«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
25.08.2026 | 20:00Մայիսի 9-ից X-ում տասնյակ էջեր տարածում էին տեսանյութ, որտեղ պնդում էր արվում, թե թուրքական ռազմաբազա է նախատեսվում կառուցել Գյումրիի մերձակայքում ԵՄ աջակցությամբ: Նշվում էր, թե այն գաղտնի, ոչ հրապարակային համաձայնագրի շրջանակներում է որոշվել, և Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը։
Իրական կադրեր, բայց արհեստական բանականությամբ գեներացված ձայն և չհիմնավորված պնդումներ․ կեղծ տեսանյութը X-ում ակտիվորեն տարածվել և կարճ ժամանակում միլիոնավոր դիտումներ է հավաքել։
Factor TV-ի փաստեր ստուգող լրագրող Մարիա Խաչատրյանն ասում է՝ թեև Կառավարությունը հերքել է այդ լուրը, անհրաժեշտություն է առաջացել բաց աղբյուրենրով ստուգել, թե ինչ կադրեր են օգտագործվել կեղծ տեսանյութում և ինչ մեխանիզմներով է այն X-ում տարածվել։
«X-ում այդ տեսանյութը տարածում էին տարբեր էջեր, որոնք ունեն ինչպես փոքր և քիչ հետևորդներ, այնպես էլ մեծ լսարաններ ունեցողներ, նրանք կարելի է ասել, որ գործում էին համակարգված։ Շատ քիչ րոպեների տարբերությամբ տեսանյութերը սկսեցին տարածել տարբեր շեշտադրումենրով»,- ասում է Մարիան։
Լրագրողի ուշադրությունն է գրավել նաև այն հանգամանքը, որ տեսանյութում օգտագործվել է DRM news-ի լոգոն։ Այն սոցցանցերում ներկայացվում է որպես միջազգային, սպորտային, ֆինանսական և այլ թեմաներով նորություններ ու վերլուծություններ հրապարակող հարթակ։
«Մեզ հաջողվեց կապ հաստատել DRM լրատվամիջոցի հետ և նրանք հերքեցին իրենց կապը տվյալ տեսանյութի հետ»։
Տարածվող տեսանյութում կիրառվել է մոլորեցնող հնարք․ վստահություն ստեղծելու համար սկզբում ներկայացվել են իրական փաստեր։ Նախ խոսվում է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո համագործակցության մի շարք համաձայնագրերի կնքման մասին։ Ապա դրան հաջորդում է արդեն չհիմնավորված պնդումը, թե Հայաստանը Թուրքիային ռազմաբազա տեղակայելու հնարավորություն տվող գաղտնի համաձայնագիր է ստորագրել։
«Իբրև դրա մասին ասում են եվրոպացի դիվանագետները, սակայն նյութում չէր նշվում, թե ովքեր էին այդ եվրոպացի դիվանագետները, չէր նշվում նաև փորձագետների մասին, որոնց մասին անանուն հիշատակում կար»,- ընդգծում է լրագրողը։
Իսկ ի՞նչ կադրեր են օգտագործվել և ինչպե՞ս է պատրաստվել կեղծ տեսանյութը։
Ցուցադրվող լուսանկարների ու կադրերի մի մասը պատկերում է մայիսի 4-5-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։ Իսկ այսպես կոչված «նոր բազայի»-ն վերաբերող հատվածում ներկայացվող զինտեխնիկայի և զինվորականների կադրերը հին են։
«Տեսանյութում օգտագործվել է 2021 թվականի ադրբեջանական զորավարժությունների ինչ-որ կադրեր, որտեղ երևում են զինվորականները և զինտեխնիկան, դրան ուղեկցվում է այն ձայնային տեքստը, թե Գյումրիի մոտ թուրքական ռազմաբազա է նախատեսում կառուցել, և այնտեղ պետք է ադրբեջանական զինվորականներ լինեն և զուգորդաբար ներկայացվում են հենց զինտեխնիկայի կադրերը»,- նշում է լրագրողը։
Մարիայի խոսքով՝ կեղծ տեսանյութը X-ում տիրաժավորող էջերը առաջին անգամը չէ, որ AI-ով պատրաստված նմանատիպ կեղծ «հետաքննություններ» են տարածում։ Ընդգծում է՝ փաստերի ստուգման կարևոր մարտահրավերներից մեկն այն է, թե որքանով ստուգված տեղեկատվությունը կկարողանա հակազդել արդեն տարածված կեղծիքին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

