Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
Քաղաքականություն
28.08.2026 | 20:10
Ռուսաստանի կողմից որոշ հայկական ապրանքների սահմանափակումների կիրառումից հետո պետական պաշտոնյաները հաճախ անդրադառնում են արտահանման նոր կամ աճող ուղղություններին։ Սակայն առանձին շուկա արտահանման աճը դեռևս ամբողջությամբ չի ներկայացնում այդ երկրի հետ առևտրի պատկերը։ Դրա համար անհրաժեշտ է դիտարկել նաև ներմուծման ծավալներն ու արտահանման և ներմուծման տարբերությունը։
Factor TV-ն ուսումնասիրել է 2026 թվականի առաջին կիսամյակի արտաքին առևտրի տվյալները՝ հասկանալու համար, թե արտահանման առանձին ուղղություններով արձանագրված աճին զուգահեռ ինչպես են փոխվել Հայաստանի ընդհանուր առևտրային պատկերը։
2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան արտահանումը կազմել է շուրջ 1 մլրդ 228 մլն դոլար՝ մեկ տարվա ընթացքում նվազելով 4.2 տոկոսով։
Ռուսաստան արտահանման ապրանքային կառուցվածքի վերաբերյալ հունվար-մայիսի UN Comtrade տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականի այդ հինգ ամիսներին ամենամեծ արժեքով արտահանված ապրանքային խումբը եղել են էլեկտրական մեքենաներն ու սարքավորումները՝ շուրջ 344 մլն դոլար, որը նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 3%-ով։

Նվազել է նաև «Մեքենաներ և մեխանիկական սարքավորումներ» ապրանքախմբի արտահանումը 7%-ով՝ կազմելով 54.9 մլն դոլար։
Այս ապրանքախմբերի ցուցանիշների նվազումը կարող է ազդեցություն թողած լինել նաև 2026թ․ հունվար-հունիսին Հայաստանից ՌԴ արտահանման ծավալների նվազման վրա։ Սակայն ռուսական ծագման ապրանքների ներմուծումը շատ ավելի մեծ տեմպով է նվազել՝ մոտ 2 մլրդ 45 մլն դոլարից մինչև 1 մլրդ 403 մլն դոլար, կամ շուրջ 31 տոկոսով։
Դրա արդյունքում Ռուսաստանի հետ Հայաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը մեկ տարվա ընթացքում կրճատվել է մոտ 764 մլն դոլարից մինչև 175 մլն դոլար։
Ռուսական ծագման ապրանքների ներմուծման նվազումը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 642 մլն դոլար։ Սակայն Հայաստանի ընդհանուր ներմուծումը նույն ժամանակահատվածում ոչ թե նվազել, այլ աճել է շուրջ 236 մլն դոլարով։
Այսինքն՝ Ռուսաստանից ներմուծման զգալի անկումը ոչ միայն փոխհատուցվել է այլ երկրներից ներմուծման աճով, այլև Հայաստանի ընդհանուր ներմուծման ծավալն աճել է։
Հատկանշական է, որ 2022 թվականից սկսած, իսկ հատկապես 2023-2024 թվականներին, Հայաստանը մեծ ծավալներով ոսկի է ներմուծել Ռուսաստանից և վերարտահանել, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։
2025 թվականին, 2024-ի համեմատ, Ռուսաստանից Հայաստան ոսկու ներմուծման և դրա հետ կապված վերարտահանման ծավալներն արդեն նվազել էին։
UN Comtrade միջազգային առևտրի հունվար-մայիսի ապրանքային տվյալները ցույց են տալիս, թե որն է Ռուսաստանից ներմուծման անկման հիմնական պատճառներից մեկը։

2025 թվականի առաջին հինգ ամիսներին Ռուսաստանից Հայաստան ներմուծվել էր շուրջ 821.4 մլն դոլարի թանկարժեք քարեր և մետաղներ, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ մոտ 279.2 մլն դոլարի։
Այսինքն՝ միայն այս ապրանքային խմբի ներմուծումը նվազել է շուրջ 542 մլն դոլարով կամ 66%-ով։
Ավելին՝ եթե հունվար-մայիսի տվյալներից բացառենք թանկարժեք քարերի և մետաղների խումբը, Ռուսաստանից մյուս ապրանքների ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է ընդամենը մոտ 1.6%-ով։
Սա թույլ է տալիս ենթադրել, որ նաև առաջին կիսամյակում Ռուսաստանից ներմուծման 642 մլն դոլարի անկման առանցքային գործոններից մեկը եղել է թանկարժեք քարերի և մետաղների առևտրի կրճատումը։ Հունիսի ապրանքային տվյալների բացակայության պատճառով ամբողջ կիսամյակի համար դրա ճշգրիտ բաժինը դեռ հաշվարկել հնարավոր չէ։
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկազ Ֆանյանը ներմուծման ծավալների կրճատումը ևս կապում է թանկարժեք քարերի առևտրի կրճատման հետ։
«Ներմուծման կոնտեքստում Ռուսաստանի Դաշնության հետ կապված հիմնական հարցը կայանում է նրանում, որ մենք նախկինում ներմուծում էինք ոսկին Ռուսաստանից, հետո արտահանում Արաբական Միացյալ Էմիրություններ, և այս նվազումը նաև պայմանավորված է ոսկու հոսքերի կրճատմամբ»,- պարզաբանում է նա։
2026 թվականի հունվար-մայիսի տվյալներով՝ բանջարեղենը և ուտելի արմատապտուղները, ձուկը, մրգերն ու ընկույզները միասին կազմել են դեպի ՌԴ ամբողջ արտահանման շուրջ 7%-ը։
Հունիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից պտուղ-բանջարեղենի և ձկնամթերքի ներմուծման նկատմամբ, ինչը կարող էր ազդել հունիսի արտահանման ցուցանիշների վրա։ Հունիսի ապրանքային տվյալների հրապարակումից հետո հնարավոր կլինի գնահատել այդ սահմանափակումների ազդեցության չափը։
Հայկազ Ֆանյանի կարծիքով, դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կարճաժամկետ հատվածում չեն վերականգնվի, որն էլ առաջացնում է արտահանման հետ կապված որոշակի խնդիրներ։
ԱՄԷ ուղղությամբ արտահանման կտրուկ անկում
Ռուսաստանի հետ առևտրի փոփոխությանը զուգահեռ՝ զգալիորեն նվազել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դերը Հայաստանի արտաքին առևտրում։
2024 թվականի առաջին կիսամյակում ԱՄԷ-ի մասնաբաժինը Հայաստանի ապրանքների ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունում մոտ 20 տոկոս էր։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այն նվազել էր մինչև շուրջ 11.8 տոկոս, իսկ 2026-ին արդեն կազմել է ընդամենը 3.2 տոկոս։

2025 թվականի առաջին կիսամյակում ԱՄԷ էր արտահանվել մոտ 1 մլրդ 90 մլն դոլարի ապրանք, մինչդեռ 2026-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 280 մլն դոլարի։
Այսինքն՝ դեպի ԱՄԷ արտահանման արժեքը նվազել է մոտ 810 մլն դոլարով կամ շուրջ 74 տոկոսով։ ԱՄԷ-ի հետ առևտրում Հայաստանը շարունակում է դրական հաշվեկշիռ ունենալ, սակայն այն ևս կտրուկ կրճատվել է՝ շուրջ 1 մլրդ 51 մլն դոլարից մինչև 253 մլն դոլար։
UN Comtrade-ի հունվար-մայիսի ապրանքային տվյալներն այստեղ ևս շատ հստակ միտում են ցույց տալիս։

2025 թվականի առաջին հինգ ամիսներին դեպի ԱՄԷ թանկարժեք քարերի և մետաղների արտահանումը կազմել էր մոտ 820.5 մլն դոլար, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 188.7 մլն դոլար։
ՌԴ-ից Հայաստան ռուսական ծագման ապրանքների ներմուծումը առաջին կիսամյակում նվազել է շուրջ 642 մլն դոլարով, իսկ դեպի ԱՄԷ արտահանումը՝ մոտ 810 մլն դոլարով։
Հունվար-մայիսի կտրվածքով հենց այս ապրանքախումբն է բացատրում դեպի ԱՄԷ արտահանման անկման հիմնական պատճառը։
Հայկազ Ֆանյանի կարծիքով, ոսկու արտահանման կրճատումները կարող են կապ ունենալ կոնկրետ բիզնեսների որոշումների արդյունքի հետ․ «Նախկինում այդ ոսկու վերարտահանումը պայմանավորված է եղել նրանով, որ Ռուսաստանը սահմանել է արտահանման մաքսատուրքեր, բացառությամբ ԵԱՏՄ երկրների, և Հայաստանը, օգտվելով այդ հնարավորությունից, իրականացրել է արտահանում իր տարածքով։ Որոշ ժամանակ հետո դա վերացավ, հետո նորից առաջացավ, բայց այս պահին ես չունեմ ինֆորմացիա, թե ինչու է նվազել։ Քանի որ կոնկրետ գործառույթների հետ է կապված, սահմանափակ թվով տնտեսվարողներ են դրանով զբաղվում, ենթադրում եմ, որ պետք է կապ ունենա կոնկրետ բիզնեսների որոշումների արդյունքի հետ»։
Այսպիսով, հունվար-մայիսի ապրանքային տվյալները ցույց են ,որ Հայաստանից դեպի ԱՄԷ-ի արտահանման ցուցանիշների նվազման վրա էական ազդեցություն է ունեցել թանկարժեք քարերի և մետաղների ապրանքախմբի արտահանման ծավալների կրճատումը, որը փոխակակցված է նաև ՌԴ-ից ներմուծման ծավալների կրճատման հետ։
Այսինքն՝ Հայաստանը սկսել է ավելի քիչ ոսկի ներմուծել ՌԴ-ից, ինչն էլ անմիջականորեն ազդել է դեպի ԱՄԷ արտահանման ցուցանիշների ծավալների նվազման վրա։
Մարիա Խաչատրյան

