Ով է մարելու ԵՄ-ում ՀՀ քաղաքացիների առողջապահական պարտքերը․ հարցը կքննարկվի վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլում
Քաղաքականություն
28.08.2026 | 14:40
Լուսանկարում՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ՀՀ նախագահական նստավայրում, Երևան, 05․05․2026
Եվրամիությունը հայկական կողմին տեղեկատվություն չի փոխանցել Շենգենյան գոտում ՀՀ քաղաքացիների կուտակած առողջապահական պարտքերի վերաբերյալ։ Այս մասին Factor TV-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, որի համակարգմամբ է տեղի ունենում ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հանձնառությունների իրականացումը։
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ՎԱԳԾ) 2.1.9 հենանիշը պաշտոնական Երևանից պահանջում է բարելավել համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ «Շենգենյան գոտում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից առողջապահական համակարգերի հետ կապված կուտակված՝ չվերադարձված պարտքերի խնդիրն արդյունավետորեն լուծելու», այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական արշավների իրականացման ուղղությամբ։
Factor TV-ն ՆԳՆ-ից գրավոր հարցմամբ փորձել էր պարզել, թե քանի տարվա ու ծավալի պարտքի մասին է պահանջը, որ երկրներում ու ինչպես է գոյացել, ինչպես պետք է Հայաստանը վերադարձնի, կա՞ արդյոք միջոցառումների ժամանակացույց։
«ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված պարտքերի վերադարձման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն առկա չէ։ Հետևաբար, այդ պարտքերի վերադարձման մեխանիզմ կամ ընթացակարգ նախատեսված չէ։ Նշված պարտքերի առաջացման հանգամանքների վերաբերյալ առանձին գնահատման կամ վերլուծության վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»,- նշված է ՆԳՆ պատասխանում։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ «ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի միջոցառումների պլանը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը մշակման փուլում է, ուստի 2.1.9 հենանիշի կատարմանն ուղղված համապատասխան կարգավորումները կսահմանվեն նշված որոշման շրջանակներում։
Շենգենյան գոտում ՀՀ քաղաքացիների առողջապահական պարտքերի ու բժշկական օգնություն ստանալու նպատակով ներկայացված ապաստանի հայցերի վերաբերյալ վիճակագրություն Factor TV-ն փորձեց ստանալ Եվրահանձնաժողովից։
«Գործողությունների ծրագիրը գնահատում է չափանիշները մի շարք ոլորտներում, ներառյալ՝ i) փաստաթղթերի անվտանգություն, ii) սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան, iii) հասարակական կարգ և անվտանգություն, և iv) արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։ Այս կոնկրետ ոլորտում առաջընթացը կգնահատվի 2-րդ փուլի շրջանակում՝ ավելի ուշ։ Հետևաբար՝ մենք չունենք տվյալներ այս հարցի վերաբերյալ տրամադրելու համար»,- նշված է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակի պատասխանում։
ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ 2026 թվականի ապրիլի 30-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունել է առաջընթացի առաջին զեկույցը՝ դրական գնահատելով հայկական կողմի ջանքերն առաջին փուլի (օրենսդրական և քաղաքականության շրջանակ) հենանիշերի իրականացման ուղղությամբ։
«Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի վիզաների ազատականացման ակտիվ երկխոսություն։ Զեկույցն արձանագրում է Հայաստանի իշխանությունների ուժեղ քաղաքական հանձնառությունը՝ վիզաների ազատականացման գործընթացն իրականացնելու հարցում։ 2026 թվականի մայիսի 20-ին Երևանում անցկացվել է բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդող հանդիպում։ Այս տարի ավելի ուշ տեղի կունենան ԵՄ գնահատման հաջորդ առաքելությունները՝ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործում Հայաստանի արձանագրած առաջընթացը հետագայում գնահատելու համար»,- փոխանցեցին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Լուսանկարում՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակացող Արփինե Սարգսյանին է հանձնում Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը, Երևան, 05․05․2026
Ըստ առաջընթացի զեկույցի՝ ԵՄ-ում ապաստան հայցող հայերի դիմումների թիվը 2025 թ. զգալիորեն նվազել է՝ հասնելով 3 535-ի (2024 թվականին՝ 5 130 դիմում)։ Այնուամենայնիվ, «ԵՄ որոշ երկրներում Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես՝ բժշկական օգնություն հայցողների կողմից ներկայացված՝ ապաստան ստանալու վերաբերյալ չհիմնավորված դիմումների զգալի թիվը մարտահրավեր է, որը պետք է լուծում ստանա Հայաստանի իշխանությունների կողմից»։
Նույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Հայաստանի առողջության համընդհանուր ապահովագրության նոր համակարգը, որն ուժի մեջ է մտել 2026 թվականին, կնպաստի ապաստան ստանալու դիմումների թվի հետագա կրճատմանը։
Factor TV-ն ՆԳՆ-ից նաև փորձել էր պարզել՝ զեկույցում նշված ապաստանի չհիմնավորված դիմումների վերաբերյալ ի՞նչ պաշտոնական վիճակագրություն է տրամադրվել Հայաստանին՝ տարիների ու ԵՄ երկրների կտրվածքով։
«ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված ապաստանի չհիմնավորված դիմումների հիմքերի վերաբերյալ ԵՄ-ն պաշտոնական վիճակագրություն չի տրամադրում հայկական կողմին»,- հայտնել է ՆԳՆ-ն։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից էլ Factor TV-ին տեղեկացրել են, որ այլ պետություններում առողջապահական նպատակներով ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների դիմումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չեն ստացել։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 462 անձի վերաբերյալ։ Հայցերի հիմնական մասը ներկայացրել են Գերմանիան և Ֆրանսիան՝ համապատասխանաբար 166 և 73 հայց։ Քաղաքացիությունը հաստատվել է 402 անձի , իսկ չի հաստատվել 23 անձի դեպքում։

Լուսանկարում՝ Օգտատիրոջ գրառումը Ֆեյսբուք սոցիալական հարթակում, հուլիս, 2026
Eurostat-ի նախնական տվյալներով՝ 2024 թվականին ԵՄ անդամ պետությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձի վերաբերյալ կայացրել են 3 105 որոշում, և փաստացի տեղի է ունեցել 925 վերադարձ։
2025 թ․-ին կայացվել է 3 200 որոշում, և փաստացի տեղի է ունեցել 1 310 հոգու վերադարձ Հայաստան։
Հակառակ նման խստացումների՝ սոցիալական տարբեր հարթակներում ու խմբերում կարելի է դեռ տեսնել բազմաթիվ հայտարարություններ, երբ օգտատերերը խորհուրդներ են հարցնում՝ ապաստան հայցելու գործընթացի մասին։
ՀՀ քաղաքացիների վերադարձը տեղի է ունենում ԵՄ-Հայաստան հետընդունման համաձայնագրով, որն ուժի մեջ է 2014 թվականի հունվարի 1-ից՝ ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման համաձայնագրի հետ միաժամանակ։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

