն արժեքների հետ, որոնց վրա հիմնված է Եվրամիությանն անդամակցության ճանապարհը։
«Ռատկո Մլադիչի հուղարկավորության երեկվա պատկերները Բելգրադում ցնցող էին»։ Այս մասին էլ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա նշել է, որ Ռատկո Մլադիչը դատապարտված ռազմական հանցագործ էր։ Նա պատասխանատու էր ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Նա մահացել է՝ Սրեբրենիցայի ցեղասպանության և այլ հանցագործությունների համար սահմանված ցմահ ազատազրկման պատիժը կրելու ընթացքում։
«Հուղարկավորությանը պետական աջակցության դրսևորումները և սերբական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը խորապես ափսոսալի են։ Դրանք վկայում են Եվրոպայի նորագույն պատմության մութ էջին առերեսվելու ձախողման մասին և հակասում են այն արժեքներին, որոնց վրա հիմնված է Սերբիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղին։ Մեր մտքերը նախկին Հարավսլավիայի երկրներում իրականացված հանցագործությունների բոլոր զոհերի հետ են»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

