Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
Կենտրոնական Եվրոպայում խոշոր ու մանր եղջերավոր անասունները վաղաժամ հայտնվում են սպանդանոցներում՝ ծայրահեղ շոգի ու երաշտի հետևանքով։ Եվրոպական հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի (JRC) տվյալներով՝ եղանակային անոմալիաները հանգեցրել են արոտավայրերի և խոտհարքների զանգվածային չորացման՝ առաջացնելով անասնակերի լուրջ ճգնաժամ և սպառնալով ձմեռային կերի պաշարներին։
Ըստ JRC-ի հրապարակած ամփոփագրի՝ արոտավայրերի արտադրողականությունն ու արոտների հասանելիությունը կտրուկ անկում են ապրել։ Հատկապես Գերմանիայի հարավում և հարավ-արևմուտքում իրավիճակը գնահատվում է ծայրահեղ օրհասական։ Խոտհարքների անբավարար արտադրողականության և սիլոսային եգիպտացորենի պակասի պատճառով արդեն իսկ սպառվում են կերի պաշարները, ինչն ուղղակիորեն նպաստում է անասունների վաղաժամ մորթին։

Հունգարիայում չոր խոտի արտադրությունը կազմել է տարեկան միջինի ընդամենը մեկ երրորդը։ Եգիպտացորենի բերքատվության 30%-ով անկումը և դաշտերի զանգվածային չորացումը երկիրը կանգնեցրել են լուրջ խնդրի առաջ։
Ֆրանսիայում երաշտը սահմանափակել է արոտավայրերի քանակը, իսկ արևմտյան անասնաբուծական շրջաններում հատիկային եգիպտացորենի դաշտերը ստիպված հնձվում են որպես սիլոս՝ կենդանիներին կերակրելու համար։ Ֆրանսիայում սա վերջին 20 տարվա ամենաշոգ և 2-րդ ամենաչոր ամառն էր։ Հատկապես արևմուտքում իրավիճակն աղետալի է. հատիկային եգիպտացորենի բերքատվությունը կանխատեսվում է ռեկորդային ցածր մակարդակի՝ հնգամյա միջինից 28%-ով պակաս։
Նմանատիպ ծանր պատկեր է նաև Ավստրիայի, Չեխիայի և Սլովակիայի տարբեր շրջաններում, որտեղ տեղումների դեֆիցիտը հանգեցրել է կերի լուրջ պակասուրդի։ Բենիլյուքսի երկրներում, Սլովենիայում և Խորվաթիայում ևս շոգն ու երաշտը զգալիորեն նվազեցրել են խոտի աճը։
Չնայած զեկույցը կոնկրետ տվյալներ չի հրապարակում անասունների վաղաժամ մորթի մասին, սակայն սա մտահոգիչ է ԵՄ-ում տարեցտարի անասնագլխաքանակի նվազման համատեքստում։ Eurostat-ի տվյալներով՝ 2025 թ․ դեկտեմբերի դրությամբ՝ Եվրամիությունում հաշվառված է 131․5 մլն խոզ, 71.6 մլն խոշոր եղջերավոր անասուն, 55.3 մլն ոչխար և 10.2 մլն այծ։ 10 տարվա կտրվածքով խոզերի թիվը նվազել է 8.9%-ով, խոշոր եղջերավոր անասուններինը՝ 9.7%-ով, ոչխարներինը՝ 12.2%-ով, այծերինը՝ 17.5%-ով։
Անասնակերի դեֆիցիտին զուգահեռ՝ երաշտի հետևանքով նվազել են սոյայի, եգիպտացորենի և կարտոֆիլի բերքատվության սպասվող ցուցանիշները։
Ըստ JRC-ի կանխատեսումների՝ Եվրոպայում ամառային հիմնական մշակաբույսերի բերքատվության ցուցանիշները կտրուկ անկում են ապրել․ մասնավորապես, սոյայի սպասվող բերքատվությունը, հնգամյա միջինի համեմատ, նվազել է 14%-ով (կազմելով 2.31 տ/հա), կանաչ (սիլոսային) եգիպտացորենի ցուցանիշը կրճատվել է 12%-ով (37.8 տ/հա), հատիկային եգիպտացորենի բերքատվությունն անկում է գրանցել 7%-ով (6.61 տ/հա), կարտոֆիլինը նվազել է 6%-ով (34.6 տ/հա), իսկ շաքարի ճակնդեղի ցուցանիշը կրճատվել է 5%-ով (հասնելով 72.2 տ/հա)։

Այնուամենայնիվ, Եվրոպայի հյուսիսային և արևելյան հատվածներում վիճակը զգալիորեն ավելի բարենպաստ է, ինչը որոշակիորեն մեղմում է եվրոպական ընդհանուր ցուցանիշների անկումը։ Շվեդիայում, Ֆինլանդիայում և Մերձբալթյան երկրներում բավարար տեղումներն ու չափավոր ջերմաստիճանը պահպանել են արոտավայրերի կենսազանգվածը միջին մակարդակում կամ դրանից բարձր։
Թեև օգոստոսի վերջին կանխատեսվում է անձրևոտ ու զով եղանակ, JRC-ի փորձագետները շեշտում են, որ դա արդեն չափազանց ուշ է կորուստները փոխհատուցելու համար։ Առավել ևս, որ երկարաժամկետ կանխատեսումներով՝ աշունը Եվրոպայի մեծ մասում լինելու է սովորականից ավելի տաք։
Այս պահի դրությամբ՝ 2026-ի շոգերի և երաշտի վնասների միասնական՝ պաշտոնական ԵՄ տվյալներ առանձին մշակաբույսերի ու անասնաբուծության համար դեռևս չկան։ Գերմանական Raiffeisen միության հաշվարկով, սակայն, միայն Գերմանիայում հացահատիկի և ռապսի դեպքում կորուստը՝ գյուղատնտեսության չստացված եկամուտը, գերազանցելու է 600 մլն եվրոն (շուրջ 3 մլն տոննա պակաս բերք)։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

